«Հալեպ 6 միլիոն մարդն էլ շատ հանգիստ կուտեն, կխմեն, կապրեն, ամեն ինչ էժան էր». սիրիահայ վարսավիրը կարոտի ու Հայաստանի կյանքի մասին

02-11-2013
51783 դիտում
«Հալեպ 6 միլիոն մարդն էլ շատ հանգիստ կուտեն, կխմեն, կապրեն, ամեն ինչ էժան էր». սիրիահայ վարսավիրը կարոտի ու Հայաստանի կյանքի մասին

Սիրիահայ Րաֆֆի Թաշչյանն երկար ժամանակ է՝ չի տեսել Հալեպում մնացած ծնողներին և երկու մեծ եղբայրներին: Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով ծնողները չեն կարողանում Հայաստան գալ: Իսկ Րաֆֆին չի կարող մեկնել Սիրիա ընտանիքի մոտ:

«Անցած տարի հուլիսն էր, երբ առաջին անգամ Հայաստան եկա: Եկել էի քաղաքացիության համար անձնագիրս վերցնելու: Երեք շաբաթ հոս մնալուց ետք ծնողներիս հետ խոսեցի, որ հետ դառնամ, բայց անոնք չթողեցին վերադառնամ Սիրիա: Կվախնային, վիճակն արդեն շատ էր վատացել, ճանապարհները գոցել էին, կկրակեին, ինքնաթիռով սկսել էր զարկը Հալեպի վրա»,- ասում է 32-ամյա Րաֆֆին:

Այլ տարբերակ չի մնում, և Րաֆֆին որոշում է չվերադառնալ Սիրիա՝ հույս ունենալով, որ ծնողները որոշ ժամանակ անց կտեղափոխվեն իր մոտ՝ Հայաստան: Սակայն քաղաքացիական պատերազմն իր բոլոր զարգացումներով մինչ օրս հեռու է պահում իրարից սիրիահայ ընտանիքի անդամներին:

«Ես ալ մտածեցի, որ կրնար ըլլար կրակեին ճանապարհներին, կամ եթե հասնեի տեղ, կրնա ըլլալ բանակ տանեին, ու չես գիտեր ինչպես կըլլար: Ես ալ որոշեցի մնալ հոս ու գլխուս ճարը տեսնել»,- «Մեդիալաբին» պատմում է Րաֆֆին:

Պատերազմի թոհուբոհից միայնակ Հայաստան տեղափոխված Րաֆֆիին սկզբում օգնում են Երևանում ապրող հարազատներն ու սիրիահայ ընկերները: Մասնագիտությամբ վարսավիր Րաֆֆի Թաշչյանը մեկ ամիս անց աշխատանք է գտնում ու փորձում քիչ-քիչ ապրել Հայաստանի ռիթմերով:

Նա 17 տարվա փորձառությամբ վարսավիր է և խոստովանում է, որ Հայաստանում արդեն բազմաթիվ հաճախորդներ ունի:

«Սկզբում հոստեղի աշխատավարձերին չէի հարմարվեր, տարբեր էր շատ Սիրիայեն, քիչ էր: Բայց ետքը մտածեցի, որ քաղաքին պայմանը էդպես է, պիտի պայքարիմ ու պիտի կարողանամ աս միջավայրին ոտքի կանգնեմ»,- ասում է Րաֆֆին ու հմուտ շարժումով կտրում վարսավիրանոցի աթոռին նստած հաճախորդի երկար մազափունջը:

Աշխատելով Երևանի լավագույն մարզասրահներցի մեկի սպա սրահում որպես վարսավիր՝ Րաֆֆին նշում է, որ 6 միլիոնանոց Հալեպում աշխատանքն ու հաճախորդների թիվը ավելի մեծ էր, քան Հայաստանում:

«Բայց ես չեմ դժգոհեր, հոս ալ իմ հաճախորդներս գնալով կշատնան: Եթե լավ մասնագետ ըլլաս, ճանաչվիս, հոս ալ լավ կըլլա»,- խոստովանում է Րաֆֆին:

