«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին

06-02-2013
364 դիտում
«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին

 

«Մեդիալաբի» զրուցակիցը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է: Թեման` նախընտրական շրջանում երկրում ստեղծված իրավիճակն ու տրամադրությունները:

- Պարոն Բաղդասարյան, վերջին տարիներին հայ հասարակությունն անտարբեր է դարձել: Անգամ այս փուլում, երբ նախընտրական շրջան է, հասարակությունն ակտիվ չէ, ինչպես 2008 թվականին էր: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Մարտի 1-ով, ինչո՞վ պետք է բացատրեմ: Եթե մենք 20 տարի տեսնում ենք, որ չենք կարողանում ընտրություն կատարել նորմալ, սա պետք է լինի իրականությունը: Ես հերթով բոլորին դատելով կգայի, ովքեր կեղծել են ընտրությունները: Ի՞նչ է նշանակում գողանալ ձայնը քո սեփական քաղաքացուց: Դա մահապատժին հավասար հանցագործություն է: Ի՞նչ արեցին 20 տարվաընթացքում, ի՞նչ սարքեցին, ուղղակի սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ հինգ, տասը, տասնհինգ հազար դրամանոց: Նրանք բոլորը հայ ազգի թշնամիներն են և պետք է դատվեն, թե փողով են կեղծել, թե բռի ուժով, հայ ազգի թշնամիներն են, բոլորը հատ-հատ՝ 91 թվականից մինչ այսօր, պետք է դատվեն: Սա մի մեխանիզմ է գծած՝ քուչի աֆտարիտետներից սկսած, կիսագողական, լրիվ գողական աշխարհը ներգրավելով, օլիգարխիկ կապիտալով, մի այնպիսի սցենար է գծած, որ դրա դեմ ոչինչ անել չես կարող: Բայց բոլորը ամպագոռգոռ հայտարարություններ են անում, ժողովրդավարությունից են խոսում: Մենք ընտրություն չենք ունեցել, ինչի՞ց են խոսում: Ով որ հակառակն է ասում, լկտի սուտասան է, որովհետև ժողովուրդն ամեն ինչ գիտի, անուն առ անուն գիտենք, թե ով ինչ է արել: Եվ դա բերում է այս ապատիային, որ անհնարին է մի բան անել: Եթե այս նույն բանն անեին ռուսների հետ, Կրեմլը կքանդեին, հայը պայքարող չի:

- Ինչո՞ւ պայքարող չի, ազգային առաձնահատկությո՞ւն է, թե՞ հավատ չկա:

- Մեր մենթալիտետն է այդպիսին: Ես հազար անգամ ասել եմ՝ եթե հազար տարի, ներողություն արտահայտությանս համար, էս սուլթանի հետույքը համբուրես, էն սուլթանի, սրան հարմարվես, նրան հարմարվես, դա մտնում է գեներիդ մեջ, մեջդ ճորտություն է մտնում: Քառասուն տարի, ոնց որ Մովսեսն էր ասում, պետք է, որ երեք սերունդ մաքրվի, ճորտերին մաքրի, ճորտերը մահանան, որ իրենց երեխեքի վրա պետություն հիմնվի: Այդ 40 տարին պատահական չի, դա երեք սերունդէ: Նույնն էլ մեզ է պետք, որովհետև ճորտությունը նստած է մեր մեջ: Հինգ, տասը, քսան հազար դրամով վաճառվող մարդը ի՞նչ Հայաստանի քաղաքացի, ես այդ մարդուն չեմ համարում իմ հայրենակիցը: Միաժամանակ ես հասկանում եմ, որ իրենք հատուկ են մարդուն էդ աստիճանի նսեմացրել, որ երեխան սոված լինի, որ այդ հինգ-տասը հազարը նրանց համար մեծ փող լինի: Այո, դա մտածված է արվում, որ հանկարծ չհարստանաս, որովհետև եթե հարստանաս էլ, էլի վաճառվելու ես, բայց այդ ժամանակ 100-150 հազար դրամ ես ուզելու, ինչի՞ թանկ նստես օլիգարխի վրա: Մեկ է, հետո Լֆիկը 20 դրամով կբարձրացնի իրա ալյուրի գինը ու իր փողը հետ կբերի, այնպես, ինչպես անում է ընտրություններից հետո ու միշտ անելու է:

- Հասարակության կողմից ընտրությունները բոյկոտելու մեսիջներ տեսնո՞ւմ եք այս փուլում, կարծես թեկնածուները նման մտավախություն ունեն:

- Ոչ, չեմ տեսնում նման բան: Բայց ես Սերժ Սարգսյանի մոտ նևրոզ եմ տեսնում: Այդ վերջին պատմությունը՝ խիյարի հետ կապված, իրականում նևրոզի արդյունք է: Ես չեմ կարծում, որ այդ նյարդային վիճակը մրցակցությունից է, դա, ինձ թվում է, իր ներքին թիմի վատ աշխատանքի հետևանք է:

- Միայն նևրոզո՞վ եք բացատրում Սերժ Սարգսյանի այդ պահվածքը: Կա տեսակետ, որ լուրջ մրցակից չունենալու արդյունքում է նա այդպես խոսում մարդկանց հետ:

- Ոչ, նևրոզ կա, ներվայնություն կա: Ես չեմ կարծում, որ նա դրանով ծաղրում է մեր ժողովրդին: Ինքը մի լավ բան ասեց իր մասին՝ էնքան մեղք ունենք, մեր մեղքերը մի ավելացրեք: Լիքը մեղքեր ունեն նրանք: Որևէ մեկը չի մտածում, որ նրանք ազգի թշնամիներ են: Իմ տեսակետն այն է, որ պարզապես ընդունակ չեն: Այս երկրի հիմնական խնդիրը կադրային խնդիրն է: Մարդիկ, ովքեր կարող են մի բան փոխել, մի կողմ են դրված: Նույնը իմ ոլորտի օրինակով եմ ասում: Փոխարենն այսօր այնպիսի փողեր են կուտակել օլիգարխները, որ ազգային անվտանգության խնդիր է, չի կարող այդքան գումար կուտակվել մի քանի մարդու ձեռքում: Յուրաքանչյուր երկրում դա կոչվում է революционная ситуация: Ամբողջ աշխարհում, երբ որ նման կուտակում է գնում, օլիգարխները սկսում են հետ տալ այդ փողերը, որ այդ անդունդը փոքրացնեն, իսկ այստե՞ղ: Էդ աստիճանի՞ ագահ: Ես չգիտեմ, էդ ինչքա՞ն պիտի չսիրես քո ժողովրդին, որ այդպես վարվես: Իրենք նշանակված միլիոնատերեր են, բայց երևի մտածում են, որ այնքան խելք ունեն, որ էդ վիճակին եկել-հասել են: Խոշոր բիզնեսմենների հետ որ խոսում ես, բոլորն ասում են՝ Հայաստանը մի խնդիր ունի՝ Լֆիկ Սամոն: Նրան որ վերացնես, տնտեսությունը շունչ կքաշի, այ այդ աստիճանի ֆիգուր է դարձել, որն ուղղակի մեզ ծաղրում է, խեղկատակություն անում: Մեկը չկա` մի հատ ապտակի ու իրան նստացնի իրա տեղը: Պատկերացրեք նրա անպատժելիության աստիճանը, որ կանգնում ու ասում է՝ բիզնեսս կինս է ղեկավարում: Իսկ այդ ամբողջն ո՞ւմ խնդիրն է՝ Հայաստանի նախագահի, որովհետև կամքի խնդիր է: Ասում է՝մի օրում չի լինի, 20 տարվա ճամփա պիտի անցնենք և այլն, դա ծիծաղելի է: Մի օրն էլ շատ է, մի ժամում կլինի, կամքի խնդիր է:

- Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում:

- Լուծումը տեսնում եմ, որ սրանց պետք է կեղտոտ ավելով, ցավացնելով, ցանկացած մեթոդով շպրտես, գնան այստեղից: Ժողովուրդը միանշանակ պետք է ոտքի կանգնի: Կանգնել էր ոտքի, ի՞նչ արեցին՝ փախան, գնացին տները: Լիդերը պետք է այդ ժամանակ լիներ Ֆիդել Կաստորն ու Չե Գեվարան, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե մի բան ուզում ես փոխել, վերցրու ու փոխիր, ոչ թե ընկիր դեմագոգիայի մեջ, վախկոտ ֆռֆռա: Հիմա այդ մարդիկ իրավունք չունեն որևէ բան խոսելու, պատմական աղբանոցում են ու երբևիցե նման շանս էլ չեն ունենալու, երբևիցե: Դա իրենք լավ գիտեն, դրա համար էլ չեն դնում իրենց թեկնածությունը, որովհետև խայտառակ կլինեն, իրենց համախոհների 40 տոկոսն էլ իրենց ձայն չի տա:

