«Բացառիկ` իր տեսակով». Շանթ Հարությունյանի, պայքարի եւ անկախ Հայաստանի մասին

02-02-2014
29322 դիտում
«Բացառիկ` իր տեսակով». Շանթ Հարությունյանի, պայքարի եւ անկախ Հայաստանի մասին

«Մենք կունենայինք մեր երազած Հայաստանը, եթե Շանթի տեսակը գոնե մեր ժողովրդի 5 տոկոսի մեջ լիներ»,-վստահ է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը:  

Նա նշում է, որ Արցախյան ազատամարտի տարիներից Շանթը պայքարում է Հայաստանի անկախության համար:

«Բացառիկ է նա իր տեսակով՝ մինչև վերջ գնալ ինքնազոհության՝ հանուն միայն ու միայն ազատ ու անկախ Հայաստան, ինքինշխան Հայաստան ունենալու: Ուրիշ ոչ մի բնորոշում նրան չպետք է տալ»,- «Մեդիալաբին» ասում է Ռուզաննա Բադալյանը:

Փետրվարի 3-ին կլրանա «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի 49-ամյակը, ու ուղիղ 90-րդ օրը ինչ նա գտնվում է անազատության մեջ: Երեկ Հարությունյանը կոչ է արել իր ընկերներին եւ համակիրներին, իր ծննդյան օրը նշել Ազատության հրապարակում:

«Այժմ դիմում եմ իմ կողմնակիցներին, որ փետրվարի 2-ին, մեկ ժամով հավաքվեն Ազատության հրապարակում և դարձյալ հաստատեն, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն: Բոլորիդ շատ կարոտել եմ և համբուրում եմ»,-իր կոչում նշել է նա:

Անցյալ տարի նոյեմբերին, Շանթ Հարությունյանը չհամակերպվելով երկրում տիրող իրավիճակին, «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառով բողոքի նստացույց էր սկսել  Ազատության հրապարակում:

Նոյեմբերի 5-ին նա համախոհների հետ դիմակներով երթ կազմակերպեց, որը ըստ նախատեսվածի, պետք է հասներ նախագահական նստավայր: Նախքան երթի մեկնարկը, Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում հայտարարեց.

«Կարելի ա ասել՝ Հայաստանը սուչի զոնա ա, այսինքն՝ անբարոյական հարաբերությունների վիճակ ա: Հիմա ես չեմ կարում էդ վիճակը հանդուրժեմ, պիտի մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունենան, պիտի բեսպրեդել չլինի: Մինչև իշխանությունները չեթան, երկիրը չի դզվելու: Հայաստանում եթե լավ տղերք չկան, էս բոզական իշխանությունը տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում: Ես չեմ ուզում, որ աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ ընդեղ ժովուրդ չկա, սաղ փչացած են»:

Նա նաև հայտարարել էր, որ առանց արյունահեղության հեղափոխություն են ուզում անել, քանի որ իրենք՝ հեղափոխականներով արյունահեղության չեն ձգտում:

Սակայն, երթի ժամանակ ոստիկանների և Շանթի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետեւանքով, Հարությունյանն ու շուրջ երկու տասնյակ համախոհներ ձերբակալվեցին:

Ներկայումս Շանթ Հարությունյանը կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ոստիկանության պնդումների համաձայն՝ նոյեմբերի 5-ի իրադարձությունների պատճառով  4 ոստիկան էր տուժել:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը պնդում է, որ բացակայում է հիմնավոր կասկածն այն մասին, թե Շանթ Հարությունյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ: Փաստաբանը պնդում է, որ ոստիկանը, որն իբր տուժել է Շանթ Հարությունյանի արարքից, քաղաքացիական հագուստով է եղել:

Կալանավայրում Շանթի համար անմարդկային պայմաններ էին ստեղծվեն, սկզբնական շրջանում նրան անգամ արգելել էին տեսակցել հարազատների հետ:

