«Երեխեքը սոված էին, ասում էի՝ հաց չկա, ծեծ էի ուտում». անցյալից` ներկա, կինը փորձում է հաղթահարել ընտանեկան բռնության հետևանքները

01-06-2013
615 դիտում
«Երեխեքը սոված էին, ասում էի՝ հաց չկա, ծեծ էի ուտում». անցյալից` ներկա, կինը փորձում է հաղթահարել ընտանեկան բռնության հետևանքները

Գայանե Վարդանյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է շատ դառնություններ ճաշակել կյանքում: Այսօր էլ նա վախով է հիշում անցյալը, ամուսնու բռնություններն ու ոչ վաղ անցյալում կիսաքաղց անցկացրած օրերը: Գայանեն Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից 2002-ին հարս էր գնացել հարևան գյուղ՝ Կոթի: 

 «Ամուսնուս հետ առանձին էինք ապրում, խոնավ ու աղքատիկ տուն ունեինք, տան մեջ անձրև էր գալիս: Օրերով մթության մեջ էինք մնում, սոված ու աղքատ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում անցյալն է վերհիշում նա:

Սոցիալական վատ պայմանների պատճառով Գայանեի երեք որդիներից երկուսը ռևմատիզմով են հիվանդացել ու պարբերաբար բուժում են ստանում: Այս ամենին գումարվում էին ամուսնու կողմից պարբերաբար գործադրվող սեռական ու ֆիզիկական բռնությունները: Ասում է, որ պայմանագրային զինծառայող ամուսինն ամեն առիթով ծեծում էր.

«Երեխեքը սոված էին, ասում էի՝ հաց չկա, ծեծ էի ուտում, ամուսինս ասում էր՝ մի կերպ պահի երեխեքին, իմ մերը մեզ ո՞նց ա պահել: Կինն իրենց տանը ոչ թե կին էր, այլ փալաս, որ ով հասներ, ոտերը վրեն մաքրեր: Հղի ժամանակ մի կտոր հացին երնեկ էի տալիս»:

Ֆիզիկական բռնությանը զուգահեռ Գայանեն ամուսնու կողմից պարբերաբար սեռական բռնության էլ է ենթարկվել, ինչը, նրա խոսքով, գյուղում ընդունված էր, իսկ կինը դժգոհելու իրավունք չուներ:

Ամուսնական ութ տարիները Գայանեն մի կերպ է հանդուրժել, արդեն երեք տարի է՝ բաժանված է ամուսնուց: Ասում է՝ ավելի շուտ չէր համարձակվում բաժանվել, քանի որ գյուղում դա ընդունված չէր.

«Մեզ մոտ ասում էին՝ ամոթ է, գյուղացիներն ինչ կմտածեն: Գնում էի հերանցս տուն, մերս նորից հետ էր ուղարկում»:

Ամուսնուց բաժանվելուց հետո Գայանեն երեք երեխաների հետ ապրում էր ծնողների տանը: Բաժանման սկզբում հոգեկան ծանր վիճակում է եղել, վախեցած ու ճնշված, հիշում է, որ փողոցում վախենալով էր քայլում, և միայն Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետների շնորհիվ է նորմալ կյանքի վերադարձել:

«Իջևանում նստարանին նստած լացում էի, մի տղամարդ էր անցնում, բուկլետ տվեց, ասեց՝ էս համարով կզանգեք, ձեզ կօգնեն»,- հիշում է բռնության ենթարկված կինը:

Նշված հեռախոսահամարով զանգելով՝ Գայանեն կապվել է Կանանց իրավունքների կենտրոնի հետ, որտեղ նրա ու երեխաների հետ վերականգնողական աշխատանք են տարել:

«Հոգեբանը երեխաներիս հարցրեց՝ ի՞նչ կուզեք: Պատասխանեցին՝ տուն ենք ուզում` հաց ու պանրից պատրաստված: Հոգեբաններն ասում են՝ էսքան տարվա աշխատող ենք, մենք երեխաներից նման արտահայտություն չէինք լսել»,- նշում է նա՝ ընդգծելով, որ իր երեք երեխաների մոտ սովի խնդիրը մնում է:

«Նրանք ամեն օր հաշվում են հացերը, ստուգում՝ տան ալյուրը հո  չի՞ վերջանում»:

