Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է գրել ԵՄ եւ ԵԽ պաշտոնյաներին

07-12-2010
Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է գրել ԵՄ եւ ԵԽ պաշտոնյաներին

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրավունքների անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային, որում կարեւորել է դեկտեմբերի 7–ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը:

Նամակներում մասնավորապես, նշվում է, որ հեղինակավոր Եվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերի, ԵՄ նախագահության 2008 թվականի մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010 թվականի մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները:

«Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, Մարտի 1-ի սպանությունների անկողմնակալ եւ վստահելի քննությունը, «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը եւ ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը»,- գրված է նամակներում:

Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից, ներկայացնելով նշված խնդիրների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ` առաջին նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությունը կարող է կարեւոր եւ արդյունավետ գործիք հանդիսանալ այս հարցերում Հայաստանի իշխանությունների որդեգրած վարքագիծը փոխելու համար:

«Անհրաժեշտ են վճռական եւ շարունակական ջանքեր, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդյունք: Դրանք կարող են նաեւ ցրել հայկական հասարակության այնպիսի վնասակար ընկալումները, որ Եվրոպան պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները` ԼՂ բանակցություններում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի իշխանություններից զիջումներ ստանալու փոխարեն»,- նշված է ՀՀ Առաջին նախագահի նամակներում:

© Medialab.am