«Մենք չենք երազում երկիր, որտեղ մարդուն հիվանդի ու օգնություն խնդրողի կարգավիճակում պետք է պահենք». Աշոտ Ադամյան

15-02-2013
298 դիտում
«Մենք չենք երազում երկիր, որտեղ մարդուն հիվանդի ու օգնություն խնդրողի կարգավիճակում պետք է պահենք». Աշոտ Ադամյան

 

«Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը

- Պարո´ն Ադամյան, այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը, շարժում, որի շնորհիվ հայ ժողովուրդն իր ազատության սկիզբը դրեց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաջողություններ ու ի՞նչ կորուստներ ունեցանք մենք անցած 25 տարիներին:

- Ձեռքբերումը, բնականաբար, այն էր, որ իմպերիայի փլուզումից հետո ինքնագիտակցման ուղու վրա կանգնեցինք: Այսինքն՝ տեսնել քո տանը թե դու ինչո´վ ես հարուստ, ինչո´վ ես աղքատ, գիտակցել դա: Երկիրն անուղեղ չեն մեկնում, մեկնում են` կառուցվածքային նպատակներ ունենալով, գաղափարական նպատակներ ունենալով, թե ի´նչ երկիր ենք ուզում լինել: Երբ ժողովուրդը գիտակցում է, որ այսպես գոյատևելն անհնար է, այ այս զարթոնքը հրաշալի է: Երբ ժողովուրդը, թոթափելով ուրիշի նոքարն ու ծառան լինելը, հանկարծ հասկանում է, որ ինքը պետք է ինքնուրույնություն դրսևորի, ինքը պետք է ձեռք բերի արժանապատվություն, սա հրաշալի է: Արժանապատվության սկիզբը ստացանք, պետականակառուցման գիտակցությունն ունեցանք, սկսեցինք անել: Ցավոք, ներքին խժդժությունների պատճառով այդ մեկնումը սկսեց ինչ-որ մի տեղ սայթաքել: Ինչ ուզենք, կարող ենք ասել՝ մութ ուժեր, սև ուժեր, բայց էդ բոլոր մութ ու սև ուժերը մեր մեջ են: Այսինքն՝ եթե մենք պատմականորեն նայենք, թե ի´նչ է մնալու պատմության էջերում, ապա մնալու է այն, որ Ղարաբաղն այնուամենայնիվ ունեցավ ինքնորոշման գիտակցության զարթոնքը: Հայաստանաբնակների մեջ համընդհանուր միասնական ձգտման գիտակցությունը հաղթարշավի էր դուրս եկել, դրա համար մենք պատերազմը կարողացանք բերել ու հասցնել այդ հանգրվանին: Դրա համար էլ այսօր Ղարաբաղը դե ֆակտո ինքնիշխան է, այլ հարց է, որ հազար ու մի խոչընդոտ կա, որոնք պետք է լուծենք:

Ցավոք, շարունակության մասին այլևս հետաքրքիր բաներ չեմ կարող ասել: Այո´, առաջին իշխանությունը կարող էր նաև սխալներ ունենալ: Բայց երբ նայում ես, դրականն ավելի շատ էր, քան բացասականը: Ասում են՝ սերմանվեց այսինչ բանը: Դե գիտե՞ք ինչ, եթե մենք հետադարձ հայացք ենք գցում և տեսնում ենք, որ եկավ գնացքը, կանգնեց մի կայարանում, ու գնացքը սկսեցին թալանել, իհարկե, գնացքի ընթացքից հետո էլ թալան է տեղի ունենալու: Բայց ես կարծում եմ, որ այդ գիտակցությունն է պետք ունենալ, թե ո´վ սկսեց թալանը և ինչպե´ս սկսվեց: Թալանը սկսվեց Ռոբիկից: Այսինքն՝ դեռևս չթրծված, պետականակառուցման մեջ հմտություն չունեցող ժողովուրդն ընկավ մեկի ձեռքը, ով սկսեց կառուցել թայֆաբազական այսպես կոչված կառույցը, որի հիմքը սեփական ժողովրդին կեղեքելն է: Ու բնական է, որ սրա հետևանքով արտագաղթը գնալով ավելի ու ավելի է ահագնանում, որովհետև պետականակառուցման գործի մեջ սահեցինք մինչև ուր որ հնարավոր էր: Սրա հետևանքով էլ ցանկացած հայ հասկանում է, թե ինչ վերաբերմունք ունի դեպի Հայաստանը միջազգային հանրությունը: Տնտեսություն պրակտիկորեն այսօր չկա, կա պատրանքը փողային շարժերի, որի մեծ մասը օֆշորային է, չգրանցված, բյուջեն մի քանի անգամ գերազանցող ինչ-որ գումարներ: Այնքան փող, ինչքան այսօր կա Հայաստանում, երբևէ չի եղել: Եվ երբևէ փողը Հայաստանի համար էդքան անօգտակար չի եղել, որքան այսօր: Երբ մենք քիչ փող ենք ունեցել, ավելի օգտակար է օգտագործվել երկրի համար, քան այսօր, երբ ունենք շատ-շատ փող, բայց մի դրամի օգուտ չկա երկրի համար:

