«Վերջ ցավին»

16-10-2013
321 դիտում
«Վերջ ցավին»

«Կյանքն առանց ցավի» քարոզարշավի շրջանակներում այսօր Երևանի կենտրոնական հատվածում՝ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում անցկացվեց «Վերջ ցավին» հանրային միջոցառումը:

Համաձայն մարդու իրավունքների միջազգային օրենքի՝ երկրները պետք է ապահովեն քրոնիկ հիվանդություններով և կյանքին սպառնացող հիվանդություններով տառապող մարդկանց ցավը կանխող դեղորայք՝ որպես իրենց հիմնական պարտականությունների մաս: Հայաստանում, սակայն, պալիատիվ օգնության կարիք ունեցողները պետության կողմից անտեսված են: Դասական երաժշտության հնչյունների ներքո միջոցառման կազմակերպիչներն անցորդներին առաջարկում էին մեկ րոպե կանգ առնել ու նստել խոշտանգման բազկաթոռին՝ զգալու միլիոնավոր մարդկանց վերապրած ցավն ու աջակցելու նախաձեռնությանը:

«Չբուժված ցավն օրինականացված խոշտանգում է» պաստառը փակցված էր խոշտանգման բազկաթոռի վրա:

Հանրային այս միջոցառմանը միացել էին նաև բժիշկներ: «Ցավազրկողների հասանելիությունն այսօր Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չէ: Մենք որոշել ենք, որ անում ենք պրակտիկ քայլ, էլ չենք սպասում, որ կառավարությունը ֆինանսներ տրամադրի, որ մենք ամոքիչ օգնության և ցավազրկման կենտրոն կառուցենք, ակցիա է կատարում Վանատուն հիմնադրամը, որպեսզի Հայաստանում կառուցվի Պալիատիվ օգնության հանրապետական կենտրոն: Դա կլինի առաջինը, հետագայում կլինեն ևս երեք կենտրոններ Լոռիում, Շիրակում և Սյունիքում, և Հայաստանում մենք մարդկանց կապահովենք պատշաճ ցավազրկմամբ»,- Lragir.am-ին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության կենտրոնի ղեկավար, Հայաստանի հակացավային և պոլիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնի կառուցումից հետո աշխատանքներ են տարվելու, որպեսզի բուժսպասարկումը բնակչության համար անվճար լինի: Հետևաբար, պետությունը մասամբ պետք է պետպատվեր տեղադրի:

Հրանտ Կարապետյանի խոսքով՝ քաղցկեղով հիվանդները Հայաստանում պալիտիվ օգնության կարիք ունեցողների ընդամենը 30-40 տոկոսն են կազմում, մնացածը ոչ քաղցկեղային հիվանդներն են: «Մարդիկ կան, որ ողնաշարային շատ լուրջ պրոբլեմներ ունեն, ուժեղ ցավեր ունեն, բայց նրանց համար հասանելի չեն ցավազրկողները: Եթե մարդն ունի ցավեր և չի ցավազրկվում, դա արդեն անձի խոշտանգում է»,- ասում է մասնագետը:

Նրա խոսքով՝ կառավարությունում ասում են, որ 2015 թվականին միայն կկարողանան պետպատվեր տեղադրել այդ հիվանդների համար, բայց տարեկան 100 հազար քաղաքացիներ պալիատիվ օգնության կարիք ունեն: «Դուք պատկերացրեք, դա նշանակում է, որ մինչև 2015 թվականը 200 հազար մարդ առանց բուժսպասարկման, առանց պատշաճ պալիատիվ օգնության է մնալու»,- ընդգծեց մասնագետը: Կարդալ ավելին