Ամփոփիչ հայտարարություն. համանախագահներն ամբողջացնում են Փաստահավաք առաքելության հավաքած տեղեկատվությունը

15-10-2010
350 դիտում
Ամփոփիչ հայտարարություն. համանախագահներն ամբողջացնում են Փաստահավաք առաքելության հավաքած տեղեկատվությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու օր առաջ ավարտելով Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված Փաստահավաք առաքելությունը` հոկտեմբերի 14-ին Վիենայում հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ:

Միջնորդները նշել են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փորձագետների օգնությամբ ներկայումս ի մի են բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության հավաքած տեղեկատվությունը:

Ըստ համանախագահների հայտարարության, «տվյալ աշխատանքը կատարելուց հետո նրանք ԵԱՀԿ-ի ներքին զեկույց կպատրաստեն, որը կներկայացվի բոլոր կողմերին»:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները իրականացրեցին իրենց ծրագրած Դաշտային գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքներում: Այդ առաքելությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-13-ը` նախապես բոլոր ներգրավված կողմերի հետ քննարկելով դրա իրականացման եղանակները: Առաքելությանը աջակցեցին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ նրա աշխատակազմը` աշխատելով տեղական դե ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների հրավերով նրանց աշխատանքներին օժանդակեցին երեք տեխնիկական փորձագետներ, այդ թվում երկուսը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից», - նշել են համանախագահները:

Ի դեպ, արդեն երկրորդ անգամ համանախագահները իրենց հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի անունը նշում են նաեւ որպես «Խանքենդի»:

«Առաքելությունը ձեռնարկելուց առաջ, համանախագահները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ներկայացնելու առաքելության մանրամասները եւ իրենց թիմը: Նույնպիսի հանդիպում նրանք ունեցան հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ Ստեփանակերտում/Խանքենդիում», - ասված է միջնորդների հայտարարությունում:

Համանախագահները նշել են նաեւ, թե առաքելությունը կարեւոր հնարավորություն ընձեռեց իրենց` տեղում հանդիպելու բազմաթիվ մարդկանց հետ եւ ծանոթանալու այդ տարածքներում ներկայիս ընդհանուր իրավիճակին բոլոր տեսանկյուններից, ներառյալ` հումանիտար կարիքների:

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների աննախադեպ մասնակցությունը առաքելության թիմին թույլ տվեց ավելի լավ հասկանալ տարածաշրջանում բոլոր փախստականների եւ տեղահանվածների իրավունքները` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, եւ պայմանները, որոնցում այժմ գտնվում են այդ տարածքներում բնակվողները», - հայտարարել են համանախագահները:

© Medialab.am