Աշխատանքային ժամերից դուրս Րաֆֆին սիրում է հանդիպել իր սիրիահայ ընկերներին ու հիշել Հալեպում անցկացրած օրերը:

Նա նշում է, որ սիրիացի ընկերները նույնպես «Հայաստանը շատ կսիրեն, բայց շատ կնեղվին աշխատանքից»:

«Հոս ամեն բան սուղ է: Շուկան և մարդը իրարու չեն համապատասխանիր, բալանս չկա: Շուկան թանկ է, իսկ մարդոց վարձատրումը՝ քիչ: Մարդիկ հոս քիչ են, ու այդ թանկությունը քիչ մը դժվար է հասկնալ: Մեզ մոտ Հալեպ 6 միլիոն էին, ու այդ 6 միլիոն մարդն էլ շատ հանգիստ կուտեն, կխմեն, կապրեն, ամեն ինչ էժան էր, բալանսը պահպանված էր»,- ասում է Րաֆֆին:

Երիտասարդ հալեպահայը աշխատանքի ընթացքում ընկնում է հիշողությունների գիրկը ու սկսում պատմել ոչ միայն իր ընտանիքի, Սիրիայի կյանքի, այլև հայկական համայնքի մասին:

«Կկարոտնամ Հալեպը: Մեր միջավայրը լման հայկական միջավար էր: Հոն մեր մշակույթն ավելի զորեղ էր, քան հոս: Մեր եկեղեցիները, սրբազան հայրը, ամուսնության պարագան, ավանդույթներն ավելի ուժեղ են, քան հոս՝ Հայաստան»,- «Մեդիալաբին» պատմում է Րաֆֆին:

Նա նշում է, որ Սիրիայում ապրող հայերն ավելի միասնական են և կուսակցական պառակտումներ չունեն, ինչպես Հայաստանում է: Իսկ հավատը դեպի եկեղեցին ավելի զորավոր է:

«Արաբ մուսուլմանները մեզի շատ կհարգեին հոն: Ես նաև արաբ ընկերներ ունեի, որ համեստ էին, ազնիվ ու լավ: Մեր մեջ տարբերություն չկար, մենք քույր և եղբայր էինք արաբներով ու հայերով: Կռիվներուն առաջ այդպես էր, հիմա չեմ գիտեմ, հազար ու մեկ տարբեր մարդիկ եկան, մտան»,- ասում է Րաֆֆին:

Նա ծնվել և մեծացել է Հալեպի կենտրոնում գտնվող Մեյդան (Նոր գյուղ) կոչվող հայկական թաղամասում: Րաֆֆին նշում է, որ այժմ ծնողների հետ հազվադեպ է խոսում, քանի որ ինտերնետային և հեռախոսային կապը հաճախ խաթարվում է:

«Հիմա ամեն օր մեր թաղամասի տների վրա սնայպերով կհարվածեն: Սիրիական բանակը կպաշտպանե մեր թաղամասերը: Ծնողքս արդեն տարիքով են, կուզեն Հայաստան գալ, այդ ամենը անոնց վրա շատ ծանր կազդե: Մեծ եղբայրներս էլ կուզեն իրենց զավակներով գալ, բայց օդանավ չկա, իսկ ճանապարհներով շատ վտանգավոր է»,- ասում է Րաֆֆին:

Մեկ տարի Հայաստանում միայնակ ապրող և աշխատող Րաֆֆին ասում է, որ ապագայի իր բոլոր հույսերն ու նպատակները կապում է Հայաստանի հետ, միայն թե ծնողները իր կողքին լինեն:

«Երևանում ինձի բախտ եղավ նաև ու սիրահարվեցի: Հիմա հայ ընկերուհի ունիմ: Անիկա ոնց որ ընտանիքիս մեկ անդամը լինի, ամեն օր կտեսնվինք: Այս պայմաններուն մեջ միշտ կողքիս է, կօգնե ինձի: Հիմա կուզեմ նշանվինք, բայց կսպասեմ, թե ծնողքս երբ կրնան գալ, որ անոնց ներկայությամբ նշանվինք ու ամուսնանանք»,- ասում է Րաֆֆին: 

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am