- Շատ է խոսվում այն մասին, որ եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի, էլ չենք հաղթի, քանի որ ժողովրդի ոգին կոտրված է: Համամի՞տ եք:

- Մենք ունեցել ենք Ավարայրի ճակատամարտ, ունեցել ենք Սարդարապատ և այլն, օրհասական պահերին հայը միավորվում է: Եթե հանկարծ պատերազմական իրավիճակ լինի, կա մի վտանգ, չէ՞ որ սմքել է երկիրը, չէ՞ որ արտագաղթը ամենամեծ վտանգն է մեզ համար: Այսինքն՝ քո էթնոսը ծնում է զավակ, որը չգիտես՝ քո՞նն է, թե՞ դրսինը: Քո էթնոսը ծնում է միտք արվեստի դաշտում, դու չգիտես՝ քո՞նն է, թե՞ ուրիշինը: Եթե մարդուն որևէ տեղ չես թողնում, որ արտահայտվի, նա արտահայտվելու ուրիշ տեղ է փնտրում: Գյուղացին ե՞րբ է լքում իր երկիրը, երբ հողն իր հետ չի խոսում, երբ ինքը հողից պատասխան չի ստանում: Էսօր էս խնդիրները կան, և սրանք շատ կարևոր են ստրատեգիական իմաստով: Երկիրը պետք է ինքն իրենից շահ ունենա, ինքնաբավ լինի, ինքնաբավության սկզբունքը երբ կոտրում ես, ժողովրդի աչքը դուրս է նայում: Եվ այսօր մենք կանգնած ենք այդ վտանգի առաջ: Բայց մենք հարցեր ունենք լուծելու, բանակ պետք է պահենք: Դու որ էսօր սմքում ես, կա՞ արդյոք վտանգ, իհարկե´:

- Ա´յ, ասում եք, որ արտագաղթը ամենաանհանգստացնող խնդիրն է, բայց իշխանությունները դա կարծես չեն գիտակցում: Սերժ Սարգսյանն անգամ վերջերս ասաց, որ մարդիկ գնում են ոչ թե աշխատանք չլինելու պատճառով, այլ գնում են բարձր աշխատավարձի հետևից:

- Ես անգամ չեմ ուզում քննարկել էդ անհասկանալի հայտարարությունը: Այո´, քիչ են ստանում, ինչո՞ւ պետք է քիչ ստանան: Ինչո՞ւ պետք է անջրպետը չունևորի և ունևորի միջև կազմի ոչ թե մի քանի անգամ, այլ տասնյակ հարյուրավոր, հազարավոր անգամներ: Ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը, երբ մենք գիտենք, որ կոռումպացված են պետական բոլոր համակարգերը: Ինչո՞ւ պետք է մարդ կիսաքաղց վիճակում լինի օգտակար պետությանը: Կիսաքաղց մարդը հիվանդ է, նրան բուժել է պետք, օգնել է պետք: Մենք չենք երազում երկիր, որտեղ մարդուն հիվանդի ու օգնություն խնդրողի կարգավիճակում պետք է պահենք: Ինքնաբավ երկիրը ենթադրում է, որ մարդն իր երկրում ապրում է նորմալ, այսինքն՝ միջին շերտ կոչվածն ինքնաբավ է լինում ու ամուր: Հայ մարդը ստեղծագործ միտք ունի, արտագաղթում է, գնում է, ինչ ասես մոգոնում է, իսկ սեփական երկրում խարխափում է: Բայց, ասում են, քիչ են ստանում, դրա համար են գնում: Քիչ են ստանում, և եթե այսքան քիչ են ստանալու, էլի են գնալու, ավարտվելու է երկիրը: Եթե իրենք այսպիսի հայտարարություն են անում, ուրեմն չեն գիտակցում, սա ամենավտանգավորն է: Սա ծրագրված է, Լաս Վեգաս կլինի, Մոնտե Կարլո կլինի, սպասարկող անձնակազմ կմնա երկրում: Աշխարհի գլխին կախված է մեկ միլիարդի խնդիրը, մենք լավ ապրենք, մնացած միլիարդները սպասարկեն մեզ ու եթե սմքեն էլ, ոչինչ: Նույնը տեղի է ունենում Հայաստանում, արտագաղթում են, ոչինչ, հյուրանոցների սպասավորներն ու կաֆեների աշխատողները կմնան, տուրիստները կգան, կազինո կխաղան, կգնան, կասեն՝ կեցցե Հայաստանը: Մի հատ Մոնտե Կարլո կա, մի հատ Լաս Վեգաս, մի հատ էլ Հայաստան:

