Նախընտրական նամազ. հայկական եկեղեցում թուրք ազգայնականները ձայներ են հավաքում, մինչ վերլուծաբանները այդ միտումներում վտանգ են տեսնում Թուրքիայի հայ համայնքի համար

09-10-2010
339 դիտում
Նախընտրական նամազ. հայկական եկեղեցում թուրք ազգայնականները ձայներ են հավաքում, մինչ վերլուծաբանները այդ միտումներում վտանգ են տեսնում Թուրքիայի հայ համայնքի համար

Անիի Մայր տաճարում թուրք ազգայնականների կազմակերպած «աղմկահարույց» նամազը եւ դրան հետեւած թուրք պատգամավորների հայ-թուրքական սահմանին պատ կազմելը, ըստ վերլուծաբանների ազգայնականների`2011-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մի մասն է:

«Այս ակցիան հիմնականում ազգայնական ձայները շատացնելուն է ուղված»,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Սույն քայլը քաղաքական սադրանք է և որևէ առնչություն չունի հոգևոր-բարեպաշտական զգացումների և կրոնական ազատության ու իրավունքների հետ»,- Անի մայր տաճարում տեղի ունեցածին արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Հոկտեմբերի 1-ին թուրքական «Hürriyet Daily News» պարբերականը հաղորդեց, որ թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և իր «հարյուրավոր հետևորդներ ուրբաթ օրը մեծ աղմուկով ներխուժեցին Անիի հայկական եկեցեղի և մահմեդական նամազ անցկացրեցին»:

«Բահչելին մտավ Անի` թուրքական դրոշը բռնած և «Ալլահ աքբար» (Աստված մեծ է) ասող իրեն աջակցող խմբի ուղեկցությամբ»,-գրում է թուրքական պարբերականը:

Ազգայնականների առաջնորդն իր ելույթում բազմիցս շեշտել է, որ Անատոլիան թուրքական հող է:

«Այստեղ մեր բախտն իմացանք և հայրենիք կառուցեցինք,-ասել է նա,- Արյուն թափեցինք, կյանք տվեցինք, որբ մնացինք, կտրիճ դարձանք»:

«Ազգայնական Շարժում» կուսակցության պաշտոնական կայքը  տեղեկացնում է, որ իր խոսքում Դևլեթ Բահչելին մասնավորապես ասել է. «Սուլթան Ալփարսլանն Անին գրավելով եկեղեցին մզկիթ դարձրեց և ուրբաթ օրվա աղոթք արեց և Ալլահին փառք տվեց»:

«Հայկական տաճարում նամազ անելով՝ թուրքերը ցանկանում են վիրավորել մեր զգացմունքները, սակայն մենք հատուկ ընդվզելու և նեղվելու հիմքեր չունենք։ Սուրբ Սոֆիայի տաճարն է դարձել մզկիթ և քրիստոնեական աշխարհը սովոր է իր եկեղեցիները տեսնել որպես մզկիթներ, այնպես որ հատուկ ընդվզում չի լինի: Ես անձնապես ուրախ եմ, որ մի շենքում, որն օգտագործվում էր իբրև զուգարան, հիմա ուզում են նամազ անել»,-ասում է հուշարձանագետ ՍամվելԿարապետյանը։

Կատարվածի առընչությամբ հայտարարություն է տարածել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:  «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում»,-մասնավորապես ասվում է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ:

Անիի Մայր Տաճարում նամազից հետո «Ազգայնական Շարժում» կուսակցությունը հերթական հակահայկական ակցիա է անցկացրել:

Դևլեթ Բահչելին ելույթ է ունեցել հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետի մոտ:

Նա դատապարտել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Այնուհետև, նշելով, որ թուրք ազգը «թույլ չի, որ քայլեր կատարվեն ի վնաս ադրբեջանցի եղբայրների», Բահչելին ու իր կուսակցական պատգամավոր ընկերները կողք-կողքի շարվել են սահմանի վրա և պատ կազմել:

Այսպիսով «Ազգայնական շարժումը» ցուցադրել է իր վերաբերմունքը Հայաստանի հետ սահմանի բացման ծրագրին:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը ասում է, որ «Ազգայնական Շարժում» կուսկացության իրար հետևող շոուների հիմնական հասցեատերը թուրք հասարակությունն է: Պատճառը հաջորդ տարի Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններն են, որոնց ազգայնականները պատրաստվում են մասնակցել:

«Ազգայնականները սրանով փոքր հաղթանակ տարան, որով ավելի ազգայնական ուժը ինքնահաստատվեց: Այս առումով հասցեատերը թուրք ժողովուրդն է, հասցեատերը հիմնականւոմ Թուրքիայի արևելքի թուրքերն են և ադրբեջանցիները»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետը:

Արտակ Շաքարյանի կարծիքով թուրքերը գիտակցում են , որ իրենք այդ հողերի տերը չեն և սրանով մեկ անգամ ևս ուզում են հիշեցնել հայերին, որ այսօր հողերի տերն իրենք են: Բայց, ըստ թուրքագետի, նրանք ավելի շատ «իրենք իրենց են դա հիշեցնում»:

«Թուրք ազգայնականները պարզապես Անին և հայերին օգտագործել են իրենց քաղաքական պայքարի մեջ»,-ասում է Արտակ Շաքարյանը:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ վերլուծաբան  Ռուբեն Սաֆրաստյանը նույնպես կիսում է այս կարծիքը:

«Ըստ էության, սկսելով նախընտրական պայքարը, այդ քայլով, թուրք ծայրահեղականների, պանթյուրքիզմի, Գորշ Գայլերի կուսակցության ղեկավարը` Դևլեթ Բահչելին, դրոշմ է դնում ողջ նախընտրական պայքարի վրա Թուրքիայում»,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետը:

Ըստ նրա, եթե իրադարձությունները նման կերպ շարունակեն զարգանալ,  Թուրքիայի հայ համայնքը կարող է վտանգի տակ հայտնվել:

«Ես լուրջ մտավախություններ ունեմ, որ նախընտրական պայքարը Թուրքիայում կարող է իր թիրախներից մեկը դարձնել ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում և հայերի խնդիրը,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Սաֆրաստյանը: -Եվ ի վերջո դա կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր հայրենակիցների վրա, որոնք հիմա բնակվում են Թուրքիայում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Թուրքիայում քաղաքական իրադրությունը սրվում է, դրանից առաջինը տուժում են հայերը»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am