2011 թվականին Կանանց իրավունքների կենտրոնի շնորհիվ նրանք տեղափոխվել են Երևան, երեխաներին դպրոցում ու մանկապարտեզում են տեղավորել, իսկ Գայանեն որպես հավաքարար աշխատանքի է ընդունվել Երևանի սուպերմարքեթներից մեկում: Երկու ամիս անց տեղափոխվել են վարձակալությամբ բնակվելու, քանի որ կենտրոնի աջակցությունը ընդամենը երկու ամիս է տևում: Վարձով ապրելիս Գայանեն դարձյալ սոցիալական խնդիրների առաջ է կանգնել, քանի որ աշխատավարձը չի բավականացրել օրվա ապրուստը հոգալու համար, և ստիպված վերադարձել են հայրական գյուղ:

Չնայած սոցիալական վատ պայմաններին` վերջին երեք տարիներին Գայանեն սկսել է արժևորել սեփական կյանքն ու որպես կին՝ գնահատել ինքն իրեն: Ասում է, որ հոգեբանների հետ աշխատանքից հետո շատ է փոխվել, իրեն լիարժեք մարդ է զգում:

«Ես արդեն կարող եմ ինձ գնահատել, իմ սիրած հագուստը հագնել, ուտել էն, ինչ ուզում եմ, անել էն, ինչ սիրում եմ, ոչ թե անել էն, ինչ ուրիշներն են ուզում»:

Նա նշում է, որ գյուղում միայն ինքը չէր բռնության ենթարկվում, այն կարծրատիպը, որ կինը պետք է լռի ու հնազանդվի, տարածված է իր շրջապատում:

«Գյուղում ամոթ է, որ կինը խոսի: Հիմա ես իմ անձը կարող եմ հարգել, բայց գյուղի պայմաններում կանայք չեն կարողանում իրենք իրավունքը պաշտպանել: Տղամարդու խոսքն է անցնում, անկախ ամեն ինչից: Երեխեն տաքության մեջ վառվում էր, ես իրավունք չունեի հարևանի տուն գնալ, որ բուժքրոջը կանչեի օգնություն ցույց տալու, ասում էին՝ իրավունք չունես»:

Գայանե Վարդանյանն իր երեք որդիների՝ Դավիթի, Ստեփանի ու Արարատի հետ կացարանի խնդիր ունի այսօր:

Ոսկեվանի գյուղապետարանը նրանց գյուղի դպրոցի շենքից տարածք է հատկացրել, սակայն այնտեղ բնակվելու համար պետք է նվազագույն պայմաններ ստեղծել: Գայանեի եկամուտն ամսական 59 հազար դրամ է` 15 հազարը` երեխաներին վճարվող ալիմենտը, մնացածը՝ նպաստը: Գումար, որը ներկա գնաճի թռիչքային պայմաններում պիտի բավականացնի մորն ու երեք անչափահաս որդիների խնամքին, սննդին, տարրական կարիքները հոգալուն:

«Էսօր միայն 53 հազար դրամ ա պետք, որ դառնամ էլեկտրաէներգիայի բաժանորդ: Եթե մի բարի մարդ օգնի, որ տունը կարգի բերենք, մի թեթև կոսմետիկ աշխատանքներ կատարեն, մենք պատրաստ ենք մի մահճակալի վրա էլ քնելու: Չեմ ուզում գյուղից դուրս գամ, ուզում եմ գյուղացու նորմալ կյանքով ապրել, չեմ ուզում քաղաք գալ, ճոխության չեմ ձգտում»,- ասում է Գայանեն:

Ըստ վիճակագրության` միայն անցյալ տարվա ընթացքում ընտանեկան բռնության է ենթարկվել 621 կին, չնայած շատերը թերահավատ են այս թվերի հանդեպ և  վստահ են, որ թիվն անհամեմատ մեծ է:

Հին հայկական ասացվածքն ասում է. «Կինը բուրդ է, ինչքան չփխես, էնքան կփափկի ու լավը կդառնա»:

Շատ կանայք նախընտրում են լռությամբ ամբողջ կյանքում հանդուրժել իրենց հանդեպ բռնությունն ու ստորացումները: 

Լուսանկարում` Գայանեն որդիների հետ:

© Medialab.am