ՀԱԿ ներկայացուցիչ. «Աստանայում Հայաստանը «կանաչ լույս» վառեց օկուպացված տարածքներ եզրի համար»

07-12-2010
ՀԱԿ ներկայացուցիչ. «Աստանայում Հայաստանը «կանաչ լույս» վառեց օկուպացված տարածքներ եզրի համար»

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ  գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը հայկական կողմի հերթական նահաջն էր։

Կարապետյանն ասել է, թե այդ հայտարարությամբ Հայաստանը կանաչ լույս վառեց ոչ միայն «օկուպացված տարածքներ» եզրն ընդունելու առումով, այլեւ համաձայնեց այն սկզբունքներին, որոնց մասին ասվում է Աքվիլայի եւ Մուսկոկայի, (Կանադա) հայտարարություններում։

«Աքվիլայի, Մայնդորֆի, Մուսկոկայի եւ Աստրախանի հայտարարություններում կողմերին կոչ է արվում, որպեսզի զերծ մնան ռազմաշունչ հայտարարություններից եւ հակամարտությունը կարգավորեն առանց ուժի կիրառման։ Իսկ ի՞նչ մենք շահեցինք։

Ունենալով միջազգային հանրության աջակցությունը, ինչպես նաեւ հստակ փաստեր, որ հատկապես հունիսից սկսած Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը, շատ հաճախ՝ մահվան ելքով, մենք որեւէ անգամ չկարողացանք հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանին համապատասխան գնահատական տալուն»,- ասել է Կարապետյանը:

Կարապետյանը նաեւ հիշեցրել է, որ արտաքին դաշտում բոլոր հաջողությունները պայմանավորված են ներքին հզորությամբ, եւ որեւէ երկիր չի կարող արտաքին դաշտում ունենալ առաջընթաց, եթե ներսում խնդիրներ ունի:

«Մենք կշարունակենք նահանջներ արձանագրել դրսում, կշարունակենք «պոստ-ֆակտում» ծանոթանալ այնպիսի վտանգավոր փաստաթղթերի, ինչպիսին Կասպյան երկրների հռչակագիրն է, կամ՝ «պոստ-ֆակտում» իմանալ, որ հայկական կողմը համաձայնել է, որ փաստահավաք խումբ այցելի ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Իսկ դրա պատճառը ներքին խնդիրներն են, այն, որ Հայաստանում դեռեւս կան քաղբանտարկյալներ, որ դեռեւս չի հաղթահարված քաղաքական ճգնաժամը, որ արդար ընտրություններ չեն անցկացվել»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչը:

© Medialab.am