- Այսօր բազմազան սերիալներ են նկարահանվում, եթերը հեղեղված է սերիալներով, հասարակությունն էլ տարված է դրանցով: Արդյոք սա մարդկանց ավելի կարևոր խնդիրներից շեղելու նպատա՞կ ունի:

- Ես համամիտ չեմ, որ դիտավորյալ են սերիալներ նկարահանում, այլ դա ստեղծվում է՝ ելնելով այն պայմաններից, որը ստեղծել է այս իշխանությունը: Եթե ինքը թերի է այլ բնագավառներում՝ տնտեսական, սոցիալական, ո՞նց կարող է արժեքավոր մտքեր կամ վերաբերմունք ունենալ արվեստի նկատմամբ: Հետևաբար ոչ թե հատուկ է արվում, այդպես ստացվում է, սրանից ավելին հնարավոր չէր այս պայմաններում անել: Ժանրը կապ չունի, այն մարդիկ, ես նկատի ունեմ փորձառու դերասաններին, ովքեր ներգրավված են դրանում սոցիալական խնդիրների պատճառով, ապահովում են իրենց ապրուստը, նրանց չի կարելի մեղադրել: Խոսքս պատահական մարդկանց մասին չէ, ովքեր հայտնվում են սերիալներում, քաստինգով են ընտրվում, էդ զզվելի բառն էլ վերցրել են: Եթե ընտրություն ես անում, հասկանալի է, երբ ասում ես` քաստինգ, չես հասկանում` ի՞նչ է է տեղի ունենում: Եվ դա շատ համապատասխանում է իր ֆորմատին:

-Հանրության շրջանում սերիալների նկատմամբ պահանջարկ կա՞:

-Պահանջարկ չկա, դա պահանջարկ չէ, անելանելիությունից է: Իսկ ի՞նչ են տվել կողքից, որ հանրությունը սերիալ չսպառի, ոչինչ: Միացնում ես, ինքը քո տանն է, զոռով էլ մտնում է: Հիմա խեղճ ու կրակ մի մարդ, որը սիրում է իր լեզուն, անգլերեն էլ չգիտի, ռուսերեն էլ էդքան լավ չգիտի, ի՞նչ պիտի նայի, դա պիտի նայի: Հիմա եթե գոհ եք այս իրավիճակից, ուրեմն ստացել եք այն, ինչին ձգտում էիք: Կարո՞ղ է ինքը մի բան փոխել, ո´չ, որովհետև եթե կարողանար` կաներ: Ո՞վ է մեղավոր, դրվածքը, որն էսօր ձևավորում է էս երկրի տնտեսությունը, արվեստը, գրականությունը, գիտությունը, կրթությունը, բոլորը խեղված են, բոլորը սայթաքել են, բոլորը լոշ-պռոշ ընկած են գետնին: Եվ ինչ ափսոս:

- Նախընտրական շրջան է, բայց հասարակությունը պասիվ կեցվածք է դրսևորում, 2008 թվականի ընտրական թոհուբոհը չկա, ի՞նչ է փոխվել այս տարիներին: Արդյոք 2008-ի հետընտրական զարգացումները վախեցրե՞լ են ժողովրդին:

