Հրատապ նամակ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից. Մհեր Ենոքյան

10-07-2013
991 դիտում
Հրատապ նամակ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից. Մհեր Ենոքյան

Ստորեւ ներկայացնում ենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի նոր հոդվածը: Մհեր Ենոքյանին շատերը արդեն տեւական ժամանակ է ճանաչում են ի շնորհիվ «Նուբարաշենի կլոր գերեզմանոցից» գրած նրա անկեղծ, հուզիչ նամակների, իրավաշտպանների ու հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների ստացած աջակցության:

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 
 
Լուր 1 
 
«Հայաստանի իրավական համակարգի անհեռատեսության պատճառով այսօր  ցմահ բանտարկյալների մասնաշենքում զանգվածային ընդհարումներ են եղել, որի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, տուժել է 20 դատապարտյալ և մեկուսարանի աշխատակից»: 
 
Լուր 2 
 
«Այսօր Երևանի Ազատության հրապարակում քաղաքացիական ընդվզում է տեղի ունեցել, որին մոտավոր հաշվարկներով մասնակցել է 500.000 քաղաքացի: Նրանք իրենց անհնազանդությունն են հայտնել գործող վարչախմբին: Ուշ երեկոյան չի ստացվել խուսափել բախումներից: Ընդհարումներ են եղել քաղաքացիների և ոստիկանների միջև»: 
 
Աստված չանի, որ մի օր լուրերի թողարկումները սկսվեն հենց այսպիսի տեղեկատվությամբ: 
 
ՇՈՒՆ-ՄԱՐԴԸ 
 
Առավոտյան երկու հասուն տղամարդ դուրս եկան փողոց: Մեկը հագնված էր կոկիկ՝ բոլորովին նոր, թանկարժեք կոստյումով, նույնպիսի ժամացույցով ու կոշիկներով, սպիտակ վերնաշապիկով: Վրայից էլ թանկարժեք օծանելիքի հոտ էր բուրում: Մյուսը՝ պատառոտված, քնձռոտ շորերով էր: Բայց շոր ասելը պայմանական է, ամբողջը լաթ-լաթ կախված էր վրայից: Տեղ-տեղ կեղտի մեջ կորած մարմինն էր երևում: Վրայից էլ շան հոտ էր փչում: 
 
-Շո՛ւն- մարդ, ծնկի՛ արի,-հրամայեց իշխանավորը: 
 
- Լսո՛ւմ և հնազանդվո՛ւմ եմ, Տե՛ր-մարդ,- խեղճացած ասաց Շուն-մարդը և իսկույն ծնկի իջավ ու, լեզուն դուրս գցած, աղմկոտ շնչելով, չորեքթաթ պտտվեց տիրոջ կողքը: Հետո կանգ առավ ու մի բուռ ցեխ քսեց ինքն իր երեսին: Նայեց տիրոջը. 
 
-Էսպես լա՞վ ա… 
 
Շրթունքներն իրար պիտդ սեղմած՝ տերը գլուխը տմբտմբացրեց՝ հավանություն տալով շան տեսքին, հետո գրպանից հանեց 100 տարվա ոսկոր, գցեց շան դիմաց: Շուն-մարդը անցյալ դարից սոված էր, բայց մտածելով, որ կարող է է՛լ ավելի վատ օրեր լինեն, ոսկորը պահեց լաթերի տակ ու գոհ մնաց: 
 
Տերը մի հաստ շղթա կապեց նրա վզին  և շխշխկացնելով Աբովյանով իջան մինչև Հանրապետության հրապարակ:    
 
Հրապարակում խառնաշփոթ սկսվեց: Հետաքրքրասերներին, որոնք այնքան էլ շատ չէին, հետաքրքրում էր՝ ով է հաստափոր, յուղալի հաստ շուրթերով, ոտքից գլուխ զարդարված Շուն- մարդու վզից քաշ տվողը: Անտարբերները չնկատելու էին տալիս սարսափ ֆիլմ հիշեցնող այս տեսարանը, ոմանք հրճվում, բարձր ծիծաղում էին, քչերը՝ փորձում պաշտպանել Շուն-մարդուն, ով թափանցիկ լինելու չափ նիհար էր՝ դուրս ցցված այտերով ու աչքերով:      
 
Մի ծերունի բարկացած մոտեցավ երիտասարդների խմբի, որ կանգնած հրճվում էին տեսարանից. - 
 
Ի՞նչ եք հռհռում, ամբողջ ժողովրդին են չոքացրել, ձեր պապերին, ծնողներին: Դեռ ջահել եք, չեք հասկանում՝ վաղը դուք եք նույն օրն ընկելու: 
 
Ոմանք համաձայնեցին, բայց մի հիմար՝ կեղծ հպարտությամբ, ծերուկին հրեց. 
 
