Ընդդեմ ուրանի հանքի հնարավոր շահագործման ծրագրի. հասարակական շարժման նախաձեռնողները դիմել են վարչապետին

07-12-2010
Ընդդեմ ուրանի հանքի հնարավոր շահագործման ծրագրի. հասարակական շարժման նախաձեռնողները դիմել են վարչապետին

Սյունիքի մարզում գրեթե երկու տարի առաջ մեկնարկած ուրանի հանքի հնարավոր շահագործման դեմ սկսված հասարակական շարժման նախաձեռնողներից` «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը եւ «Ազատամարտ» կոմիտեն նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ:

«Մենք հաշվի ենք առնում համաշխարհային մասշտաբով էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փոքր չափերը, տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա` անթույլատրելի ենք համարում ուրանի հանքի շահագործումը Հայաստանում և այն համարում ենք լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար»,-նշված է նամակում:

Կազմակերպություններն վարչապետին հղած նամակում նշում են, որ գործընթացում կառավարությունը խախտել է մի շարք տեղական եւ միջազգային օրենքներ` արձանագրությունների կեղծման, հասարակական լսումների բացակայության, տեղաբնիկների դիրքորոշման անտեսման տեսքով, որը հանրության շրջանում տագնապ և հիասթափություն է առաջացրել:

Հիշեցնենք, որ ծրագրի դեմ  համախմբված Սյունիքի առնվազն տեղական 10 ՀԿ-ներ համատեղ նամակ էին հղել նաեւ ՀՀ նախագահին` պահանջելով չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ կասեցնել գործընթացը:

«Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը` մենք պահանջում ենք չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ»,-նշված է վարչապետին ուղղած նամակում:

Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը դեմ սկսված ստերագրահավաքին, ըստ կազմակերպիչների, արդեն իսկ  13.850 քաղաքացի է միացել:

© Medialab.am