Եսայանը վերջապես կպատմի՞ իրականությունը. Դատարանում ցուցմունք կտա սնանկացված ընկերության տնօրենը

24-04-2013
280 դիտում
Եսայանը վերջապես կպատմի՞ իրականությունը. Դատարանում ցուցմունք կտա սնանկացված ընկերության տնօրենը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ընկերությանը պատկանած Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանիգործով դատաքննությունը:

Ապրիլի 22-ի դատական նիստում դատարանը անցավ գործով փաստաթղթերի ուսումնասիրմանն ու ապացույցների հետազոտմանը: Դատարանում հրապարակված ապացույցներից սակայն պարզ դարձավ, որ տուժած գնորդի գործով նախաքննությունը թերի է կատարվել: Բանն այն է, որ դատավորը ապացույցների թվում դատարանում հրապարակեց 2005 թվականի սեպտեմբերի 9-ին և 16-ին կնքված կապալի պայմանագրեր, որոնք, օրինակ, հետագայում` դատարանի 2006 թվականի վճռով 2007թվականից դադարել են գործել: Մասնավորապես երեկվա դատական նիստում դատավորը առանձին կարդաց այն պայմանագիրը, որով Վլադիսլավ Մանգասարյանին իրավունք է տրվել Մաշտոցի 33/1 շենքի 6-րդ հարկի և դրանից բարձր գտնվող բնակարանները վաճառելու համար: Մինչդեռ այս պայամանագրերն այսօր իրավական ուժ չունեն, քանի որ դատարանի վճռով դրանք 2007 թվականի մայիսի 30-ից դադարել են գործել:

Այս գործով դատական հաջորդ` մայիսի 10-ի նիստում ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանը: Դատավոր Արշակ Վարդանյանը գործում առկա ապացույցների ու փաստական տվյալների թվում երեկ հրապարակեց նաև Էդուարդ Եսայանի կողմից Լուսինե Գյուլխասյանին տրված այն ստացականը, համաձայն որի` Եսայանը, նշելով Գյուլխասյանից ստացած գումարի չափը, պարտավորվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքել նրա հետ: Թե ինչու է հետագայում Եսայանը այդ պայմանագիրը կնքել այլ անձի հետ, կարծում ենք իր ցուցմունքում արդեն կներկայացնի հենց ինքը` Էդուարդ Եսայանը:

Եսայանի պաշտպանի միջնորդությամբ դատարան հարցաքննության կհրավիրվի նաև Ռուբեն Մանգասարյանի հետ բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած Արթուր Գալստյանը:

Հիշեցնենք, որ այս գործով դատախազ Արման Հակոբյանը անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի վաճառքին, քննիչին ուղղված իր ցուցման մեջ արձանագրել էր Ռուբեն Մանգասարյանի անարժանահավատ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է և չստանալով գումարը, 2010թ, սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց բնակարանն անվանափոխել է պարտատեր Արթուր Գալստյանի անվամբ: Այնինչ դեռևս 12.06.2007թ.-ին Էդմոնդ Խուդյանի, Ռուբեն Մանգասարյանի, Վլադիսլավ Մանգասարյանի և Էդուարդ Եսայանի միջև կնքվել է մի փոխադարձ ակտ` կապալառու Վլադիսլավ Մանգասարյանի և «Վ.Է.Ռ.Մ.» ընկերության տնօրեն Ռուբեն Մանգասարյանի կողմից փաստացի կատարած աշխատանքների արժեքը վճարելու և անավարտ աշխատանքները պատվիրատու Էդմոնդ Խուդյանին հանձնելու մասին: Ըստ այդմ` ակտը կողմերի կողմից ստորագրելու պահից ներկայացված հաշվարկները վերջնական են և փոփոխության ենթակա չեն: Եվ ակտը ստորագրելուց հետո կողմերը միմիայնց որևէ պահանջ ներկայացնել չեն կարող:

Ըստ սփյուռքահայ գործարարի փաստաբանների, այսպիսով, հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով, Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ է գցել» նախաքննության մարմնին և դրանով փորձել է պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը:

