Լիսկայի որդուն եւ թիկնապահին ազատ արձակեցին. «Գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»

07-09-2013
322 դիտում
Լիսկայի որդուն եւ թիկնապահին ազատ արձակեցին. «Գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»

ՀՀ ՊՆ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որտին եւ թիկնապահն ազատ են արձակվել, քանի որ նրանց «գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին» :

Հիշեցնենք, որ հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած աղմկահարույց, ողբերգական միջադեպի հետեւանքով զոհվել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ եղբայրը` Արտակ Բուդաղյանը լուրջ վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ կալանավորվել են Սուրեն Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, և մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ովքեր տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Դեպքից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ մինչև նախաքննության ավարտը դադարեցնում է իր լիազորությունները:

Սակայն, միջադեպից հետո, կառավարության հունիսի 6-ի որոշմամբ ազատվել էր երկար տարիներ զբաղեցրած իր պաշտոնից: Շատերը սպասում էին, որ այս դեպքում գոնե նախկին մարզպետին եւ ընտանիքի անդամներին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրությունն այլ բան է ցույց տալիս:

«ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am