Յուրաքանչյուր ընտրությունից հետո արտագաղթն ավելանում է ընդդիմության պատճառով. Գալուստ Սահակյան

21-05-2013
933 դիտում
Յուրաքանչյուր ընտրությունից հետո արտագաղթն ավելանում է ընդդիմության պատճառով. Գալուստ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

- Պարո՛ն Սահակյան, գազի թանկացումը կհանգեցնի այլ ոլորտներում գների աճին, սա իշխանությանը չի՞ մտահոգում:

Դա բարդ հարց չի, եթե թանկացավ, բնականաբար, բոլորի գրպանին էլ խփելու է: Բայց պետք է մի փոքր համբերենք, որպեսզի ճիշտ վերլուծականներ ունենանք: Այդ կապակցությամբ ամսի 23-ին պատգամավորները հարցեր կտան և՛ կառավարությանը, և՛ Ռոբերտ Նազարյանին: Այդտեղ արդեն հնարավոր կլինի որոշակի գնահատական տալ, առավել ևս, կարծում եմ, որ կհաջողվի որոշակիորեն այնպես անել, որ սուբսիդավորում լինի: Դա արդեն մեր՝ ներքին ռեզերվների հաշվին հիմնականում, առավել ևս, որ բանակցություները Ռուսաստանի հետ շարունակվում են:

Նախքան ընտրությունները իշխանությունը հայտարարում էր, որ գազի թանկացում չի լինի, բայց ընտրություններից անմիջապես հետո հայտարարվեց գազի սակագնի բարձրացման մասին: Իշխանությունները վախենո՞ւմ էին նախքան ընտրությունները հայտարարել թանկացման մասին:

Լուրջ չեմ համարում դա, պարզապես ընտրություններից հետո ընդդիմության պարբերաբար կրկնվող սնանկ վիճակը թիրախներ էր ման գալիս՝ օգտագործելու համար: Ի՞նչ կապ ունի, մենք առանձին ինքնիշխան պետություն ենք, և միշտ էլ գազի թանկացման քննարկումները, եթե ընդհանուր առմամբ նայում ենք, եղել են ճիշտ այս պահերին: Համենայնդեպս, կարողացել ենք հաղթահարել, կարծում եմ՝ այս անգամ էլ կհաղթահարենք:

Կհաղթահարե՞նք, սոցիալական լարվածություն չե՞ք կանխատեսում, մարդիկ այլևս չեն կարողանում այս թանկացումների պայմաններում ապրել:

Չեմ կարծում, որովհետև եթե ազգաբնակչությանն է վերաբերում, այսպես թե այնպես այդ գաղափարը կա, այսօր էլ է կիրառվում՝ սոցիալապես անապահով խավը որոշակիորեն նաև սուբսիդիաներ է ստանում: Օրինակ՝ այս պահին 60 հազար մարդ դրանից օգտվում է: Այնպես որ, բազմակողմանի վերլուծություններ ունենք, բայց միևնույն ժամանակ պետք է տեսնենք, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է «ՀայՌուսգազարդը» ներկայացրել համապատասխան հանձնաժողով:

Պարո՛ն Սահակյանարտագաղթի վիճակը ձեզ անհագստացնո՞ւմ է:

Արտագաղթի վիճակը, բնական է, բոլորին է հետաքրքրում: Վարչապետը հայտարարեց, որ բյուջեից որոշակի գումար է տրվել, որ դրա ամբողջ սոցիոլոգիան պարզ լինի մեզ համար: Իմ տեսակետը հետևյալն է. յուրաքանչյուր ընտրությունից հետո արտագաղթն ավելանում է մեկ պարզ պատճառով. այն խավը, որը բողոքում է, փաստորեն խաբուսիկ մի միջավայր է ստեղծում: Հոգեբանորեն կարծես թե ընտրություններից հետո ընդդիմությունը զանգված է հավաքում, որոնք ոգևորված մտածում են, որ եթե այն խոստումները, որ տալիս են միտինգների ժամանակ, իրագործվի, իրենց վիճակը կլավանա: Միշտ էլ պարտությունները մարդկանց վրա դաժան են նստում, որի հետևանքով հոսքն ավելի է շատանում: Իսկ արտագաղթն ու ներգաղթը պարբերաբար նորանկախ Հայաստանում եղել են: Առաջին արտագաղթը 92 թվականին էր, երբ մի քանի ամիսների կամ մեկ տարվա ընթացքում մոտ 800 հազարից ավելի արտագաղթ ունեցանք:

Բայց այն ժամանակ պատերազմ էրհասկանալի էր որոշ չափով, թե ինչո՛ւ են արտագաղթում: Այսօր սոցիալական վատ վիճակից ելնելով են արտագաղթում:

Ի տարբերություն այն ժամանակվա, արդեն մեծ աշխարհին տիրապետում են, մանավանդ երիտասարդ սերունդը՝ լեզուների իմացություն, էլեկտրոնային փոստով, կոմպյուտերներով դիտարկում են աշխարհը, և եթե մատչելի է լինում իրենց կենսամակարդակը բարձրացնելու, բնականաբար, գնում են աշխատելու: Կան նաև նրանք, ովքեր պարզապես վիրավորված են որոշակի հասարակական եղելություններից կամ ինչ-որ չինովնիկից, տարբեր են պատճառները: Ես կարծում եմ, որ արդեն աշնանը՝ սեպտեմբեր ամսին, 2012 թվականի ռեալ պատկերը կլինի, այդտեղից էլ արդեն կիմանանք, թե ի՛նչ կոնկրետ գնահատականներ տանք կամ ի՛նչ քայլեր անենք:

Իսկ ստեղծված իրավիճակի համար իշխանություններին մեղավոր չե՞ք համարում, Դուք արտագաղթի մեղքը գցում եք ընդդիմության ու արտագաղթողների վրա, բայց արդյոք մեղավորը կառավարությունը չէ՞:

Ես կարծում եմ, որ մենք պետք է սովորենք՝ ինչքան հնարավորություն ունենք, այդ հնարավորություններով էլ պիտի ապրենք դեռևս մի քանի տարի շարունակ: Մեր պետության արդի պրոբլեմները շատ մեծ են, և, բնականաբար, ինչու չէ, բոլորն էլ մտածում են, որ եթե ավելի լավ կառավարություն լինի, ավելի մեծ բյուջե կունենանք և այդ բոլոր խնդիրները կլուծենք: Խնդիրը հետևյալն է. մեր քաղաքական դաշտը վերածվել է սևի և սպիտակի: Համենայնդեպս, առաջիկա տարիներին կնպաստի նաև աշխատավարձերի և թոշակների բարձրացումը, որպեսզի ավելի համոզիչ լինի ապրելակերպը մեր ժողովրդի: Այն բոլոր միջոցները, որոնք կլինեն առաջիկայում, կառավարության նոր ծրագրում բոլորը տեղ են գտել, և կարծում եմ, որ ծրագրի ընդունումից հետո հասարակությանը կոնկրետ պարզ կլինի, թե իր վաղվա օրը ինչ պետք է լինի, համենայնդեպս, առաջիկա 5 տարիներին:

Ըստ Ձեզ՝ կառավարությունը կկարողանա՞ առաջիկա 5 տարիներին անել այն, ինչը ձախողեց նախորդ տարիներին:

Նախորդ 5 տարիներին մինչև էս պահը աշխարհը էդ լծի տակից չի կարողանում դուրս գալ: Միանգամից մենք ականատես եղանք թշվառացած աշխարհի, իսկ մենք աշխարհից հեռու չենք: Մեր խնդիրներն ավելին են, քան ամբողջ աշխարհինը:

Այսինքն՝ Դուք հավատում եք կառավարության նոր ծրագրի բարեհաջող կատարմանը:

Ոչ միայն հավատում եմ, այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, փոխվել են նաև որոշակիորեն մոտեցումները, ավելի կոնկրետ են խնդիրները դրված, և ավելի կոնկրետ ասելիք կունենա կառավարությունը:

- Պարո՛ն Սահակյան, Աբովյանում եկեղեցու բացման արարողությունից հետո, երբ սեղաններ գցվեցին, ժողովրդի պահվածքի պատճառով քննադատություններ հնչեցին իշխանությունների հասցեին: Ոմանք ասացին, թե իշխանություններն են մեղավոր, որ ժողովուրդն այսօր այսքան աղքատ է, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այդ դեպքը:

Նախ շատ տգեղ է, որ լրագրողական աշխարհը ժողովրդի ցավը երեսով է տալիս: Աշխարհում ընդունված բան է. եթե մեծ բազմություն է լինում, և որևիցե սեղան է դրվում, բնականաբար, ինչ-որ բան լինում է: Ես կարծում եմ, որ և՛ անցյալում, և՛ այսօր, և՛ Սովետական Միության ժամանակ, երբ նույնիսկ գերեզմանոցներում ուտելիք էինք թողնում, 15 րոպե հետո չէր լինում: Այնպես որ, դա մեր ժողովրդի բնութագիրը չէ, դրանք եղելություններ են, որոնք կարող են լինել: Բայց բնութագրել էդ ամբողջը՝ ընդդիմադիր շոուներ անցկացնելու համար, ճիշտ չեմ համարում: Իսկ ո՞վ չգիտի, որ մեր ժողովուրդը կարիք ունի ուտելու, կարիք ունի ապրելու, բոլորս էլ գիտենք: Պետք է գնալով ինչ-որ կերպ այս իրավիճակը շտկվի: Բայց նաև դա բացառել հնարավոր չի, որովհետև աշխարհը այդպես է ձևավորված՝ մարդկության պատմությունից սկսած, որ երբ որևէ միջոցառում է լինում, սեղան է դրվում, նույնիսկ ամենամոտիկ մարդու հարսանիքի ժամանակ վեճեր են լինում, խոսակցություններ, որը մեր ազգի արժեհամակարգը չէ, բայց մեր վիճակից ելնելով՝ կարող է այդպիսի բաներ դառնալ: Դա չէր կարելի ընդհանրացնել և խայտառակ անել ամբողջ ազգին ամբողջ աշխարհի առաջ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am