Պահանջում են կասեցնել գործընթացը. բողոքի ցույց Կապանում` ընդդեմ Սյունիքում մեկնարկած ուրանի ծրագրի

12-11-2010
Պահանջում են կասեցնել գործընթացը. բողոքի ցույց Կապանում` ընդդեմ Սյունիքում մեկնարկած ուրանի ծրագրի

Այսօր` ժամը  17:00-ին, Կապանում նախատեսված է խաղաղ եւ արտոնված հանրահավաք ընդդեմ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում սկսված ուրանի պաշարների որոնման աշխատանքների:

«Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ հաղթահարել վախի և անտարբերության մթնոլորտը և մասնակցել 2010թ. նոյեմբերի 11-ին` ժամը 17:00-ին, Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ և արտոնված հանրահավաքին և ոչ ասել ուրանի ուրվականին»,-նշված է աշխատանքները համակարգող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Ուրանի հնարավոր պաշարները ճշտելու նպատակով դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին, Հայաստանում տարիներ շարունակ հետազոտություններ են կատարվել, սակայն նախկինում  այդպես էլ  արդյունագործական աշխատանքներ չեն սկսել:

Բնապահպանները վստահեցնում են, որ Սյունիքում մոտ երկու տարի առաջ մեկնարկած աշխատանքները կարող են առանց այն էլ բնապահպանական մեծ խնդիրներ ունեցող մարզում աղետալի իրավիճակի հանգեցնել:

«Մենք հաշվի ենք առնում համաշխարհային մասշտաբով էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փոքր չափերը, տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա` անթույլատրելի ենք համարում ուրանի հանքի շահագործումը Հայաստանում»,-նշված է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Կապանում գործող 10 հասարակական կազմակերպությունների միասնական բաց նամակովում:

Կազմակերպությունները ստորագրահավաք են սկսել մարզում մեկնարկած ուրանի որոնողական աշխատանքները կասեցնելու նպատակով:

«Հիմք համարելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները` ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը` մենք պահանջում ենք չեղյալ համարել վերոնշյալ խնդրին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ»,-նշված է բաց նամակում:

© Medialab.am