Հայաստան-Թուրքիա. ըստ փորձագետների` Թուրքիան Հայաստանին հանել է «Կարմիր գրքից» որոշակի շարժառիթներից ելնելով, Հայաստանը նույնը չի անի

06-11-2010
1077 դիտում
Հայաստան-Թուրքիա. ըստ փորձագետների` Թուրքիան Հայաստանին հանել է «Կարմիր գրքից» որոշակի շարժառիթներից ելնելով, Հայաստանը նույնը չի անի

Թուրքական ԶԼՄ-ների նոյեմբերի 1-ի տարածած լրատվությունն այն մասին, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանին հանել է իր համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից կամ, այսպես կոչված, «Կարմիր գրքից», փորձագետների և քաղաքական գործիչների տարբեր գնահատականների առիթ է տվել` առաջ քաշելով հնարավոր շարժառիթների և զարգացումների մասին տեսակետներ:

«Ես վստահ եմ, որ Հայաստանը նման քայլի չի գնա»,- «Մեդիալաբին» ասում է

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Հայաստանը ոչնչով չի սպառնում Թուրքիային, մինչդեռ Թուրքիան` այս վիճակով, երբ ստորագրված, բայց վավերացված չեն հայ-թուրքական արձանագրությունները, ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, քան նախկինում:

«Այս վիճակով Թուրքիան կաշկանդել է մեր հնարավորությունները: Ամեն դեպքում, եթե Թուրքիան այդուհանդերձ արել է նման բան, ապա մենք նույնն անելու հիմք չունենք, քանի որ նրանք չեն դադարել մեզ համար սպառնալիք լինելուց»,- ասում է Կիրո Մանոյանը:

Հայաստանի-Թուրքիա կնճռոտ հարաբերությունները, որոնք փորձ արվեցին «հաշտեցնել» «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, անցյալ տարի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված աղմկահարույց հայ-թուրքական արձանագրություններից ամիսներ անց պաշտոնապես սառեցվեցին:

Հայաստանին «Կարմիր գրքից» հանելը թեև կարող է դիտարկվել որպես բարիդրացիական քայլ, այնուամենայնիվ, վերլուծաբաններն այնքան էլ լավատես չեն:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցյալ շաբաթվա ընթացքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է որպես «Կարմիր գիրք» հայտնի հիշյալ ցուցակը, որը նաև «գաղտնի սահմանադրություն» է կոչվում։

Հարևան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթը, որպես կանոն, վերանայվում է հինգ տարին մեկ անգամ։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թուրքիայի համար սպառնալիք համարվող երկրների ցուցակից, բացի Հայաստանից, հանվել են նաև Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, ինչպես նաև Իրանը, որին պաշտոնական Անկարան նախկինում համարում էր հիմնական սպառնալիք ներկայացնող երկիր։

Թուրքիան առաջին անգամ իր համար սպառնալիք երկիր է համարել Իսրայելը` ներառելով «Կարմիր գրքում»։

Իր հերթին` Թուրքիան շարունակում է սպառնալիք համարվել Հայաստանի համար, ինչը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Ռազմական դոկտրինում, որն ընդունվել է երեք տարի առաջ:

Հայաստանի Ռազմական դոկտրինի «Ռազմական անվտանգության միջավայրը և սպառնալիքները» բաժնում մասնավորապես գրված է, որ «Ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքներն են` ՀՀ բնակչության ֆիզիկական գոյության, պետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ այլ պետությունների ձեռնարկած ոտնձգությունները, միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին»:

Ըստ դոկտրինի` ՀՀ-ի համար սպառնալիք է հանդիսանում, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում»:

1991-1995 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, փորձագետ Անդրանիկ Քոչարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թուրքիան այդ քայլին գնացել է, քանի որ նախ` «Թուրքիան պետություն է, որը չի ցանկանում իր հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալ, և երկրորդ` քանի որ Թուրքիայի կարծիքով Ցեղասպանության հարցը այլևս հանված է օրակարգից»:

Սակայն Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ Հայաստանը նման քայլի չի գնա:

«Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, այդ հարցը չի հանվի: Զուգահեռաբար, մեր պարագայում, նույն Ցեղասպանության պատճառով, նաև ազգային հոգեբանության խնդիր է դարձել Թուրքիան»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը:

ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Սահակյանն էլ կարծում է, որ Թուրքիան լավ բան է արել, ինչը, սակայն, դեռ չի նշանակում, որ Հայաստանը պետք է այդ քայլը ողջունի և ասի` «Բռավո, Թուրքիա´»:

«Այս քայլը մեծ մասամբ կապված է միջազգային զարգացումների հետ: Այսպես Թուրքիան փորձում է ցույց տալ, թե մասնավորապես հայ-թուրքական գործընթացում առաջընթաց կա: Իսկ թե մենք կհանե՞նք Թուրքիային, թե՞ ոչ, դա կապված չէ Թուրքիայի քայլերի հետ»,- «Մեդիալաբին» ասում է իշխող ՀՀԿ պատգամավորը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am