Դժվար կյանք. պատգամավորներն իրենց աշխատավարձերի չափը կրկնապատկելու օրինագիծ են ներկայացրել, քանի որ «խորհրդարանականները այդ հավելյալ գումարների կարիքն ունեն»

02-10-2010
399 դիտում
Դժվար կյանք. պատգամավորներն իրենց աշխատավարձերի չափը կրկնապատկելու օրինագիծ են ներկայացրել, քանի որ «խորհրդարանականները այդ հավելյալ գումարների կարիքն ունեն»

ԱԺ պատգամավորները ցանկանում են իրենց աշխատավարձի կրկնապատիկը ստանալ: Պատգամավորների մի խումբ` մեծ մասամբ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները, օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկել է երկու անգամ բարձրացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավարների աշխատավարձերը:

Օրինագծի տակ ստորագրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Սաֆարյանը և Վարդան Բոստանջյանը, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Ռաֆիկ Պետրոսյանը և Շիրակ Թորոսյանը, ինչպես նաև` ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը չի միացել նախաձեռնությանը:

ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անընդունելի է համարում այս նախաձեռնությունը: Նա ասում է, որ երկրում անապահովների թիվը հասնում է 1 մլն-ի, իսկ կենսաթոշակներն էլ կազմում են ընդամենը 15 հազար դրամ:

«Այս ամենի ֆոնին եթե նրանք գնում են այդ քայլին, ապա դա խոսում է այն մասին, որ նրանք ժողովրդի կողմից ընտրված չեն»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

Ներկայումս պատգամավորի աշխատավարձը` առանց պահումների, կազմում է 300 հազար դրամ, պահումներով` 243 հազար դրամ: Շարքային պատգամավորներից մի փոքր ավելի բարձր աշխատավարձ են ստանում ԱԺ նախագահը, փոխնախագահները:

Մոտ երկու տարի առաջ Ազգային ժողով էր ներկայացվել նման մի օրինագիծ, որը, սակայն, չի ընդունվել: Պատգամավորները որոշել են կրկին փորձել: Եվ եթե այդ օրինագիծն ընդունվի, ապա պատգամավորի աշխատավարձը գրեթե համարժեք կլինի նախագահի աշխատավարձին:

Նախագահի աշխատավարձը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 600 հազար դրամ:

Օրինագծի տակ ստորագրած պատգամավորներն իրենց նախաձեռնությունը բացատրում են նրանով, որ խորհրդարանականներն այդ հավելյալ գումարների կարիքն ունեն:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը «Մեդիալաբին» ասում է, թե «պատգամավորների աշխատավարձերը սահմանվել են դեռ 2003-ին, և այս ընթացքում հաշվի չի առնվել այս տարիների ընթացքում եղած գնաճի չափը, հատկապես որ այլ ոլորտներոմ եղել են աշխատավարձերի բարձրացումներ, իսկ պատգամավորների աշխատավարձերը մնացել են նույնը»:

«Սա նաև իրավիճակը գնահատելու խնդիր է լուծում և պետք է դիտարկել նաև ընդհանուր բարեփոխումների շրջանակում: Այս քայլին պետք է հաջորդի քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումը, նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացումը»,- ասում է Մինասյանը:

Նրա խոսքով` սա ընդամենը «մեծ շղթայի մի օղակն է, որը երկու տարի է` իշխանությունները մերժում են` առանց հիմնավորման, կամ էլ հղում անելով տնտեսական ճգնաժամին»:

Դաշնակցական պատգամավորն ասում է նաև, թե պետությունը այս քայլին գնալու համար անհրաժեշտ ռեսուրսներ ունի:

«Սա ոչ միայն բարոյական քայլ է, այլև դրան հակադրվողների գործողություններն են անբարոյական: Եթե մենք խոսում ենք բարեխիղճ պատգամավորի մասին, ով պետք է առանց լրացուցիչ եկամուտների իրականացնի իր գործառույթները, ապա պետք է խրախուսել այդ տեսակը: Հակառակ դեպքում խրախուսում են բիզնեսմեն պատգամավորների գոյությունը ԱԺ-ում»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Նախաձեռնության մեկ այլ հեղինակ` ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը ևս պնդում է, թե չնայած ԱԺ պատգամավորների մի մասն աշխատավարձի կարիք ընդհանրապես չունի, սակայն պատգամավորների մի մեծ խումբ ունի այդ աշխատավարձի կարիքը:

«Պատգամավորները պետք է կարողանան շփվել մարդկանց հետ, գնալ մարզեր, պետք է կարողանան ներկայացուցչական ծախսեր կատարել: Ուստի պատգամավորի աշխատավարձը պետք է բավարարի այն բանին, որ նա կարողանա օրենսդիր աշխատանքով զբաղվել»,- «Մեդիալաբին» ասում է Շիրակ Թորոսյանը:

Հանրապետական պատգամավորի խոսքով` այս հարցը չպետք է դիտարկել երկրում առկա սոցիալական խնդիրների համատեքստում: «Ի վերջո, պատգամավորն էլ աշխատող է և կարիքներ ունի, և պետք է այդ կարիքները բավարարված լինեն, որպեսզի նա կարողանա ավելի լուրջ և պատասխանատվությամբ աշխատել»,- ասում է Շիրակ Թորոսյանը` հավելելով, թե «պետք է հաշվի առնել, որ թոշակ ստացողների թիվը Հայաստանում հարյուր հազարներով է, իսկ պատգամավորներն ընդամենը 131-ն են»:

Իսկ ահա ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը սխալ է համարում երկրում տիրող սոցիալական բևեռացման պայմաններում աշխատավարձերի բարձրացումը սկսել պատգամավորներից:

Վիկտոր Դալլաքյանի կարծիքով` աշխատավարձերի բարձրացումը պետք է սկսել ՀՀ շարքային քաղաքացիներից, ապա նոր անցնել պաշտոնյաներին:

«Նախորդ անգամ, երբ այդ օրինագիծը բերվեց ԱԺ, ես դեմ քվեարկեցի: Հետո երբ տուն գնացի, տանն ինձ կատակով ասացին, թե ճիշտ չեմ արել, որ դեմ եմ քվեարկել: Բայց եթե այս անգամ էլ օրինագիծը մտնի ԱԺ օրակարգ և քվեարկության դրվի, ես կրկին դեմ կքվեարկեմ»,- «Մեդիալաբին» ասում է Վիկտոր Դալլաքյանը:

ԱԺ պատգամավորն ասում է, որ դրա համար ինքը մեկ պատճառ ունի` սխալ է խոսել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից, եթե երկրում 500 հազարից ավելի թոշակառուներ կան:

Նախաձեռնության տակ չստորագրած միակ խմբակցության` «Ժառանգության» ներկայացուցիչ, պատգամավոր Անահիտ Բախշյանը նշում է, որ իրենք արդեն իսկ իրենց վերաբերմունքն արտահայտել են` նախաձեռնության տակ իրենց ստորագրությունը չդնելով:

«Ընդհանրապես աշխատավարձերի քաղաքականությունը մեր երկրում անտրամաբանական է: Սկսած նախագահի աշխատավարձից, վերջացրած թոշակառուների թոշակով,- «Մեդիալաբին» ասում է Բախշյանը: - Չկա հստակ հիմնավորում, թե ինչո´ւ այսքան և ոչ այնքան: Ասենք, չի հիմնավորվում, թե ինչո´ւ պետք է դատավորը կամ դատախազը ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան` նախագահը, ու մեզ համար անընդունելի է նման նախաձեռնությունը»:

Վահագն Խաչատրյանը նշում է, որ տնտեսական առումով նախաձեռնությունը ոչ միայն անընդունելի է, այլև անտրամաբանական:

«Եթե բյուջեն դեֆիցիտ ունի, որը լրացվում է օտարերկրյա վարկերով, ապա նման նախաձեռնությանը որևէ տնտեսական հիմնավորում չի կարող լինել,- «Մեդիալաբին» ասում է Խաչատրյանը: - Ինչ-որ չափով այդ քայլն ընկալելի կլիներ, եթե փորձեին բարձրացնել միջին չինովնիկական խավի աշխատավարձերը: Միջին օղակի պաշտոնյաների միջին աշխատավարձը 105 հազար դրամ է, բարձր օղակի աշխատողներինը` 300 հազար դրամ: Իսկ այս քայլը միայն կավելացնի բյուջեի դեֆիցիտը»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am