«Մարդիկ շատ վախկոտ են Հայաստանում, նրանց մեջ վախ կա, որ իրենց անպատիժ կարող են ոչնչացնել». անվավոր չմուշկներով պապիկը կոչ է անում «անվախ լինել»

14-06-2013
1060 դիտում
«Մարդիկ շատ վախկոտ են Հայաստանում, նրանց մեջ վախ կա, որ իրենց անպատիժ կարող են ոչնչացնել». անվավոր չմուշկներով պապիկը կոչ է անում «անվախ լինել»

Անվավոր չմուշկներով անաղմուկ ու սահուն անցնելով` մայրաքաղաքին հարազատ ու սիրելի դարձած երևանյան կերպարներից մեկը` ալեհեր մազերով, մարզական հագուկապով Լևոն Աբգարյանը շարունակում է լցնել քաղաքի օրը` ԱՄՆ-ից տարիներ առաջ Հայաստան տեղափոխվելուց հետո:

Իրեն աշխարհի ամենաառողջ մարդկանցից մեկը համարող Լևոն Աբգարյանն ամեն օր դուրս է գալիս Երևանի կենտրոնական փողոցներ` անվավոր չմուշկներով սլանալով տարբեր երաժշտության ռիթմերին համահունչ տրամադրությամբ:

Անծանոթներն այս ճերմահեր մազերով տարեց պապիկի կողքով ժպտալով են անցնում, իսկ ծանոթները նրան տեսնելիս կանգնում են, մի փոքր զրույցի բռնվում, լսում նրա բազմաթիվ անեկդոտներից մի քանիսը և բարձր տրամադրությամբ հեռանում:

«Տարիներ առաջ, երբ ես սկսեցի քշել այստեղ, բոլորը շշմած ինձ էին նայում: Իսկ հիմա արդեն բոլորն ինձ գիտեն,- ասում է Լևոնը` խուսափելով նշել իր իրական տարիքը,- 15 տարեկանի պես եմ ինձ զգում»:

Լևոնն ասում է, որ իր օրը սկսում է վաղ առավոտյան` արևի հետ, հետո մարզանք, փոքրիկ նախաճաշ, և երիտասարդ տղա-ծերունին շարունակում է իր օրը` հարազատ անվավոր չմուշկներով` Օպերայի բակում, Կասկադի շրջակայքում կամ փողոցներում` ժպիտներ պարգևելով անցորդներին:

«Անընդհատ երիտասարդների հետ եմ շփվում: Ես ամեն օրով եմ ապրում, ամեն պահով: Ես մենակ եմ ապրում, ու մեր բակում, ով ծնունդ է անում, իմ տանն է անում, ով որ բանակ է գնում, իմ տնից է գնում: Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: Շատ ուրախ են օրերն անցնում»,-ասում է Լևոնը:

Լևոն Աբգարյանն ասում է, որ ծնվել և մեծացել է Երևանում, կրթություն ստացել Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում, սակայն հետո «շեղվել» է մասնագիտությունից և սկսել է ֆիզիկայով զբաղվել:

Նա պատմում է, որ երկար տարիներ աշխատել է պոլիտեխնիկ ինստիտուտի գիտական բաժնում, այնուհետև ընդգրկվել է Մոսկվայի ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման նախարարության սեյսմաբանական արշավախմբի մեջ: Իսկ 1980-ականներից հետո նրա կյանքը շարունակվել է ԱՄՆ-ում, ուր Նյու Յորքում ապրել է ավելի քան 16 տարի:

«ԱՄՆ-ում սկզբից ամեն ինչ էլ անում էի, հետո սկսեցի իմ գործունեությամբ զբաղվել: Հեռահաղորդակցության ընկերությունում աշխատելով՝ բարձր գումարներ սկսեցի վաստակել: Հետո առողջությունս վատացավ, ու ես ծանոթացա մի ուկրաինուհու հետ, ով գիտական բժշկությամբ էր զբաղվում, էներգոմագնետոլոգ էր, իրականում յուրօրինակ մի կին, նա էլ ինձ սովորեցրեց առողջ ապրելակերպի սկզբունքները, որի ջատագովն եմ առ այսօր»,-«Մեդիալաբին» պատմում է Աբգարյանը:

Պատմում է, որ 1993-ից սկսել է էզոթերիկայով զբաղվել, օշո ուսումնասիրել, մեդիտացիայով զբաղվել, ամիսներով չուտել, միայն ջուր խմել, որոշ ժամանակ լռել ու շարունակաբար նման կենսակերպ վարել:

«Հիմա էլ շարունակում եմ ամեն օր առավոտյան արև դիմավորել, մարզանք անել ու հնարավորին չափ էս չմուշկներ քշել, ըմբոշխնել լավ երաժշտությունն ու լավ մարդկանց ընկերակցությունը: Այսինքն` սկսեցի ոչ թե ապրել, այլ գոյություն ունենալ ամբողջության մեջ»,- խորանում է նա:

2003-ին Լևոնը վերադառնում է Հայաստան` խնամելու իր վատառողջ մորը՝ Նյու Յորքում թողնելով կնոջն ու որդուն և այլևս հետ չի վերադառնում:

«Ես ամեն տեղ ինձ հրաշալի եմ զգում, հիմա այստեղ եմ՝ Երևանում, ու ինձ հրաշալի եմ զգում, քանի որ չկա այնպիսի միջավայր, որտեղ ինձ վատ զգամ: Իսկ ընտանիքիցս պարզապես հեռացել եմ, տարիներն անցել են, ու կապը այլևս չկա»,- նշում է Լևոնը, ով պատմում է, որ շրջագայել է բազմաթիվ երկրներում, տարբեր ազգությունների ընկերներ ձեռք բերել:

Անվավոր չմուշկներ քշելուց և արևը դիմավորելուց ու ժպիտներ բաշխելուց զատ, Լևոնը նաև բանաստեղծություններ է գրում, կիթառ ու դաշնամուր նվագում, երբեմն էլ իր բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն է գրում:

«Ես «Զեփելինից» մինչև Պավարոտտի լսում եմ, այն ամենը, ինչի մեջ կա հոգի, կա էներգետիկա…Սայաթ-Նովայի երգերն էլ շատ եմ սիրում լսել»,- ասում է Լևոնը:

Առողջ ապրելակերպի ջատագով լինելով`Լևոնը կարծում է, որ հայ երիտասարդության մեծ մասն անգործությունից ու թշվառ կյանքից ելնելով հավաքվում է ու «ցավոք սրտի էդ անտեր խոտը ճարում, ծխում ու դրանով փարատվում»:

«Այստեղ ոչ մեկին ոչ մի բան դուր չի գալիս, որովհետև սպիտակ ցեղասպանություն է տեղի ունենում, բացարձակ անիրավություն, մենաշնորհներ. մի քանի հոգով բացարձակ չեն թողնում որևէ մեկին ինչ-որ գումարներին մոտենա»,- ասում է Լևոնը:

Ըստ նրա՝ մարդիկ շատ վախկոտ են Հայաստանում, նրանց մեջ վախ է նստած, որ իրենց անպատիժ կարող են ոչնչացնել:

«Այդ վախը մարդկանց մեջ, դա ամենամեծ բացասական բանն է Հայաստանում, որ կարելի է շեշտել, և դա իրական հիմքեր ունի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից սկսել են մարդկանց անպատիժ ոչնչացնել, ու դրանից հետո մյուս ղեկավարներն էլ ավելի են կատարելագործվել»,- մտահոգվում է նա:

Դեմ արտահայտվելով նաև քրիստոնեական կրոնին՝ Լևոնը նշում է, որ ինքը գտնվում է հանդուրժողականության բարձրագույն մակարդակում:

«Կրոնը քաղաքականություն է, Աստված գոյություն չունի, տիեզերքն անծայրածիր է, չունի սկիզբ ու վերջ, ուրեմն արարիչ չէր կարող ունենալ, և հենց դա անաստվածության պատասխանն է: Մարդ պետք է հավատա ինքը իրեն, իր կենտրոնի մեջ գտնվելով ինքն իր Աստծուն հասնի ու սիրի ինքն իրեն: Քրիստոնեությունը չի թողնում, որ մարդ սիրի իրեն, ասում ա, եթե դու քեզ սիրում ես, ուրեմն եսասեր ես: Բայց եթե դու քեզ չսիրես, դու չես հասկանա` դու ի´նչ ես, քեզ չես գնահատի, ու քո սերը չես կարա սփռես բոլորի վրա»,- ասում է Լևոնը և խորհուրդ տալիս բոլորին` միշտ բարին ցանկանալ դիմացինին ու անվախ լինել:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

© Medialab.am