- Իսկ առհասարակ ինչո՞վ եք բացատրում մյուս ընդդիմադիր ուժերի պասիվ պահվածքն ու անտարբերությունն ընտրական գործընթացների նկատմամբ:

- Դա խայտառակություն է՝ երեք խմբակցություն, որ մտել են խորհրդարան պայքարելու համար, թեկնածու չեն առաջադրում: Միանգամից իրենց սիրուն խորհուրդ՝ պատմական աղբանոց, ուրիշ տեղ չկա, «Օրինաց երկիր» կուսակցության կողքին: Այդ դեպքում քաղաքական պայքարի իմաստը ո՞րն է, ինձ բացատրեք: Ուրեմն բացեիբաց ասեք, որ Սերժ Սարգսյանն էն աստիճան ուժեղ է, որ անցնելու է, կամ էլ կեղծելու է: Երկուսից մեկն ասեք, մի բան ասեք, ի՞նչ է նշանակում՝ չենք դնելու թեկնածու, դա շատ ծիծաղելի է: «Բարգավաճ Հայաստանը» այն գլխից էլ պարզ էր, որ կուսակցություն չէ, բայց դաշնակցականներն էլ հո կուսակցություն էին: Մյուս կողմից էլ` մեր երկրում ամենուր մանկամտություն է, սև է կամ սպիտակ, ոչ մի երանգ չկա: Նման մանկամիտ մտածողությամբ ազգը չի կարող առողջ քաղաքական դաշտ կերտել: Դա սարսափելի է, ամեն տեղ մանկամտություն է, միացրեք հեռուստացույցը՝ ֆիլմերը, հաղորդումները, մանկամտություն է: Դա գալիս է նրանից, որ պրոֆեսիոնալներին մի կողմ ենք շպրտել: Այսօր քաղաքական դաշտը լուրջ խնդիրներ ունի: Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ ընդդիմություն է պետք, առանց ընդդիմության կկործանվի այս երկիրը, բայց ի՞նչ անի, զոռո՞վ ստեղծի ընդդիմություն, խամաճիկներո՞վ, ինչքա՞ն կարելի է: Ընդդիմությունը գաղափար է, քաղաքական գաղափար: Ես ասացի, թե ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե արտաքին քաղաքականության մասով ի՞նչ է լինելու մեր վիճակը: Մեր հարցն է դրված՝ կլինե՞նք, թե՞ չենք լինի որպես պետություն: Այ այդ աստիճանի լուրջ է այս հինգ տարին լինելու: Հիմա դրսում ո՞ւմ է պետք ուժեղ հայ նախագահ, ոչ մեկի: Հայաստանին հիշում են միայն ապրիլի 24-ին, էն էլ` մի քանի երկիր, վերջ, Հայաստանը գոյություն չունի քաղաքական քարտեզի վրա: Մեկ էլ` թուրքերին ճզմելու համար են հիշում՝թքած ունենալով մեզ վրա, վերջ:

- Անտարբերության համար այսօր հաճախ մեղադրում են նաև մտավորականներին՝ ասելով, որ ժողովրդի կողքին չեն կանգնում, ուղղություն ցույց չեն տալիս: Սա ինչո՞վ եք բացատրում:

- Եթե քաղաքացին վաճառվում է հինգ, քսան, երեսուն հազար դրամով, մտավորականը վաճառվում է իր գնով: Հայ մտավորականության 95 տոկոսը պուտանկաներ են բոլորը, վաճառքի սպասող: Վաճառվում են կոչումներով, նյութականով, միլիոն ձև կա վաճառվելու:

-Ոչ թե խոսքերով, այլ իրականում դեպի ապահով Հայաստան գնալու համար ի՞նչ պետք է արվի:

- Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը կանի ավելին, ինչ արեց անցած հինգ տարվա ընթացքում: Փորձեր եղան անելու ինչ-որ բան, բայց ներքին պառակտում կա այնտեղ: Շատ դժվար է վերցնել ու այդ օլիգարխներին նստեցնել իրենց տեղը: Պետք է այդ օլիգարխներին հավասարաչափ հեռացնել և բերել հարկային դաշտ, վերացնել մոնոպոլիան, թողնել, որ ուրիշներն էլ շաքարավազ, ալյուր և ձեթ բերեն էս երկիր: Եթե Carrefour-ը չմտավ Հայաստան, ես սարսափելի բաներ կխոսեմ այս իշխանությունների մասին, որովհետև շան նման վախում են Carrefour-ից: Դա շատ կարևոր քայլ է, ուղղակի մի հիպերմարքեթի բացում չի, դա տնտեսության ապամենաշնորհացման մի կարևոր խնդիր է: Սերժ Սարգսյանը պետք է կառուցվածքային փոփոխություններ կատարի, ոչ թե դերասանական, թե տեսեք՝ էս ենք արել, էն ենք արել: Եթե ինքն իրոք հասկանում է և ուզում է պատմության մեջ մտնի, կառուցվածքային բարեփոխումներ պետք է կատարի բոլոր ոլորտներում: Սակայն նա դա չի անի բնականաբար, որովհետև այդ փողերով է եկել իշխանության, այդ օլիգարխիկ բարձիկն է իրեն բերել: Դա կարող է անել մի մարդ, ով այդ բարձիկի վրա նստած չի եղել:

- Եթե ընտրությունները չկեղծվեն, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պարտվի՝ հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը:

- Իհարկե, եթե ընդհանրապես վարչական ռեսուրսներ չօգտագործվեն: Բայց վարչական ռեսուրսների դեմը չենք կարող առնել, որովհետև շատ կենտրոնացված երկիր է, շատ վախեցած ժողովուրդ է՝ մանկամիտ դատողությամբ: Եթե այդ ռեսուրսը չօգտագործվի, միանշանակ մեկ-երկու թեկնածուներ շանսեր ունեն: Բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանն ամենաշատ շանսն ունի, ինչո՞ւ չէ՝ Հրանտ Բագրատյանը:

- Քաղաքացիական հասարակությունն էլ կարծես վերջին շրջանում պասիվություն է դրսևորում, ինչո՞վ եք բացատրում:

- Շատ կարևոր է դա՝ քաղաքացիական հասարակություն ստեղծելը, ինչպես վերացնել այդ մանկամտությունը, դատողության մանկամտությունը, գնահատականների, սև ու սպիտակ մտածողությունը: Սրանք լուրջ գործընթացներ են, իրականում սա տհասություն է, չնայած ես չեմ ուզում վիրավորել հայ ժողովրդին: Քաղաքացիական հասարակությունը կարևոր խնդիր է կատարում, ու չեմ կարծում, որ հիմա պասիվ է: Ուղղակի այստեղ խնդիր կա՝ քաղաքականացվելու պարագայում միանգամից կլինեն մարդիկ, ովքեր կուզեն ղեկավարել այդ գործընթացը: Ես գիտեմ անգամ նման փորձեր: Փորձեր կարվեն առաջիկա հինգ տարվա ընթացքում քաղաքացիական հասարակությանը ղեկավարել, դրանով իսկ իսպառ սպանել դա, դրան կարող է գումարվել ներսից լիդերության ձգտումը, ինչը բնորոշ է հայերին: Լավագույն դեպքում կարող է մնալ միայն էկոլոգիական շարժումը, որը շատ անհրաժեշտ է, բայց դա պետք է լինի շատ հզոր մի շարժում, որի հետ հաշվի կնստեն շատ բարձր ատյաններում: Պետք է գան, հասնեն Մաշտոցի պուրակ, ասեն՝ Տարոն, սիրուն չի, ու տանեն Տարոնին լիքը բաներ ցույց տան, ասեն՝ էս էլ սիրուն չի, Տարոն, սա էլ սիրուն չի, սա էլ, հերթով: Հետո սկսեն մարդկանցից՝ էս մարդն էլ «սիրուն» չի, ու կամաց-կամաց մաքրեն Հայաստանը:

Լիանա Գալստյան

© Medialab.am