Զարուհի Փոստանջյանի նամակը ԵԽ պաշտոնյաներին եւ ԵԽԽՎ անդամներին

31-07-2013
Զարուհի Փոստանջյանի նամակը ԵԽ պաշտոնյաներին եւ ԵԽԽՎ անդամներին

Հարգելի գործընկերներ,

Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի մոտ՝ Նոր Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսատանի Դաշնությունում տեղ գտած և օրեցօր մեծացող ռասիզմը և այլատյացությունը:  Կասկածյալ Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից դատարան է ներկայացվել կանացի հագուստով:

2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվել էր 18 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ ստացել էին տարբեր տեսակի վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը, ով եղել է մասնավոր ընկերությանը պատկանող անսարք Կամազ բեռնատար ավտոմեքենայի վարորդը, նույնպես ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, առանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու, նա տեղափոխվել էր դատարան և անմիջապես կալանավորվել: Այս պահին նա գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայի տիշինա» մեկուսարանի հիվանդանոցային բաժնում:

Նման ողբերգական իրադարձություն հնարավոր է տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, չլիներ ամենակոռումպացված երկրներից մեկը:

Բոլորիս հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում տիրող համատարած կոռուպցիան, հայտնի են արդարդատության համակարգի արատները, բայց, երբ այս ամենին գումարվում է ռասիզմը և այլատյացությունը, ակհայտ վտանգվում է ոչ միայն իրավունքի գերակայությունը, այլ նաև բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում այլ ազգի ներկայացուցիչների  կյանքի և արժանապատվության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ` ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ դեպքը և պահանջել Ռուսաստանի Դաշնության իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝  պատասխանատվության կանչելու «Ռուսաստան 1» «Լուրեր» հաղորդաշարի լրագրող Օլգա Սկոբեևային և Մոսկվա քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբիանինովին` այլատյացության և ռասիզմի տարածման համար, իսկ իրավապահ մարմինների և բժշկական հաստատության ներկայացուցիչների նկատմամբ անհապաղ քննություն սկսել` Հրաչյա Հարությունյանի պատիվը և արժանապատվություն նվաստացնելու փաստով:

 

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ

ԵԺԿ խմբակցություն/Հայաստան