«Ես ավագանու ցուցակում եմ հայտնվել, որպեսզի այդ ջայլմային քաղաքականությունը չվարեմ». Արթուր Իսպիրյան

03-05-2013
600 դիտում
«Ես ավագանու ցուցակում եմ հայտնվել, որպեսզի այդ ջայլմային քաղաքականությունը չվարեմ». Արթուր Իսպիրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Բարև Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված, երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը:

-Պարոն Իսպիրյան, որպես ավագանու անդամի թեկնածու, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր Երևանում:

-Երևանում կուտակվել են այնքան պրոբլեմներ, որ այս տարիների ընթացքում կարծրացել են, և ոչ ոք չի կարողանում քանդել: Մեզ ցույց են տալիս գեղեցիկ Երևան, ծաղիկներ են տնկում, դա լավ է, բայց այսօր գերխնդիրներ ունի Երևանը: Մեր մայրաքաղաքը տրանսպորտային խնդիրներ ունի, բնապահպանական խնդիրներ ունի: Բարձրացեք ու Հաղթանակի այգուց նայեք, տեսեք քանի տեղից են ծուխեր դուրս գալիս: Աղտոտում են մեր քաղաքը՝ առանց մտածելու, որ այս քաղաքը գտնվում է ցածրադիր գոտում, և օդափոխություն չի լինում: Օդափոխություն պետք է անեն կանաչ տարածքնեը, բայց Դալմայի այգիները փոխանակ վերածվեր այգու, հակառակն է տեղի ունենում: Այսօր մենք չունենք այգիներ, ես չգիտեմ՝ երեխաներիս ուր տանեմ զբոսնելու: Մի քանի այգիներ են մնացել, որոնք լավ է գոնե ունեն սեփականատերեր, քանի որ գոնե այդպես պահպանվում են: Բարձիթողի վիճակում է Բուսաբանական այգին, այնինչ դա կարելի էր հրաշալի վայր դարձնել: Այսօր մոդա է դարձել շենքերի բակերում բարձրահարկ շենքեր կառուցելը: Իսկ Երևանի Կենտրոնից դուրս այնպիսի անթույլատրելի բաներ են կատարվում, որ այդ խնդիրները պետք է անպայման վերացվեն: Ես ծնվել եւ ապրել եմ Փակ շուկայի հարևանությամբ գտնվող թաղամասում, իմ  դպրոցի ճանապարհը եղել է Փակ շուկայի միջով: Ինձ գրավում էր շուկայում առկա Հայաստանի հոտը: Որ մտնում էիր Փակ շուկա, ամբողջ Հայաստանի հոտը գալիս էր, ամբողջ Հայաստանի ձայնն էր գալիս, բարնառն էր լսվում: Այսօր ես ցավ եմ ապրում, որ ինչ-որ մեկի կամայականության կամ բիզնեսի համար այդ ամենը քանդվեց ու վերածվում է չարչիանոցի:

-Այսինքը՝ այսօր իշխանությունները փորձում են իրենց բիզնեսային ճաշակը թելադրե՞լ երևանցուն:

-Իշխանությունների ճաշակը թող իրենց մնա, թող իրենց ճաշակը թելադրեն իրենց տներում, սեփական բակերում: Իշխանավորները տներ տեսնում ենք, թե ինչքան անճաշակ  են, ինչքան քաղքենի ու չտես ձևով է այդ ամենը արվում: Ես չէի ուզի, որ այդ ամենն ազդեր Երևանի վրա: Չէի ուզենա, որ ինչ-որ մարդիկ որոշեին, թե որտեղ ինչ շենք պետք է կառուցել: Նրանք պետք է հանրության հետ հաշվի նստեն: Երևանի գլխավոր ճարտարապետը իմ կարծիքով՝ շատ սխալ աշխատանք է տանում: Այինիչ, Երևանը կարող էր հրաշալի քաղաք դառնալ, հրաշալի ճարտարապետություն ունենալ: Մի ազգ, աշխարհին տվել է ճանաչված քանդակներ, բայց այսօր Հյուսիսային պողոտայով անցնում ես, ոչ մի գեղագիտական հաճույք չես ստանում: Տիպային շենքեր են կառուցված, ինչը տգեղ է, չես էլ ուզում այնտեղով անցնել: Այնպիսի կոպիտ ու անուղղելի ճարտարապետական սխալներ են այսօր կատարվում մեր քաղաքում, որ ես չեմ պատկերացնում՝ որևէ մեկը որ ուզենա ուղղել, ոնց պետք է ուղղի:

-Պարոն Իսպիրյան, այսօր արվեստագետները չեն միավորվում՝ փրկելու Երևանի մշակութային ժառանգություններից մեկը՝ Փակ շուկայի շենքը: Ինչի՞ հետեւանքեք սա համարում, անտարբե՞ր են:

