«Կոնվերսբանկ» ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել

09-12-2010
«Կոնվերսբանկ» ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել

Վերջին օրերին հնչեղություն ստացած «Կոնվերսբանկ»  ՓԲԸ –ի չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ ոստիկանության, նոյեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել,  թե «Կոնվերսբանկ»  ՓԲԸ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ բանկի «Արմավիր» և «Մեծամոր»  մասնաճյուղերում  չարաշահումներ  են հայտնաբերվել: Ժամեր անց մասնաճյուղերի երկու ոսկերիչ-գնահատողներ բերման ենթարկվեցին ոստիկանություն:

«Պարզվեց, որ  «Մեծամոր»  մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արմեն Գալստյանը  կատարել է 9 միլիոն դրամի չարաշահում: Նա գործել էր հետևյալ մեխանիզմով. բանկում գրավ էր դրել համապատասխան ոսկեղեն եւ դրա դիմաց տարբեր անձանց անուններով գումարներ վերցրել: Հետո պահանջել էր վերադարձնել ոսկեղենն ու տեղը սովորական մետաղ էր դրել»,-նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ նույն սցենարով էր գործել նաեւ  «Արմավիր» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Արման Գրիգորյանը: Այս դեպքում յուրացվել էր 15 միլիոն դրամ:

«Եթե չլիներ բանկի անվտանգության աշխատակիցների զգոնությունը,  «վարկավորման» այս գործընթացը հավանաբար կշարունակվեր,-տեղեկացնում է ոստիկանությունը` նշելով, որ ոսկերիչ-գնահատողները  ձերբակալված են:-Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

© Medialab.am