Փաստահավաք առաքելություն. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` քննադատությունների և քննարկումների առարկա

19-10-2010
352 դիտում
Փաստահավաք առաքելություն. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` քննադատությունների և քննարկումների առարկա

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի մի են բերում գրեթե մեկշաբաթյա ժամանակահատվածում ԼՂ հարակից տարածքներում իրականացված դաշտային առաքելության արդյունքները, օրերս նրանց կատարած հայտարարությունը առաքելության մասին, որում նշվել են «օկուպացված տարածքներ» և «Խանքենդի» բառերը, անտարբեր չեն թողել Ղարաբաղի և Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացրեցին իրենց ծրագրած դաշտային գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքներում,- նշված է համանախագահների տարածած հայտարարության մեջ, որոնք Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի անունը նշում են նաև որպես «Խանքենդի»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը արդեն իսկ հայտարարել է, թե «անթույլատրելի է համարում համանախագահների օգտագործած ձևակերպումները»։

Ստեփան Սաֆարյանն ասում է, որ եթե «օկուպացված տարածքներ» արտահայտությունից համանախագահները մինչ այժմ ձեռնպահ էին մնում, ապա «Ստեփանակերտ/Խանքենդի» ձևակերպումն աննախադեպ է, ինչը ցույց է տալիս մեր «դիվանագիտության պարտությունը»:

Նախապես հայտարարված հոկտեմբերի 4-ի փոխարեն` հոկտեմբերի 6-ից համանախագահները ժամանել էին Երևան, իսկ հաջորդ օրվանից մինչև հոկտեմբերի 10-ը Ղարաբաղի հարակից յոթ շրջաններում (Լաչին, Քելբաջար, Աղդամ, Ֆիզուլի, Զանգելան, Հորադիզ, Ղուբաթլու) իրականացրել են փաստահավաք առաքելություն, ինչն արդեն իսկ ներքաղաքական քննադատությունների տեղիք էր տվել:

Արդեն հոկտեմբերի 14-ին Վիեննայից տարածած հայտարարության մեջ համանախագահները նշել են, թե ի մի են բերում փաստահավաք առաքելության ժամանակ հավաքած ողջ տեղեկատվությունը` ԵԱՀԿ ներքին զեկույց պատրաստելու համար:

Համանախագահների հայտարարության մեջ սակայն չի նշվում, որ նման փաստահավաք առաքելություն կիրականացվի նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքներում, մինչդեռ ԼՂՀ իշխանությունները իրենց համաձայնությունը տալուց հետո հայտարարել էին, որ համաձայնությունը տրվել է հենց այդ պայմանով:

Նման պահանջով էին հանդես եկել նաև ղարաբաղյան քաղաքական և հասարակական կազմակերպությունները, ովքեր ճիշտ այն օրերին, երբ համանախագահները փաստահավաք առաքելություն էին իրականացնում Ղարաբաղում, բողոքի ալիք էին բարձրացրել` հանդես գալով բաց նամակով:

Մոտ երկու տասնյակ կուսակցություններ և ՀԿ-ներ բաց նամակով դիմել էին ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա)` արտահայտելով իրենց մտահոգությունը դաշտային առաքելության վերաբերյալ:

«Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը, ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում»,- նշված էր բաց նամակում:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբին» ասում է, որ թեև ԼՂՀ իշխանությունները տվել են իրենց համաձայնությունն այդ առաքելությանը, սակայն դա չի նշանակում, որ իրենք «կասկածի տակ են դնում Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն ու ապագան»:

«Համանախագահներն իրենք հայտարարել են, թե նման առաքելություն են իրականացնելու նաև Ղարաբաղի օկուպացված տարածքներում, այդ իսկ պատճառով էլ մենք տվել ենք մեր համաձայնությունը»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ իշխանությունների համաձայնությանը, սակայն, կողմ չեն Ղարաբաղի քաղաքական ուժերը: Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Մեդիալաբին» ասում է, թե ավելի ճիշտ կլիներ, եթե Ղարաբաղի իշխանությունները ընդհանրապես չտային իրենց համաձայնությունը, և փաստահավաք առաքելություն չիրականացվեր:

«Իհարկե, վերջնական համաձայնություն տալը դեռ չի նշանակում, թե մեր իշխանությունները հեշտությամբ են համաձայնել այդ առաքելությանը: Սակայն եթե նրանք արդեն տվել են իրենց համաձայնությունը, ապա գոնե դրանից առաջ պետք է պայման դնեին, որ նման առաքելություն նաև Ղարաբաղի օկուպացված տարածքներում իրականացվի»,- «Մեդիալաբին» փոխանցեց Դավիթ Իշխանյանը:

ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված բաց նամակի տակ ստորագրած մեկ այլ գործիչ` իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն էլ նշում է, թե իրենց բաց նամակը մեկ նպատակ ուներ` միջնորդներին հասցնել ԼՂ հասարակության լայն շրջանակների տեսակետները փաստահավաք առաքելության կապակցությամբ: Կարեն Օհանջանյանը չի կարծում, որ այդ նամակը հակասում է ԼՂՀ իշխանությունների տված համաձայնությանը:

«Մենք ընդամենը մատնացույց ենք անում, որ անհրաժեշտ է նման առաքելություն իրականացնել նաև Ղարաբաղի այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը միայն հնարավորություն կտա իրավիճակի մասին իրական պատկերացում կազմելու»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Օհանջանյանը:

Մինչդեռ Ստեփան Սաֆարյանի խոսքով` համանախագահների հայտարարությունը արդեն նշանակում է, որ իրավիճակի նոր շունչ է նկատվում:

«Եթե այս տեմպերով շարունակվի, ես էլ կարող եմ ասել, որ պետք է կանգնեցնել այս գործընթացը։ Սա նշանակում է, որ վտանգված է բանակցային գործընթացը»,– ասում է Ստեփան Սաֆարյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am