Կյանքն անիվների վրա. «Հիմա ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր»

06-09-2013
599 դիտում
Կյանքն անիվների վրա. «Հիմա ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր»

Եթե մի քանի տարի առաջ Երևանի փողոցներում հեծանվորդների ներկայությունը խիստ տարօրինակ և ուշադրության արժանի երևույթ էր, ապա վերջին մեկ տարվա ընթացքում պատմությունը կարծես թե փոխվում է: 

Տրամադրությունների փոփոխությունները և հեծանիվների հանդեպ հատկապես երիտասարդների տրամադրությունների և հեծանիվների ներկրման աճի մեծ տեմպերը սկսում են հույս ներշնչել, որ մայրաքաղաքը ծանրացնող թանկարժեք բրաբուսների և թյունինգ արած այլ մեքենաները քիչ-քիչ կարող են իրենց տեղը զիջել էկոփոխադրամիջոցին:

Վիճակագրության համաձայն՝ միայն այս տարվա եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հեծանիվների ներկրումն աճել է առնվազն 61 տոկոսով, ինչը, ըստ մասնագետների, աննախադեպ է:

«Մեզ սկսել են նկատել, և հաճախ ոչ վատ իմաստով,- «Մեդիալաբին» ասում է 2009-ից տրանսպորտը հեծանիվով փոխարինած յոգայի ուսուցիչ 36-ամյա Վահագն Վարդումյանը: - Հիմա այլևս ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր, հեծանվորդների թիվը վերջին ժամանակներում առնվազն տասնապատկվել է»:

Եթե 2013-ի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 14.700 հեծանիվ, ապա մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 9100 էր:

Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման մեջ ներդրում ունեցող Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ իշխանությունների ուշադրությունը, հեծանվային կայանատեղերի բացումը, պրոֆեսիոնալ հեծանիվների խանութ-սրահներն արդեն խոսում են, որ ոլորտում լուրջ փոփոխություններ կան:

Սրա մասին վկայում են նաև հեծանվորդների ակտիվ ներկայությամբ տարբեր միջոցառումները, հյուրանոցների հետաքրքրությունը հեծանվային վարձույթի հանդեպ, ինչպես նաև սրճարանների կողմից հեծանվով «գրին դելիվերին»:

«Հինգ տարի առաջ ես մատներիս վրա կարող էի հաշվել, թե Երևանում քանի հեծանվորդ կա: Իսկ այսօր այնքան են շատացել, որ շատերին չեմ ճանաչում»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ սպորտի վարպետ, ամենահայտնի հեծանվորդներից մեկը` Սամվել Հովհաննիսյանը: - Եթե տարիներ առաջ մեքենաներն ազդանշան էին տալիս, այսօր նույնիսկ տարիքով մարդիկ, մեծահարուստներ, ովքեր շքեղ մեքենաներ ունեն, ուզում են լավ հեծանիվ ունենալ»:

Երևանի ծանրաբեռնված երթևեկության պայմաններում Սամվել Հովհաննիսյանն իր հեծանվորդ ընկերների հետ դեռևս 2007-ին սկսեց հեծանվային շարժումը` հիմնելով «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ն: Նրանց նպատակը հեծանվային մշակույթը որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց Հայաստանում քարոզելն էր` բնապահպանության, մշակութային կոթողների պաշտպանության և քաղաքացիական նախաձեռնություններին հեծանվարշավներով և ակցիաներով աջակցելով:

Սակայն Հովհաննիսյանը նշում է, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մայրաքաղաքում նոր թափ ստացած հետաքրքրությունը անհամեմատ փոխել է իրավիճակը:

«Եթե նախկինում շատերը հեծանվորդ տեսնելիս ազդանշան էին տալիս կամ հետևից գոռում, թե ինչու է դուրս եկել փողոց, հիմա մեծ մասը ազդանշան է տալիս ողջունելու համար»,- ասում է նա:

Չնայած հայ հասարակության մեջ շատերի համար «լավ տղայի» կերպարը շարունակում է կարծրատիպային մնալ` սև շորերով, թանկարժեք մեքենայով և լավ տնով, իսկ հայ աղջիկն ու հեծանիվն առհասարակ իրար հետ եզր չունեցող բառեր են, այնուամենայնիվ, հեծանիվների ներկրմամբ զբաղվող ընկերությունները նշում են, որ տրամադրությունները փոխվում են տարբերի խավերի մոտ` շնորհիվ նորաձևության, որակյալ և նորաոճ հեծանիվների, ինչպես նաև վերջին տարիներին երիտասարդների՝ արտերկիր մեկնելու հնարավորությունների և դրսից ներս մշակույթ բերելու շնորհիվ:

«Արա ախպեր, արի մի հատ հեծանիվ քշենք, մանկություններս հիշենք, համ էլ շատ օգտակար ա»,- հայկական հեռուստասերիալների «լավ տղայի» կերպարները շատերի համար անսովոր՝ էկրաններին են հայտնվում հեծանիվներով:

Հայաստանում առաջիններից մեկը եվրոպական հեծանիվների ներմուծմամբ անցյալ տարվանից զբաղվող www.bike.am հեծանիվի խանութի վաճառքի գծով մենեջեր Ռուբեն Մարկարյանը նշում է, որ վաճառքը միայն իրենց մոտ առնվազն 50 տոկոսով ավելացել է:

«Եթե նախկինում շուկայում միայն անորակ ու էժան հեծանիվներ էին, հիմա շուկան պահանջարկին զուգահեռ փոխվել է, ընտրությունը մեծ է,- «Մեդիալաբին» ասում է Մարկարյանը: - Մեզ մոտ գները տատանվում են 139.000 – 1,2 միլիոն դրամի սահմաններում: Գնորդները հիմնականում երիտասարդներ են, որոնք գնացել են դուրս, տեսել են, հետաքրքրվել են, փոխել են իրենց մոտեցումները: Հեծանիվ ունենալը նոր ոճ է, նոր մոտեցում, որը սկսել է մարդկանց գրավել` անկախ խավից ու մոտեցումներից»:

Մեկ այլ հայտնի խանութի՝ Dreamland Bike-ի հիմնադիր Տիգրան Կորկոտյանը հավելում է, որ «Հայաստանում հեծանիվը մոդայիկ է դառնում, քանի որ մեր հասարակությունը զարգանում է»: Հեծանվային միջազգային բրենդում աշխատող հեծանվորդ Կորկոտյանը նշում է, որ երևանյան խանութում տեսականին բավական մեծ է, գները տատանվում են 200-600 հազարի սահմաններում, թեև «պոտենցիալը բավականին մեծ է»

«Հայաստանում հեծանիվը մոդայիկ է դառնում նաև այն պատճառով, որ հեծանիվ վարելն այլևս ամոթ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Կորկոտյանը, ով 2003 թվականից ապրում է Ֆրանսիայում : Նա նշում է, որ հայրենիքում հեծանիվի պրոֆեսիոնալ խանութ բացելով, բացի բիզնես հետաքրքրությունից, նաև նպատակ է ունեցել զարգացնել հեծանվային շարժումը:

Երևանի արվարձաններից մեկում բնակվող մասնագիտությամբ ոսկերիչ 29-ամյա Դավիթ Հարությունյանը «խելքից դուրս» է համարում հեծանիվի համար մեծ գումարներ տվողներին:

«Լսել եմ, որ շատ թանկ հեծանիվներ կան, ո՞ւմ են դրանք պետք: Իսկական հայ տղան պիտի մեքենա ունենա, հեծանիվով դուրս գամ փողոց, բոլորը վրես կծիծաղեն, իսկ աղջիկն ընդհանրապես պիտի տենց բաների մասին չմտածի»:

Մասնագիտությամբ լրագրող 25-ամյա Լիլիթ Առաքելյանը, ով նույնպես մայրաքաղաքի արվարձաններից մեկում է ապրում, նշում է, որ թեև շատ բան է փոխվել, սակայն վերաբերմունքը միանշանակ չէ, հատկապես ծայրամասերում:

«Որոշ ժամանակ ինքս հեծանիվ էի վարում, բացի տարօրինակ վերաբերմունքից, Երևանն իր ձևով դեռևս հարմարեցված չէ հեծանիվ վարելուն` անկանոն փողոցային երթևեկությունը, քաղաքի տարբեր ռելիեֆները, ինչպես նաև հարևանների վերաբերմունքը՝ բոլորը չէ, որ կարող են հաղթահարել»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Վերաբերմունքի մասին խոսում է նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ շեշտելով, որ հեծանիվները, մոտոռոլերները մեր հասարակության մեծ մասի մոտ անլուրջ տպավորություն են թողնում: Մտովի հետ գնալով երիտասարդ տարիներ՝ Ադիբեկյանը պատմում է, որ տարիներ առաջ սիրած աղջկա ծնողների հետ առաջին հանդիպմանը մոտոռոլերով ներկայանալով այնքան էլ լուրջ տպավորություն չի թողել նրանց վրա:

«Շատերի մոտ միջնադարյան հոգեբանությունը մնում է, և լուրջ մարդը մեծ տուն, մեծ մեքենա պետք է ունենա»,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը:

Յոգայի ուսուցիչը Վարդումյանը այնուամենայնիվ հավելում է, որ չնայած բազում խնդիրներին` երթևեկության կանոնների բացակայությանը, իրազեկության ցածր մակարդակին, ինչպես նաև հասարակության մեծ մասի «նյութապաշտական և սերիալային մակարդակին», վերաբերմունքը փոխվում է:

«Երբ հարցնում են հեծանիվի գինը և իմանում, որ իրենց մեքենայի կես գինն է, արդեն սկսում են ակնածանքով մտածել,- ասում է Վարդումյանը: - Հասկանում են՝ որ չնայած կարծրատիպերին, հեծանվորդը հեչ էլ կարիքի մեջ կոտորվող մարդ չի, այլ անհատ, որը գիտակցաբար ընտրել է հեծանիվը և իր կենսակերպը»:

Լուսանկարը` http://bike.am/ 

© Medialab.am