Անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներին. Տեսանյութ

06-09-2013
301 դիտում
Անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներին. Տեսանյութ

Այսօր երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներ Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երկուսն էլ ստացալ են են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: 

Հայկակ Արշամյանի կինը` Գայանե Արշամյանը, «Ազատություն»  ռադիոկայանին տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Զաքյան փողոցում գտնվող իրենց տան դիմաց, երբ ամուսինը մեքենան կայանելիս է եղել: Մեքենայում գտնվել է Սուրեն Սաղաթելյանը:

Գայանե Արշամյանի խոսքով, հարձակվողները վեց-յոթ հոգով են եղել, իջել են ինչ-որ սև մեքենայից: Հարձակվել են թիկունքից` հենց Հայկակ Արշամյանը իջել է մեքենայից, գցել են գետնին, ձեռքերով, ոտքերով դաժանաբար ծեծել: Սուրեն Սաղաթելյանին ծեծել են հենց մեքենայի մեջ:

Արշամյանը վնասվածներ է ստացել դիմածնոտային շրջանում, Սաղաթելյանի գլուխն է վնասվել:

Գայանե Արշամյանը նաև տեղեկացրեց, որ ոչ նախկինում, ոչ այժմ երկու քաղաքացիական ակտիվիստների հասցեին սպառնալիքներ չեն հնչել և իրենց համար անհասկանալի են տեղի ունեցածի դրդապատճառները: Տուժողները դիմել են ոստիկանություն:

Տեսանյութը` Սիվիլնեթի