Երազանքներից` գերեզման. Բանակում սպանված զինվորի հարազատները պնդում են որ կպայքարեն մինչեւ վերջ

19-05-2013
544 դիտում
Երազանքներից` գերեզման. Բանակում սպանված զինվորի հարազատները պնդում են որ կպայքարեն մինչեւ վերջ

Երեք օր առաջ Նոյեմբերյանում սպանված Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին  նրա հարազատներն այսօր ի նշան բողոքի ուզում էին տանել ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:

Սեւան-Երեւան մայրուղին սակայն ժամեր շարունակ փակվել էին ոստիկանության եւ ռազմական ոստիկանության տասնյակ մեքենաներով, բազմաթիվ ուժայիններով:

Տեղեկացնենք, որ ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել:

Կրակոցի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Դավիթ Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այսօր բազմաթիվ մարդիկ ուղեկցում էին բանակում սպանված զինվորի թաղման թափորին, որը չնայած խոչընդոտներին փորձում էր ճեղքել օղակը եւ հասնել Երեւան` ՀՀ կառավարության շենքի մոտ:

Սակայն, դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կարողացել են երկար բանակցությունների արդյունքում Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել  վերադառնալ գյուղ և որդու դին հողին հանձնել, այնուհետև մեկնել Երևան իրենց բողոքն արտահայտելու:

Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ստեփանյանի հայրը, ներողություն հայցելով հավաքված ժողովրդից, խնդրել է,  որ հասկանան իրեն, որ ինքն ստիպված է տեղի տալ հանուն իր որդու, բայց իրենք անպայման շարունակելու են պայքարել:

 Ստեփանյանների ընտանիքի հետ միասին պայքարելու պատրաստակամություն է հայտնել պայքարելու ողջ գյուղը, քանի որ ըստ իրենց սա առաջին դեպքը չէ, որ գյուղից զորակոչված երիտասարդ է մահանում, իսկ մահվան հանգամանքերը չեն բացահայտվել: Մինչդեռ ծնողը որդի է մեծացնում, երազանքներ փայփայում, իսկ հետո ամբողջ կյանքը տառապում այնդպես էլ չստանալով իր հարցերի պատասխանները:

Ոստիկանապետի և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ Լյուքս Ստեփանյանի դին վերադարձվեց  գյուղ՝ հուղարկավորության: 20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին հողին հանձնեցին Վերին Գետաշեում: Ինչպես տեղեկացնում է «Լրագիրը» «հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին: Սեյրան Օհանյանն էլ մասնակցեց հուղարկավորությանը՝ խոստանալով արժանի պատիժ մեղավորներին: Նա համբուրեց Լյուքս Ստեփանյանին»:

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am