«Կանաչ խոտ էինք տեսնում, գիտեինք` ուտելու է, հարցնում էինք` կարա՞նք էս ուտենք, թե՞ չէ». թաիլանդական էկզոտիկայից մինչև հայաստանյան իրականություն

11-10-2013
8144 դիտում
«Կանաչ խոտ էինք տեսնում, գիտեինք` ուտելու է, հարցնում էինք` կարա՞նք էս ուտենք, թե՞ չէ». թաիլանդական էկզոտիկայից մինչև հայաստանյան իրականություն

«Բարև», «ո՞նց ես», «գնանք», «լավ եմ», «հաջող». 27-ամյա թաիլանդուհի Փաուինա Սոնգկարինը թվարկում է այն բոլոր հայերեն բառերը, որոնք սովորել է Հայաստանում ապրելու վերջին ամիսների ընթացքում:

Թաիլանդական մշակույթից ու ապրելակերպից տեղափոխվելով մի նոր՝ հայաստանյան իրականություն, նա օրեցօր ուսումնասիրում է ու բացահայտում իր համար հայերին ու Հայաստանը:

Իր համերկրացի` 36-ամյա Ջանթոնգ Սրինետի հետ նա աշխատում է մերսման սրահում, որտեղ եկել են աշխատելու սրահի սեփականատիրոջ հրավերով:

«Մինչև այստեղ գալը չգիտեի` Հայաստանը ի՞նչ երկիր է, որտե՞ղ է գտնվում, հետո քարտեզի վրա ցույց տվեցին, իմացա: Մենք շատ ենք սիրում Թաիլանդը, մեր ուտելիքները ու շատ կապված ենք մեր երկրի, մեր ընտանիքների հետ: Սկզբից շատ դժվար էր, որ եկա Հայաստան, որովհետև ընտանիքից այսքան հեռու երբեք չէի եղել, հիմա մի քիչ սովորել եմ»,- ասում է Փաուինան, ով Թաիլանդում է թողել իր 4 տարեկան որդուն:

Շուրջ 2 տարի թաիլանդական մերսմամբ զբաղվող Փաուինան նշում է, որ Թաիլանդում մերսման սրահները շատ են, և մարդիկ էլ ավելի շատ են հաճախում, քան Հայաստանում:

«Երբ հայերին մերսում ենք անում ու դեմքից զգում ենք, որ ցավումա, իրենք զսպում են իրանց, ձայն չեն հանում, գիտեն ձևը տենց ա, իսկ թաիլանդցիները բոլորը գիտեն, թե որտեղ ինչքան ու ոնց ա պետք անել»,- ասում է Փաուինան, ով աշխատել է Թաիլանդի հայտնի առողջարանային ու զբոսաշրջային քաղաքում՝ Պատայայում:

Արյունատար համակարգի և մարմնում կենսական էներգիայի հոսքերի կարգավորմանն ուղղված թաիլանդական մերսումից բացի, Փաուինան թվարկում է մերսման այլ տեսակներ, որոնք իրենք անում են` յուղային մերսում, ոտքի մերսում, նիհարեցնող և արոմա մերսում:

Անուշահոտ յուղերի, մոմերի, ծաղիկների, թաիլանդական աքսեսուարների, նկարների ու գույների կոլորիտի մեջ Փաուինան ու Ջանթոնգը իրենց շատ հարազատ են զգում:

Աշխատավայրից բացի, «Թաի տունը» համարվում է նրանց տունը, որտեղ նրանք ապրում են, ամեն օր մաքրում, զարդարում և թաիլանդական մշակույթին բնորոշ ձևափոխումներ կատարում վարագույրներով առանձնացող մերսման սենյակներում:

«Թաիլանդական մասաժով շատ գումար կարող ես աշխատել, բայց փողից բացի մարդիկ, որ գալիս են, ցավեր են ունենում, ու դու կարում ես օգնես իրենց, դու էլ ես քեզ լավ զգում, քեզ բժշկի նման ես զգում»,- ասում է Փաուինան:

Շաբաթվա 6 օրն աշխատելով՝ իրենց հանգստյան մեկ օրը Փաուինան և Ջանթոնգը նվիրում են Երևանում զբոսանքներին:

Իսկ քաղաքից դուրս այս 4 ամիսների ընթացքում շրջագայել են Սևանում, Դիլիջանում, Գառնիում, եղել են Ս. Էջմիածնում:

«Ես սիրում եմ Հայաստանը: Երևանը ու Թաիլանդի քաղաքները տարբեր գեղեցկություն ունեն: Այստեղ շատ տարբեր են շենքերը, փողոցներում անցումները, բայց քիչ են կանաչ տարածքները, ծառերը, իսկ Թաիլանդում շատ-շատ են այգիներն ու անտառները»,- ասում է երիտասարդ թաիլանդուհին:

Կարոտելով ու կապված լինելով իր երկրի մշակույթին՝ Փաուինան նշում է, որ ինքն ու Ջանթոնգը միայն թաիլանդական ուտելիքներ են ուտում, իսկ հայկական՝ ոչինչ:

«Մենք խանութից առնում ենք ամեն ինչ ու ինքներս ենք պատրաստում: Շատ ենք սիրում ամեն ինչի հետ բրինձ ուտել, կանաչիներ, պատրաստել թաիլանդական սուպեր: Սկզբից, որ եկել էինք Հայաստան, դրսում կանաչ խոտ էինք տեսնում ու գիտեինք` ուտելու է, հարցնում էինք` կարո՞ղ ենք էս ուտել, թե՞ չէ»,- ծիծաղելով պատմում է Փաուինան:

Թվարկելով իր ութ հայ ընկերներին, որոնց հետ հիմնականում հաղորդակցվում է անգլերենով, Փաուինան նշում է, որ դրսում ամաչում է մարդկանց հետ խոսելուց, քանի որ հայերեն լավ չգիտի ու դժվարանում է սովորել, թեև խոստովանում է, որ իր ականջին հաճելի ու գեղեցիկ լեզու է:

«Թաիլանդցիները հայերի համեմատությամբ փոքրամարմին են»,- ասում է Փաուինան և ավելացնում, որ հայերն ու Հայաստանը իրենց համար հետաքրքիր ու նոր բացահայտելու հնարավորություն են:

Եվ թեպետ Հայաստանը հետաքրքիր ու նոր երկիր է երկու թաիլանդուհիների համար, Փաուինան խոստովանում է, որ մեկ տարվա աշխատանքային պայմանագրի ավարտից հետո անպայման կվերադառնա Թաիլանդ, քանի որ շատ է կարոտում հարազատներին, ծնողներին ու հատկապես որդուն:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

© Medialab.am