-Ա՛յ բիձա, էս ո՞ւմ ծնողին ես շուն ասում: 
 
- Է՛, տղա ջան, ուժդ հազիվ ծեր մարդու վրա է պատում, բայց կհամարձակվես ժողովրդին շան օրը գցածների վրա ձեռք բարձրացնես: 
 
Մի պահ լռություն էր: Հետո չորս-հինգ երիտասարդ վազեց դեպի Տեր- մարդը, սկսեցին բռունցքներով հարվածել նրան, կոստյումի օձիքից բռնած քաշքշում էին: Սպիտակ վերնաշապիկը պատռվեց, բոլորը տեսան, որ կրծքին մեծ ադամանդներով զարդարված ոսկե խաչ է կախված: 
 
-Ա՛յ անաստված, էդ խաչը դոշիցդ կախել ես,  իսկ խեղճ մարդուն շղթայով կապած մա՞ն ես տալիս: 
 
Մի կին բարկացած մոտեցավ, ապտակեց  Տեր- մարդուն: Այս ամենը տեսնելով՝ Շուն-մարդը հաչոցը դրեց փողոցով մեկ, կծեց տիրոջը: Այդ պահին Տերը խաչը հանեց, դրեց շան գլխին. 
 
-Դու երդվել ես հլու հնազանդ լինել: Դու վախենում ես նույնիսկ կծել, այնպես չէ՞: 
 
Շուն-մարդը կուչ եկավ, ոսկորը գցեց դիմացն ու սկսեց լիզել: Հավաքվածները  «թո՛ւ» ասելով՝ ապշած նայում էին:  
 
Ոստիկաններ մոտեցան աղմուկի վրա: Ուզում էին ձերբակալել երկուսին էլ: Բայց նրանք ցույց տվեցին բոլոր փաստաթղթերը: Ոստիկանները տեսան, որ նրանք օրենքով սահմանված կարգով պայմանագիր էին կնքել՝ երկուսն էլ կամովին ու գիտակցված հանձն էին առել որոշ պարտավորություններ մեկը մյուսի նկատմամբ: Մեկը պիտի հնազանդ լիներ, իսկ մյուսը՝ ոսկոր պիտի տար Շուն-մարդուն: Ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ էր, ամեն մեկը կատարում էր իր դերը: Հետևաբար մարդու իրավունքների ոտնահարման մասին խոսք լինել անգամ չէր կարող: Այս ամենը իմանալով՝ հավաքվածները է՛լ ավելի կատաղեցին: Մարդիկ խումբ-խումբ կանգնած վիճում էին: 
 
Երթուղային մոտեցավ՝ մեջն էլ լիքը մարդ: Շուն-մարդը չորեքթաթ մտավ երթուղային, դռան մոտ հարմարվեց: Շղթան պատուհանից դուրս բերեցին, որ Տեր-մարդը շղթայի ծայրը բաց չթողնի ու այդպես՝ ծայրից բռնած նա նստեց իր շքեղ «Ջիպը»: Երթուղայինն ու «Ջիպը» Մաշտոցի պողոտայով գնացին դեպի Սբ.Սարգիս եկեղեցի: Շուն-մարդը իրեն բնավ էլ վատ չէր զգում, չորեքթաթ ավելի հարմար էր, քան կռացած երթևեկելը կամ առհասարակ ապրելը……………….     
 
Ընդվզում: Արժանապատվություն: Համարձակություն: Փոփոխություն: Այլապես՝ ողբերգություն: Իմաստություն իշխանավորին, այլապես…  Աստված չանի, որ մի օր լուրերի թողարկումները սկսվեն նամակիս սկզբի լուրերով: 
 
Մհեր Ենոքյան 
 
18-րդ տարին անազատության մեջ, ցմահ բանտարկյալ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից  
 
© Medialab.am