-Կախում ունեն այսօրվա իշխանություններից, ամեն մեկը մի տեղ աշխատում է, չեն կարողանում պայքարել: Կան արվեստագետներ, որնք խոսում են, բողոքում են, բայց արվեստագետների ընդհանուր արթնացումը ես չեմ զգացել, որ կանգնեն ու խոսեն: Բայց չէ՞ որ սա իրենց քաղաքն է, ոչ միայն այդ շենքը, այլ շատ ուրիշ շենքեր մշակութային արժեք են ներկայացնում, բայց քանդվում են: Մտավարակությունն այսօր, մանավանդ Ճարտարապետների միությունը, պետք է ոտքի կանգնեն, խոսեն: Առաջադրված լինելով որպես ավագանու անդամ՝ ես այդ ցավն զգում եմ ինձ վրա, լավ կլինի որ ընտրվեմ, որ կանգնեմ ու ասեմ՝ ոչ, չի կարելի այսպես անել: Որքան ծանոթ եմ ավագանու անդամներին, սուր խոսողներ չկան, սուր հարցեր առաջ քաշողներ չկան: Ես չեմ տեսել, որ մեկը հարց բարձրացնի և լուծի:

-Ավագանու կազմում գտնվող մտավորականների լռությունն ու վարած ջայլամային քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես ավագանու ցուցակում եմ հայտնվել, որպեսզի այդ ջայլմային քաղաքականությունը չվարեմ, ոչ թե համաձայնվեմ ամեն սխալի հետ: Վերցնենք Մաշտոցի պուրակը՝ մտավորականներից ոմանք եկել էին ու համոզում էին ժողովրդին, որ լավ է, ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք մտածում, որ դա կարող է չարչիանոց լինել, բուտիկներ լինեն: Եկել համոզում էին, որ լավ է, որ այգի չլինի, փոխարենը բուդկաներ լինեն: Ու հիմա գնացեք տեսեք Մաշտոցի պուրակը, լավ չէ՞: Արդեն Երևանը չի կարողանում շնչել:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր Երևանում ստեղծվել է մի իրավիճակ, որ ճաշակ է թելադրում ոչ թե արվեստագետը, մտավորականը, շարքային երևանցին, այլ օլիգարխը, ով առաջնորդվում է բիզնեսի շահով:

-Այդպես է ստացվում: Այդնպես է ստացվել, որ Օղակաձև այգին այսօր դարձել են այնպիսի չարչիանոց, որ մարդ իր երեխայի հետ չի ուզում ման գալ այնտեղ: Այնպես է ստացվել, որ Ավետիք Իսահակյանի արձանը ոչ հետևից է երևում, ոչ կողքից, ոչ դիմացից: Այնպես է ստացվել, որ Ֆիզիզիկական կուլտուրայի ինստիտուստի շենքի դիմացի այգին դարձել է շինհրապարակ: Մերգելյանի ինստիտուտի դիմաց գեղեցիկ այգի կար, գնացեք տեսեք՝ խորովածանոց, զիբիլանոց են սարքել:

-Արագաղթի վերաբերյալ պաշտոնական տվյալներ հրապարակվեցին օրերս: Հայերը շարունակում են արտագաղթել, արտագաղթի ծավալները գնալով ավելանում են: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ենդժգոհ մարդիկհեռանում, փոխանակ մնան եւ փորձեն ինչ-որ բան փոխեն:  

-Մարդկանց մեջ կարծես կոտրվել են «սեր, հույս, հավատ» այս կուռ բառերը: Ես ոչ մեղադրում եմ այդ մարդկանց, ոչ էլ կարող եմ ասել, որ չգնան: Շատ եմ ուզում, որ մնան, չգնան, պայքարեն, իրենց երկիրն է: Ես այսօր հնարավորություն ունեմ ապրելու Միացյալ նահանգներում, բայց ես այսօր այստեղ եմ ապրում իմ ընտանիքով, որովհետև սիրտս ցավում է մեր երկրրի համար: Արտագաղթն ամենացավոտ հարցերից մեկն է այսօր: Կառավարությունը շատ լրջորեն պետք է մտածի արտագաղթի դեմն առնելու մասին, որովհետև եթե սովորական մաթեմատիկական հաշվարկ ենք անում, ստացվում է սարսափելի հաշվարկ: Իսկ մենք գիտենք, թե ինչ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, ինչ հարևաններով ենք շրջապատված:

-Կա կարծիք, որ արտագաղթ նիշխանությունների կողմից մտածված քաղաքականություն է: Դուքինչո՞վ եք դա պայմանավորում:

-Ես չեմ կարծում այդապես, որվհետև որևէ իշխանություն  չի ուզենա, որ իր ժողովուրդը հեռանա, որովհետև իշխանությանը կերակրողը հենց ժողովուրդն է: Չեմ կարծում, եթե այդպես է, ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ: Ես մտածում եմ, որ իշխանություններն էլ են արտագաղթի այդ ցավը զգում: Պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկվեն, պետք է կադրային փոփոխություններ կատարվեն: Մարդիկ Հայաստանում չեն վստահում բժիշկներին, իրենց երեխաների ապագան այստեղ չեն տեսնում: Անպայման համակարգային փոփոխություններ են պետք, համակարգային: Այսօրվա փոփոխությունները որ կատարվում են, դրանք ինձ համար այնքան էլ փոփոխություններ չեն, քանի որ գումարելիները տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Նույն կադրերն են, բայց լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Ինչո՞ւ ոչ, ընդդիմությունից շատ մարդիկ պետք է ներգրավվեն կառավարության կազմում, որովհետև շատ խելացի մարդիկ կան, որոնք իրոք կարող են փոխել այս երկրի վիճակը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am