Սակայն այս մի հնարածին պարտքով չի սահմանափակվել Ռուբեն Մանգասարյանը: Նա խարդախության քողարկման նպատակով մեկ այլ կեղծ պարտքի ու պարտատիրոջ մասին էլ է հայտնում, որին իբր, պարտքի դիմաց հանձնել է բնակարանը: Խոսքը Արթուր Գալստյանի մասին է: Վերջինս ցուցմունք է տված եղել այն մասին, որ Ռուբեն Մանգասարյանի և իր միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` իր ղեկավար Սևակ Արզարունու միջև: Հետագայում էլ Արթուր Գալստյանին հրահանգել են այդ բնակարանը անհատույց հանձնել է Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանի անվամբ:

Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Արթուր Գալստյանի և Ռուբեն Մանգասարյանի միջև որևէ գումարային հարաբերություն չի եղել, այնինչ, ըստ գործի նյութերի, Ռուբեն Մանգասարյանը ցուցմունք է տվել, թե իբր բնակարանը Արթուր Գալստյանին է հանձնել վերջինիս հանդեպ ունեցած 70.000 ԱՄՆ դոլար իր պարտքի դիմաց, ինչն իրականությանը չի համապատասխանում: Եվ այդ սուտ հաստատված համարելու կապակցությամբ քրեական գործով տեղ են գտել մի շարք սուտ ցուցմունքներ բնակարանի իբրև թե երրորդ ձեռքբերող Գայանե Ստեփանյանի,իբր նրա ներկայացուցիչ Արմեն Գալստյանի, ինչպես նաև Ռուբեն Մանգասարյանի կողմից:

Եսայանի պաշտպանը Արթուր Գալստյանին հարցաքննության կանչելու միջնորդությունը հիմնավորեց այն հանագամանքով, որ հիմնավոր կասկածներ ունի, որ այդ պայմանագրերը ձևական են` կեղծ: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Արթուր Գալստյանը կհարցաքննվի Եսայանի ցուցմունքից հետո:

Նշենք, որ դատարանի տեղեկացմամբ` մայիսի 7-ին նշանակվել է Ռուբեն Մանգասարյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննությունը, ինչի վերաբերյալ պաշտպանական կողմը միջնորդել էր` հասկանալու համար, թե արդյոք այս պահի դրությամբ և անգամ նախաքննության պահին Ռուբեն Մանգասարյանը ունակ է եղել ճիշտ հասկանալ և վերարտադրել իր մտքերը, արդյոք, գտնվելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, նա կարող է արդյոք ցուցմունքներ տալ դատարանում:

Հետաքրքիր է, որ Գյուլխասյանի գործով դատաքննություններին սկսել է իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերել նախորդ նիստում հարցաքննված ընկերության փայատեր,պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանը: Հիշեցնենք, որ բնակարան ձեռք բերելու համար Գյուլխասյանի վճարած գումարի մի մասը, ընկերության հաշվեհամարին մուտքագրվել էր, որպես Ղալումյանի կողմից ընկերությանը տրված փոխառություն: Սակայն ապրիլի 11-ի դատական նիստում Ղալումյանը, ինչպես և կարելի էր ենթադրել, լիովին հերքեց ընկերության գործերին իր մասնակից լինելը, այդ թվում` Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի հետ որևէ առնչություն ունենալը: Իսկ թե ինչու է հիմա Ղալումյանը իր ներկայացուցչի հետ սկսել ներկա գտնվել այս դատաքննությանը` պարզ չէ: Նշենք միայն, որ Ղալումյանի ներկայացուցիչ` ինչպես հետագայում պարզվեց մարքեթինգի փորձագետ Մանաս Եփրեմյանը եթե նախորդ նիստից հետո փորձում էր ինչ-որ հարցերում ուղղություն տալ տուժող Լուսինե Գյուլխասյանին, ապա երեկվա նիստի ավարտին նա փորձում էր նույնն անել Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանի հետ:

Հիշեցնենք, որ այս գործով նշանակված փորձաքննությամբ արձանագրվել է, որ 07.12.2007թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37մլն 200հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