«Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ». Արթուր Սաքունց

25-04-2013
1413 դիտում
«Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ». Արթուր Սաքունց

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ, որ բիզնեսի հետ փոխկապակցված մյուս պաշտոնյաների հարցն էլ քննության առարկա դառնա, «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ եթե անգամ արդյունքը բավարար չլինի, այնուամենայնիվ պետք է ցույց տալ, որ պետք է նման քայլեր ձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ 10-օրյաժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

«Չի եղել դեպք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված նման հարց լսվի ու արդյունք ունենա: Բայց գոյություն ունեցող մեխանիզմները պետք է օգտագործել: Միայն կիրառման ժամանակ հայտնի կլինի` այդ մեխանիզմը արդյունավե՞տ է արդյոք, թե՞ ոչ, ձևակա՞ն է, թե՞ ինչ-որ բովանդակային նշանակություն կարող է ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով` ինքնին կարևոր իրադարձություն է ՊԵԿ-ի նախագահի հարցը բարձրաստիճան պաշտոնատարանձանց էթիկայի հանձնաժողովում քննարկելը: Իրավապաշտպանն ասում է, որ հասարակական կարծիքի խնդիր կա Հայաստանում, հասարակությունը պետք է գիտակցի, որ ոչ մի պաշտոնատար անձ անձեռնմխելի չէ, ընդհակառակը հաշվետու է իր գործողությունների, իր վարքագծի համար:

Սաքունցն ասում է, որ անթույլատրելի է, որ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա, ինչպիսին Գագիկ Խաչատրյանն է, փոխկապակցված է բիզնեսին:

«Դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, որովհետև մեզանում սովորաբար այնպես է լինում, որ ծաղկող բիզնես ունենում են պաշտոնատար անձինք, կամ այդ բիզնես ունեցողը վայելում է իշխանության անմիջական հովանավորությունը: Այսինքն` ստացվում է, որ իշխանության հովանավորությունից դուրս գտնվող անձինք չեն կարող նման խոշոր բիզնես ունենալ: Մասնավորապես, վառ օրինակ է Խաչատուր Սուքիասյանի փաստը, որ երբ նա իշխանության հովանավորությունից զրկվեց, կորցրեց նաև իր բիզնեսի մեծ չափաբաժինը»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Ըստ նրա` Հայաստանում ամբողջ խնդիրն այն է, որ կոռուպցիան հրապարակային է ու թափանցիկ: Պարզապես կոռուպցիան այնքան ցինիկ բնույթ ունի, որ երբ ԱԺ պատգամավորներից ոմանք պաշտոնապես միլիոնատերեր են, իսկ ևս 60 պատգամավորի կարողությունը, ըստ մոնիթորինգի տվյալների, 98 մլն դոլար է կազմում, դա փաստում է, որ իրոք բիզնես-քաղաքականություն սերտաճման մասին է խոսքը:

Սաքունցի կարծիքով` ոչ մեկը քննարկման հարց չի դարձնում, թե ո´նց եղավ, որ հենց պատգամավորները կամ գործող իշխանության մեջ գտնվողներն են կարողանում այդքան կարողություն դիզել:

«Այսինքն` այստեղ պաշտոնեական դիրքի օգտագործումն ակնհայտ է, բայց այդ ակնհայտությունը, ցավոք, ընկալման տեսակետից դառնում է օրինաչափություն, և նույնիսկ իրավապահ մարմինները փորձ չեն անում դա քննության առարկա դարձնել»,- ընդգծեց Սաքունցը` հավելելով, որ բիզնեսի հետ փոխկապակցված անձինք այսօր իրավական անձեռնմխելիության կարգավիճակ են ձեռք բերել:

Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ.հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Հոդվածներն անդրադառնում են ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:

Բացի այդ, ըստ օրաթերթի վերոնշյալ հրապարակումների` ՊԵԿ-ի նախագահի անվան հետ են կապվում նաև այլընկերություններ, ինչպես, օրինակ` «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքիներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարքեթը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչըՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ արդյոք առկա՞ է շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս արդյոք չե՞ն օգտագործվել պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

© Medialab.am