Գերեվարված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր

06-11-2010
Գերեվարված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության  հատկանիշներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների  տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական  պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով:

«Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում  պարզ է դարձել, որ   դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի»,-տեղեկացնում է դատախազության հաղորդագրությունը:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին  դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Ըստ հաղորդագրության, նախաքննության,  դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտության արդյունքների մասին   տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

© Medialab.am