Դատապարտելի է. կոչ է արվում պատժել Երեւանում Հոլոքոստի հուշարձանը պղծողներին

22-10-2010
416 դիտում
Դատապարտելի է. կոչ է արվում պատժել Երեւանում Հոլոքոստի հուշարձանը պղծողներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը մեկնաբանել է Երեւանում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքը:

«Հայաստանում երբեւէ չի եղել եւ չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը»,- նշել է Արզումանյանը:

Նախագահի խոսնակն ասել է, թե «անկախ նրանից դա հոգեկան խանգարման արդյունք է,  թե հանցավոր միտում, այն առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի եւ շահերի դեմ»:

Հոկտեմբերի 19-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում անհայտ չարագործները պղծել են Հոլոքոստի զոհերի հուշարձանը`   թողնեոլով  կարմիր ներկով նկարած ֆաշիստական սվաստիկայի հետքեր, ինչպես նաեւ գրություն` «Մահ ջհուդին»:

Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` կոչ անելով իրավապահներին գտնել եւ պատասխանատվության ենթարկել վանդալիզմ իրականացնող սադրիչներին:

«Խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը: Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած եւ աշխարհի ամենատարբեր երկրներում իբրեւ ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին», - տեղի ունեցածը դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

© Medialab.am