«Ուղղակի նայի՛ր վերև». ալբինիզմ ունեցող Հայկը, չնայած խնդիրներին, իր կյանքը երաժշտություն է կոչում

23-05-2013
921 դիտում
«Ուղղակի նայի՛ր վերև». ալբինիզմ ունեցող Հայկը, չնայած խնդիրներին, իր կյանքը երաժշտություն է կոչում

«Ուղղակի նայի՛ր վերև, գնա՛, բացի՛ր պատուհանն ու նայի՛ր վերև, այնտեղ ընկեր կա, նա քեզ ամեն ինչ կասի, մի՛ փնթփնթա, մի՛ բողոքիր, դու այն ես, ինչ կաս, նա քեզ այդպիսին է ստեղծել, ուրեմն՝ քո լավագույն տարբերակն ես...»

18-ամյա Հայկ Ղուլյանն այսպես է մեկնաբանում իր գրած վերջին երգի՝ «Ուղղակի նայի՛ր վերև»-ի իմաստը, ասում է՝ երգը խիստ անձնական է, ինքն իր մասին է գրել:

Հայկն ապրում է Ստեփանակերտում, այստեղ նրան բոլորն են ճանաչում, ալբինիզմ ունեցող տղան առաջին անգամ տնից դուրս եկած օրվանից սովոր է՝ ուր գնա, որտեղով անցնի, իրեն պիտի նկատեն:

Ալբինիզմը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայությունն է, երբ մարդն ունի սպիտակ ու զգայուն մաշկ, տեսողության խնդիրներ, ալբինիզմ ունեցող մարդը չի կարող գտնվել արևի տակ, ծովափում: Այն համարվում է գենետիկական հիվանդություն: Սա ալբինիզմի դասական ձևակերպումն է:

Հայկ Ղուլյանը երկար է ուսումնասիրել ալբինիզմի առանձնահատկություններն ու որոշել՝ եթե ինքը չպայքարի, հիվանդությունը կհաղթի իրեն: Տեսողության 90 տոկոս խանգարումն անգամ չի կանգնեցնում նրան. մեքենա վարել է սովորել, այժմ ընկերոջ հետ հարազատ քաղաքում մեքենայով է զբոսնում:

Հայկի կյանքում ամենաբարդ շրջանը եղել է 11-15 տարեկանը, երբ հասկացավ՝ ուրիշներին նման չէ, ուրիշները նրան տարօրինակ են նայում. «Իմ բախտը բերեց, իմ կողքին կար հայր, մարդ, ով իմ ծնված օրվանից չունի իր կյանքը, նա փրկեց ինձ, նա չթողեց ինձ մեկուսացած զգամ,- հիշում է Հայկը, ապա ծիծաղում,- ընտանիքում սև-սև երկու քույրեր ունեմ, որ սուտ չլինի, նրանք իմ չափ անգամ չեն շփվում դրսում»:

Հայկն ասում է՝ իր կյանքում ոչինչ միանգամից չի եղել, ներառվելու ճանապարհն էլ լի է եղել ուրիշների ծիծաղով, այն, ինչը ինքը պայքար է համարել, ուրիշները պարզապես հուսահատության քայլեր են տեսել դրա մեջ:

«Միշտ հիշում եմ, որ ալբինոս եմ, բայց լավ, ուրիշ տարբերակ կա՞: Ո՞ւմ համար տառապեմ, նրա համար, որ ծնվե՞լ եմ, չէ՛, պայքարել է պետք, որքան էլ մարդիկ չար լինեն, ես գիտեմ, որ մեղավոր չեմ, ես այսպիսին եմ ու ինձ այսպիսին եմ սիրում, ոչ ոք իրավունք չունի ծաղրելու ինձ, զրկելու լիարժեք ապրելու իմ շանսից»,- ասում է նա:

Երաժշտության գիժ. իր մասին ամենաշատն այսպես է արտահայտվում Հայկը, գրում է, երգում Ստեփանակերտի սրճարաններից մեկում, նվագում, իր կյանքը մեկ բառով երաժշտություն է կոչում:

Երեկո է, Հայկը դուրս է գալիս տնից, քայլերն ուղղում դեպի սրճարան, որտեղ այսօր որոշել է կատարել իր հեղինակային երգերից մեկը՝ «Միր», որով հաղթել է նաև Թբիլիսիում տեղի ունեցած տարածաշրջանային Together մրցույթում:

«Չեմ ասի, թե առանց երաժշտության չեմ կարող ապրել, բայց երաժշտությամբ եմ ես ասում այն, ինչ պիտի ասեմ մարդկանց, ինչը չեմ կարողանում ասել՝ երեսին նայելով ու բոլորին հերթով»,- ընկերոջ օգնությամբ մեքենան է վարում, ապա նշում, որ մինչև հիմա քիչ է ասել, հիմնական ասելիքը դեռ առջևում է:

Հայկի ամենամեծ երազանքն է ճանաչել աշխարհի բոլոր ալբինոսներին, շփվել նրանց հետ, կիսվել:

«Եթե սկսեմ մտածել, որ մարդիկ պատրաստ չեն ինձ լսելու, պիտի ոչինչ էլ չասեմ, ես փորձում եմ մի լավ բան տալ, չգիտեմ՝ որքանո՛վ է ինձ հաջողվում, շատերը գուցե չեն էլ հասկանում, բայց եթե ալբինոս ընկերներ ունենամ, նրանք հաստատ կհասկանան»,- համոզված է նա:

Հայկը սիրում է հատկապես իր գրած երգերը կատարել, իսկ երգելուց հետո սրճարանի այցելուների հարցերին հաճույքով է պատասխանում, որքան էլ հարցերը հիմնականում նրա մաշկի գույնին, հագուստին, տեսքին վերաբերեն: Հայկի երգերը չունեն ոճ, ինչպես հեղինակն է կոչում՝ Հայկի ոճով գրված, Հայկի կյանքից ու սրտից բխած:

Երաժշտական կարիերան շարունակելու նպատակով Հայկը պատրաստվում է Երևան տեղափոխվել և կոնսերվատորիայի վոկալ բաժնի քննություններին պատրաստվելիս նա կենտրոնանում է միայն երգեցողության վրա, ասում է՝ արտաքինը հիշվող է, մնում է՝ լավ երգի:

«Եթե ուրիշները ոճեր են փոխում, որ հիշվեն, ինձ հերիք է մի անգամ տեսնեն ու կհիշեն միշտ, էլ ի՞նչ ունեմ բողոքելու»,- ժպտում է նա:

Հայկը Արցախի տարածքում փորձում է գտնել ալբինոսների, այժմ ընկերություն է անում ալբինոս մի երեխայի հետ, ում ծնողները հարևանների հետ պարբերաբար խնդիրներ են ունենում.

«Ալբինոս երեխային միայն մի խորհուրդ եմ տալիս. հարևաններն ինչ կուզեն ասել, երբեք հասարակությանը չհարցնի, թե իրեն կընդունե՞ն, թե՞ ոչ, այլ հստակ ասի՝ ես այսպիսին եմ, պիտի ընդունես ինձ, հասարակությո՛ւն ջան: Մաքսիմալ ազատություն՝ սա այն է, ինչ ես եմ ուզում ինձ և ինձ նման մարդկանց համար»,- նշում է նա:

Հայկն ասում է՝ հասարակությունը հաճախ «չի ներում» իրեն ալբինոս լինելու համար, բայց «հասարակությունը երբեք չի մտածում հենց իր ներսի թերությունների մասին կամ գոնե լռելու»:

«Երբ մի քիչ ազատ ես մեծանում, քեզ ոչինչ չի խանգարում: Փոքր տարիքից ինձ ոչ մի հարցում չեն սահմանափակել, դա փակեց իմ թերությունները, ես դարձա ինքնավստահ ու ընկերներ ձեռք բերեցի: Ես չէի կարող հավերժ լկստված երեխա մնալ, պիտի մեծանայի: Հարցեր առաջացան, թե ինչո՛ւ նման չեմ ուրիշներին, ու հասկացա՝ տանն ինձ տրված ազատությունը ալբինոս լինելուց էր, բայց դա ինձ օգնեց այսօր չնեղսրտել: Կարևորը՝ ինձ պես մարդիկ ընդունեն, որ եթե իրենք այդպես են ծնվել, ուրեմն՝ լավը դա է, ի՞նչ անեմ, որ ալբինոս եմ, մեռնե՞մ, չէ՛, պիտի ապրեմ, կյանքը չափազանց քաղցր բան է ալբինոս լինելու պատճառով մեռնելու համար»,- ժպտում է Հայկը:

Հայկն ասում է՝ երաժշտությունն օգնում է իրեն ավելի ազատ լինելու, սակայն մինչև հիմա էլ լինում են օրեր, երբ ալբինոսը գալիս, կանգնում է նրա դիմաց. «Իմ մեջի ալբինոսը հենց գալիս, ասում է՝ դու շատ բան չես կարող անել, դու չունես բավականաչափ տեսողություն, դու օգնության կարիք ունես, լեռնային արևը կսպանի քեզ»:

Ու հետո Հայկը հաղթում է ալբինոսին, հիշեցնում, թե ինչպես է ամռանը ծով գնացել, ու այդպես, մշտապես պայքարի մեջ լինելով ինքն իր հետ, հաղթում են բարձր տրամադրությունը, ժպիտն ու երգը. «Բոլոր մարդիկ գիշերը քնում են, ես լողանում եմ, մինչև բոլորը ցերեկը լողանում են, ես քնում եմ. ի՞նչ իմանաս, գուցե եթե ես ալբինոս չլինեի, երգել էլ չկարողանայի, չունենայի այս հույզերը, չլացեի հաճախ ու դրանից չուժեղանայի»:

Չսահմանափակվել... սա Հայկի կյանքի ուղեցույցի մեծատառերով գրված բառն է:

«Չեմ սիրում, երբ ասում են՝ ես քեզ հասկանում եմ: Չեն կարող հասկանալ, կարող են պատկերացնել, բայց հասկանալ ոչ ոք չի կարող, ալբինիզմն ավելի շատ ներքին, քան արտաքին հիվանդություն է, որքան էլ ասեն՝ վա՜յ, սպիտակ մարդ, ինձ համար ավելի կարևոր է ներքինը, ներքին զգացողությունները, իսկ ամենաշատը լավ տեսողության կարիք ունեմ, որը, գիտեմ, չի լինի»:

Սրճարանում աշխատանքից հետո Հայկը տուն է շպատում, ուզում է կիսատ երգն ավարտել, տեսողությունը նրան թույլ չի տալիս բոլոր նոտաները կարդալ, փոխարենը՝ հորինում է իր նոտաներն ու երգը:

Հայկի համար ամենահանգիստ տեղը տունն է, իրենց տան աուրան է սիրում, հավատացնում է՝ երբ տանն ալբինոս է լինում, այդ տանն այլ էներգետիկ դաշտ է տիրում. «Ինձ հետ շփվելն ուրիշ է, ալբինոսներս ցավ ենք ապրել, գիտենք՝ ի՛նչ է ցավը, չենք կարող որևէ ցավի կողքով անտարբեր անցնել: Այդ է նաև պատճառը, որ սկզբում մարդիկ ինձ ձեռ են առնում, իսկ հետո, երբ ծանոթանում ենք, սկսում են միայն ինձ հետ կիսվել»:

Իսկ ամենամեծ խնդիրը Հայկի կյանքում հաճախակի սիրահարվելն է, ասում է՝ թողնեն՝ ամեն օր կսիրահարվի. «Սիրահարվել, շատ եմ սիրահարվել, բայց եկել ու գնացել են, այն միակը դեռ չի եկել: Գիտեմ, զգում եմ իրեն, կողքիս է, բայց չի երևում, դեռ չի երևում, կարծում եմ՝ մի օր կգա, կզգա այն ամենը, ինչ ես եմ զգում»:

Կսիրահարվի՞ ալբինոս աղջկա, թե՞ ոչ հարցին Հայկը ժպիտով է պատասխանում. «Տանը մի ալբինոսը հերիք չի՞... կարող է և ալբինոս լինել, չգիտեմ՝ ով կամ ինչպիսին կլինի, բայց ես չեմ թողնի, որ վատ լինի: Ինքը պիտի պատրաստ լինի ամենավատին, ինքը պիտի զգա ինձ, թողնի՝ ես էլ իրեն զգամ, պիտի զգա դաշնամուրը, տեսնի այն, ինչ ես չեմ կարողանում տեսնել, փոխանցի ինձ իմ չտեսածը ու թույլ տա՝ ես էլ իրեն փոխանցեմ այն, ինչ ինքը գուցե չի տեսնում, ես եմ տեսնում: Ես կարող եմ տեսնել մարդու սիրտը ու հենց տեսնեմ այդ աղջկա սիրտը, ուրեմն ինքը եկել է, ինքը ժամանել է, ինքը կմնա»:

Լսել Հայկի երգը

http://medialab.am/docroot/audio?mp3=Hayk_Ghulyan_Mir

Փառանձեմ Հովհաննիսյան 

Լուսանկարում` Հայկ Ղուլյանը

© Medialab.am