Մրցույթ ԵԽԽՎ ԽԱՆՎԿՊԿ հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի համար

26-07-2011
162 դիտում
Մրցույթ ԵԽԽՎ ԽԱՆՎԿՊԿ հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«Վավերացնելով «Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ»,- գրված է ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, համաձայն կոնվենցիայով հաստատված ընթացակարգերի`  ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի Հայաստանը ներկայացնող հանձնաժողովի անդամը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ունենան բարձրագույն կրթություն` ցանկալի է իրավաբանի, բժշկի կամ հոգեբանի մասնագիտությամբ: Նախընտրելի են բանտային համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ: Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին` անգլերենին կամ ֆրանսերենին:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 5-ը:

© Medialab.am