Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում

21-11-2010
Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում

Քիչ առաջ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված 8-րդ «Մանկական Եվրատեսիլ 2010 » երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթող է ճանաչվել:

14 երկրների քվեարկության արդյունքում, Վլադիմիր Արզումանյանը ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանի ներկացուցիչներից, 120 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Երրորդ տեղում Սերբիան է, չորրորդում` Վրաստանը:

Սա Հայաստանի լավագույն ցուցանիշն է մանկական միջազգային երգի այս մրցույթում:

2003 թվականից անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին մասնակցում են  10-15 տարեկան երեխաներ: Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2007-ին, երբ «Արևիկ» մանկապատանեկան համույթը` «Երազանք» երգով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

2008-ին Մոնիկա Մանուչարովան «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, իսկ անցյալ տարի Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանը` «Բարսելոնա» երգով կրկին 2-րդ հորիզոնականում էր:

Սեպտեմբերի սկզբին կայացած հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչի ժամանակ, Ստեփանակերտից 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ հավաքել էր առավելագույն ձայները` արժանանալով «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանը ներկայացնելու պատվին:

© Medialab.am