- Ինչո՞ւ եք կապում 2008-ի վախենալու հետ: Մինչև այդ էլ վախեցած էին, 80 տարի ԽՍՀՄ կազմում ապրել են լռելով: Էդքան ապրեցին սուս մնալով, հետո ուժ գտան իրենց մեջ, իսկ 88-ին էլ կանգնեցին: Հիմա արտագաղթի պայմաններում դուք ո՞նց եք ուզում, որ ժողովրդի գիտակցությունը տեղում լինի, եթե գնալով այն մարդը, որը պրպտուն միտք ունի, նայում է դուրս: Ո՞ր ակտիվության մասին է խոսքը: Բոլոր այն խնդիրները, որոնց շուրջ մենք զրուցում էինք, վնասում են հավաքական ցանկությունների գիտակցության գոյացմանը: Եվ սայթաքման ամեն օրն իր հետ բերում է նորանոր վտանգներ: Այս ընթացքում մեկն ասում էր՝ երեք ամիս հետո լավ կլինի, չեղավ, ինքը գնաց: Մեկն ասում էր՝ մեկ տարի հետո, չեղավ, գնաց: Խնդիրը մնաց չիրականացված: Բայց եթե խոսենք դրականի մասին, այն, ինչ արեց ՀԱԿ-ն այս հինգ տարիների ընթացքում, բավականին դրական էր՝ ժողովրդի ինքնագիտակցության արթնացում, տարբեր կարգի ընդվզումներ և ճշմարտության պահանջ, սեփական ինքնագիտակցության արթնացում որոշ օղակներում: Այո´, մի զգալի մասը վախկոտ է, ստրուկ է, ասում է՝ մեկ է, ես հիմա գնում եմ: Եթե մեկ է` գնում են, վերջին անգամ այստեղ աղտոտում, նոր են գնում: Արդյունքում` ունենք սմքող հասարակական գիտակցության շերտ, որը ցավալիորեն գնալով կխորանա, եթե շարունակեք այսպիսի անգրագետ պետություն լինել:

- ՀԱԿ-ի հասցեին մեղադրանքները գնալով շատացան, թե սկսած գործն ավարտին չհասցրեց: Ստեղծված իրավիճակում ընդդիմության մեղքը տեսնո՞ւմ եք:

- Եթե սկսեմ գնահատել երկրիս վիճակը՝ մեղադրելով ընդդիմությանը, ես կսխալվեմ: Եթե ելնեմ նրանից, որ պայծառ ապագա պետք է սպասեմ իշխանությունից, որն այս օրին է հասցրել երկիրը, ես էլի կսխալվեմ: Ժողովուրդը պետք է ընտրի իշխանությանը, որպեսզի ուժ, ռիսկ ու հավես ունենա ասելու, որ էս ի´մ իշխանությունն է: Եթե դու զուրկ ես սրանից, չես կարող ընդդիմության մեջ որևէ մեկին մեղադրել, որ էս երկիրն էս օրին է հասցրել: Էս երկիրն էս օրին են հասցրել նրանք, ում ձեռքին լծակներ կան: Լծակներից զուրկ մարդը երկիրը ոչ մի տեղ չի կարող հասցնել:

- Սերժ Սարգսյանն այս քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփվելիս զարմանալի մտքեր է արտահայտում: Ինչպե՞ս եք սա գնահատում:

- Այս իշխանությունները բոլշևիկյան սզբունքով են շարժվում առաջ: Իսկ բոլշևիզմն ասում էր՝ միակ ճշմարիտը մենք ենք, մնացածը սխալ է: Այսօր մենք այդ իրավիճակում ենք: Ինչ վերաբերում է նրա գրագիտությանը, ներողություն, լսեք և հետևություններ արեք` գրագե՞տ մարդկանց հետ գործ ունենք, թե՞ հակառակը: Այդ գիտակցությամբ հնարավոր չէ պետություն կառուցել: Սա սխալ մտածողության, սա խեղված մտքի հետևանք է: Այլ բան է խոսել գրածի հիման վրա, կարդալ, ներողություն, էլի սխալներով ու կմկմալով, և այլ բան է հայտնել սեփական մտքերը: Սա այն է, ինչ այսօր դրված է, նայիր և հետևություն արա:

Լիանա Գալստյան

© Medialab.am