Բայդեն-Սարգսյան. մինչ կպարզվի` ով է ճիշտ, վերլուծաբաններն ասում են, թե Ցեղասպանության հարցին լուրջ հարված է հասցվել

29-10-2010
476 դիտում
Բայդեն-Սարգսյան. մինչ կպարզվի` ով է ճիշտ, վերլուծաբաններն ասում են, թե Ցեղասպանության հարցին լուրջ հարված է հասցվել

Հոկտեմբերի 27-ի առավոտյան համացանցում է հայտնվել մի սկանդալային տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայկական համայնքը ներկայացնող մի երիտասարդի հետ զրույցում ասում է, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն և ասել չճանաչել Հայոց ցեղասպանությունը հայ-թուրքական գործընթացի թեժ պահին:

Տեսանյութը, ըստ երևույթին, թաքուն նկարահանման արդյունք է, որտեղ երևում է, թե ինչպես է ԱՄՆ փոխնախագահը զրուցում երիտասարդի հետ:

Երիտասարդ հայի այն հարցին, թե «... մենք շատ վրդովված էինք: Ես ուզում եմ իմանալ` ո՞րն է այն ուղերձը, որը մենք պետք է փոխանցենք մեր համայնքին», Ջո Բայդենը պատասխանում է.

«Դուք պետք է փոխանցեք ձեր համայնքին, որ մենք ետ չենք կանգնել: Թուրքերը պետք է ճանաչեն այն, ինչն իրողություն է: Իսկ այն, ինչ մենք պետք է անենք` փոխզիջումն է, որի ուղղությամբ մենք աշխատել ենք ու դեռ երկար պետք է աշխատենք: Ասեք նրանց, որ Հայաստանի նախագահը զանգել է ինձ և ասել` մի´ թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք: Մենք հետ կանգնեցինք: Դա անցյալում է հիմա: Իրականությունը դաժան է»:

Տեսանյութը շատ կարճ ժամանակահատվածում բուռն քննարկումների ու խոսակցությունների տեղիք է տվել` չուշացնելով ՀՀ նախագահականի հերքումը:

Նույն օրը տեսանյութին օպերատիվ արձագանքել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը` հայտարարությամբ հերքելով, թե Սերժ Սարգսյանը երբևէ նման խնդրանքով դիմել է Բայդենին:

«Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009 թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»,- ըստ հաղորդագրության ասել է մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը:

Նախագահականը հայտարարել է, թե պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը այդ խոսակցությունը հրապարակելու համար:

«Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները, ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»,-նշված է հայտարարության մեջ:

Մինչ ամերիկյան կողմը դեռևս լռություն է պահպանում` որևէ կերպ չարձագանքելով ՀՀ նախագահականի հայտարարությանը, քաղաքական վերլուծաբանները փորձում են հասկանալ,  թե ի´նչ է թաքնված այս ամենի հետևում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Մեդիալաբին» ասում է, թե արդեն կարևոր չէ` Բայդեն-Սարգսյանից ո´վ է ճիշտ, խնդիրը, ըստ վերլուծաբանի, այն է, որ փաստացի ապացուցվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ իրոք եղել են:

«Անկեղծ ասած` այս «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ ես հայտարարել էի, որ թեև ֆորմալ իմաստով այդ գործընթացում նախապայմաններ չկային, սակայն դե ֆակտո ակնհայտ էր, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն ու ԼՂ հարցը և Ցեղասպանության հարցը ուղղակի շաղկապված էին»,- ասում է Բոզոյանը:

Ըստ քաղաքագետի` Ջո Բայդենի խոսքը հաստատում է, որ Ցեղասպանության հարցին լուրջ հարված է հասցվել:

«Թե ո´վ է ո´ւմ զանգել` արդեն էական չէ: Փաստն այն է, որ Ցեղասպանության հարցը ընկալվել է որպես նախապայման, այսինքն` այդ գործընթացում հայկական կողմը սխալ հաշվարկներ է կատարել»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, Հայաստանի ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբին» ասում է, թե դժվար է մտածել, որ ԱՄՆ փոխնախագահը ստում է, չնայած հենց դրանում է նրան մեղադրում նախագահի խոսնակը:

«Սակայն հաշվի առնելով, որ հենց 2009 թվականի ապրիլի 22-ին ՀՀ-ի ու Թուրքիայի ԱԳՆ-ները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` դրանով ստվերելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և վտանգելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, կարծում եմ` որևէ անհավանական բան դրանում չկա»,- նշել է Կարապետյանը:

Ընդդիմադիր գործչի խոսքով` դեռ ավելին, մի քանի ամիս անց ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որի հիմքում էր պատմաբանների ենթահանձնաժողովների ստեղծումը, ինչը, ըստ Կարապետյանի, միանշանակորեն հարվածում է ճանաչման գործընթացին:

«Համադրելով վերոնշյալը, ինչպես նաև Ս. Սարգսյանի` խոսքից հետ կանգնելու ճանապարհով այցելությունը Թուրքիա` միանգամայն հավատալի է նման խնդրանքը Սարգսյանի կողմից: Մի բան պարզ է. Սարգսյանի քաղաքականության հետևանքով Հայաստանը կասեցրել է Ցեղասպանության միջազգային ճանաչումը և նպաստել, որ անգամ այն գործիչները, որոնք խոստացել էին ճանաչել, մոռացության են մատնել այդ խոստումը»,- ասում է Կարապետյանը:

Համացանցում հայտնված այս տեսանյութին անդրադարձել է նաև թուրքական Hurriyet օրաթերթը` գրելով, թե «Հնարավոր է, որ այդ տեսանյութը հատուկ պատրաստվել է Կոնգրեսի առաջիկա ընտրություններին ընդառաջ»։

Ըստ Hurriyet-ի` այդ տեսանյութը կարող էր շրջանառության մեջ դրվել երկու պատճառով: Նախ` ԱՄՆ փոխնախագահի այդ խոսքերը կարող են նշանակել, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում Ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունելու, և նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործելու է «Ցեղասպանություն» եզրույթը:

«Երկրորդ` այդ տեսանյութով, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դեմոկրատները նոյեմբերի 2-ին Սենատում և Ներկայացուցիչների պալատում կայանալիք ընտրություններում փորձում են փրկել իրենց վտանգված աթոռները»,- հավելել է թուրքական պարբերականը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am