ԼՂՀ-ի ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալվել է. Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է դահլիճը

10-12-2010
ԼՂՀ-ի ճանաչման մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալվել է. Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է դահլիճը
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնության կողմից տապալվել է «Ժառանգություն» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության,  քառօրյայի հերթական օրվա առաջին նիստի բացման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, թե երբ է կազմակերպվելու օրինագծի քվեարկությունն առաջին ընթերցման ռեժիմով:

«Վաղը Արցախի անկախության հանրաքվեի 19-ամյակն է, եւ դրան ընդառաջ մեր ճշմարտության պահն է: Մեծամասնության խնդրանքով մենք հետաձգել էինք այդ քվեարկությունը մինչեւ այսօր` դեկտեմբերի 9-ը, որպեսզի մենք` վաստակելով, նվաճելով այդ ազգային միասնությունը, այս քվեատախտակը լիացնենք կանաչ գույնով` «կողմ» քվեարկությամբ: Պարոն նախագահ, ե՞րբ եք նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քվեարկությունը»,-մասնավորապես ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Աբրահամյանը հայտարարել է, թե քվեարկությունը կկազմակերպվի 2011թ. պետական բյուջեի քվեարկությունից հետո:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ վարման կարգով ձայն խնդրելով` հայտարարել է, թե  քաղաքական կոալիցիայի տեսակետը, որը ներկայացվել էր հոկտեմբերի 28-ին, չի փոխվել, այլ ավելի է ամրապնդվել.

«Ուստի կոալիցիոն ուժերի անունից հայտարարում եմ, որ մենք քվեարկությանը չենք մասնակցելու»,- ասել է Գալուստ Սահակյանը:

«Ժառանգությունը» մնում է իր տեսակետին եւ հայտարարեց. «Սա համազգային հարց է, սերունդների համար քվեարկություն է, առանձին-առանձին պատգամավորների եւ մեր հավաքական ապագայի գրավականն է այսօր: Հայցում ենք Ձեր զորակցությունը, որ միաձայն անցնի այս համապետական նշանակության օրինագիծը», -ի պատասխան ասել է Րաֆիի Հովհաննիսյանը:

Հայտարարություններից հետո ԱԺ նախագահի կողմից քվեարկության դրված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի քվեարկությանը մասնակցել է ընդամենը 13 պատգամավոր:

Ըստ կուսակցության տրամադրած հաղորդագրության, օրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության ողջ կազմը,  Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավորներից Արտյուշա Շահբազյանը, Ռուզաննա Առաքելյանը, Հրայր Կարապետյանը, Բագրատ Սարգսյանը, Արծվիկ  Մինասյանը, Արա Նռանյանը եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:

«Փաստացի, խորհրդարանական մեծամասնությունը տապալեց օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց նիստերի դահլիճը»,-նշված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ  :

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԺ ամբիոնից խորհրդարանական մեծամասնության պահվածքն անընդունելի ու մերժելի է գնահատել:

«Քվեարկությանը չմասնակցելով ու այն տապալելով, դուք ի ցույց դրեցիք, որ հայոց խորհրդարանում երբեւէ չի քննարկվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը եւ չի ճանաչվելու այն,- հայտարարեց Սաֆարյանը: -Այդ հարցը քննարկվելու է ամենուրեք` Լաքվիլայում ու Մուսկոկայում, այն էլ առանց մեզ, Աստանայում` այն էլ ԼՂՀ-ի շահերին դեմ ձեւով, բայց ոչ այստեղ ու այս դահլիճում»:

© Medialab.am