Աստրախանի եռակողմ հանդիպմանն ընդառաջ իշխանությունները խոսում են ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորությունների մասին, մինչդեռ վերլուծաբանների ակնկալիքները մեծ չեն

27-10-2010
313 դիտում
Աստրախանի եռակողմ հանդիպմանն ընդառաջ իշխանությունները խոսում են ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորությունների մասին, մինչդեռ վերլուծաբանների ակնկալիքները մեծ չեն

Չնայած վերլուծաբանները մեծ ակնկալիքներ չունեն հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ հանդիպումից, այդուհանդերձ քաղաքական գործիչները չեն բացառում, որ այդ հանդիպումից հետո ՀՀ-ն կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 26-ին  ԱԺ-ում հայտարարել է, որ եթե «Աստրախանի հանդիպումից հետո նախագահն առաջարկի խորհրդարանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը,  դա տեղի կունենա առանց որեւէ խնդրի»:

Իր հերթին Ղարաբաղի անկախության ճանաչումը օրերս չէր բացառել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հայտարարել էր, թե ԼՂՀ ճանաչումն ինքնին բացառված չէ, սակայն, «քանի դեռ հնարավորություն կա բանակցությունների միջոցով կարգավորել հիմնախնդիրը, ապա ճանաչման հարցի հրատապությունն այսօր դեռ չկա»:

Այս շաբաթ ԱԺ-ում քվեարկության է դրվելու «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» Ժառանգություն խմբակցության ներկայացրած նախագիծը: Ինչպես «Մեդիալաբին» փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ըստ ամենայնի, հարցը կքննարկվի մինչեւ հինգշաբի:

Հովիկ Աբրահամյանը, սակայն, հայտարարել է նաեւ, որ չնայած այդ ամենին, Հայաստանի ղեկավարությունն ու կառավարող կոալիցիան ներկայում դեռեւս աննպատակահարմար են համարում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» կուսակցության օրինագծի ընդունումը, քանի որ հանդես են գալիս խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորելու օգտին:

«Թող որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե խորհրդարանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը, կոալիցիան չեն ցանկանում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը: Ուղղակի մենք փորձում ենք չխոչընդոտել բանակցային գործընթացին, չենք ցանկանում դրանք խանգարող ինչ-որ քայլ անել»,- ասել է ԱԺ նախագահը:

Զուգահեռաբար, Հովիկ Աբրահամյանն նշել է նաեւ, թե այդուհանդերձ, «եթե քաղաքական որոշում կայացվի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, հարցը կմտցվի օրակարգ` անգամ արտահերթ կարգով»:

Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, դա կդառնա Երևանի ամենամեծ սխալը։

«Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա միանշանակ կհամարվի ագրեսիա»,- ասել է Մամեդյարովը։

Այս պահին Ղարաբաղի ճանաչմանը դեմ են արտահայտվել նաեւ քաղաքագետները:

«Հայաստանը ինչ-որ պահի պետք է ճանաչի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, սակայն այդ պահն այսօր չէ»,- հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Բոզոյանն ասել է, եթե «մի պահ գալու  է, երբ  մենք սկսելու ենք Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը ողջ աշխարհով մեկ, քանի որ այն մեզ համար շատ կարեւոր է»:

«Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի դեմ: Կամ էլ այն դեպքում, երբ Հայաստանն այնքան հզորանա, որ ուժեղի դիրքից կարողանա իր կամքը թելադրել Ադրբեջանին»,- ասել է Բոզոյանը:

Քաղաքագետը նաեւ նշել է, թե  որեւէ ակնկալիք չունի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք հերթական` Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից:

© Medialab.am