«Շանթի նկատմամբ միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացվում, այս գործը իրավական որևէ հիմնավորում չունի»,- «Մեդիալաբին» ասում է Հելեսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Շանթի մտերիմները, ընկերները եւ նրան  ճանաչողներն ասում են, որ այսօր Հայաստանում պակասում է նրա տեսակը:

«Ազնիվ հեղափոխական» այսպես է բնութագրում Շանթ Հարությունյանին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անձամբ ճանաչելով Շանթ Հարությունյանին, Մարտիրոսյանը նշում է, որ նա Հայաստանի իրական ազատությանը ձգտող քաղաքացի է:

«Հայաստանն այպես չէր լինի, այս վիճակին չէինք հասնի եթե ամեն մեկը մի փոքր Շանթի պատկերացումներն ունենար, այս ազգային ու անկախ մտածողությունն ունենար: Ինքը իդեայի կրող է, ոչ թե նյութականի»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Մարտիրոսյանը:

 Ռուզաննա Բադալյանը Շանթի մասին պատկերացում կազմելու համար, խորհուրդ է տալիս տարբեր ասեկոսեներ տարածողներին ուսումնասիրել նրա անցած ճանապարհը:

«Ոչ պաշտոնը, ոչ փողը, ոչ իշխանությունը նրան չեն կարող ստիպել ինչ-որ քայլեր անելու: Նրանք իրենց սերունդներով բացառիկ մարդիկ են, երեք սերունդ է՝ արդեն Հայաստանի անկախության համար պայքարում են»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Շանթ Հարությունյանի կեսնագրությունը բավականին հարուստ է, նա մշտապես ակտիվ մասնակցել է Հայաստանի հասարակական-քաղաքական իրադարձություններին:

1988-ից Արցախյան շարժման ջատագովն էր և նույն թվի հունիսին ընկերների հետ հացադուլ է հայտարարել՝ Արցախը Հայաստանին միանալու պահանջով, իսկ մեկ տարի անց իր ընկերների հետ ստեղծել է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։

1990-ի մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է սովետական բանակի հետ ռազմական բախմանը։ Մինչև 1992 ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին:

Շանթ Հարությունյանն անմասն չի մնացել նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին` միանալով փողոց դուրս եկած հազարավոր մարդկանց, ովքեր պայքարում էին չեղյալ հայտարարելու վիճահարույց ընտրությունների արդյունքները:

2008-ի ապրիլի 10-ին նա կալանավորվել է Մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար, իսկ մեկ տարի անց ազատ է արձակվել հայտնի աղմկահարույց դատավարությունից հետո, ուր իր պաշտպանությունն անձամբ էր ներկայացնում՝ առանց պաշտպանի, և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։

Շանթ Հարությունյանը նաև մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։

2004-ին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն», 2007-ին՝ «Աստվածների վերադարձը» աշխատությունները։

Արթուր Սաքունցը պատմում է, որ մինչ նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերը, Շանթ Հարությունյանը ասել է, թե այլեւս անկարող է հաշտվել ստեղխված իրավիճակի հետ:

«Ասաց՝ կամ պետք է գնամ Կիևյան կամրջից ինձ գցեմ, կամ դուրս գամ երկրից: Բայց գերադասում եմ իմ երկրում բանտում հայտնվեմ՝ հանուն իմ երկրի անկախության»,-«Մեդիալաբին» պատմում է նա:

Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյան ներկայացնում է, որպես  «ազնիվ գաղափարներով օժտված, եզակի անձնավորություն»:

 «Նա ոչ մի անգամ չի փոխել իր մոտեցումները, անկախ նրանից թե որտեղ է եղել և ինչ ժամանակներ են եղել: Մշտապես հայտնվել ու կատարել է այնպիսի գործողություններ, երբ թվում էր, թե այլևս գործողություններ անելու հնարք չկար: Այս վերջին արարքը հենց դրան էր ուղղված, որովհետև շոկային անտարբերության վիճակ էր, որը ձևավորվել էր Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, ըստ էության Շանթն իր այդ քայլով ճեղքեց այդ անտարբերությունը»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ Շանթը նաև այնպես արեց, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք գիտակցված կամ թուլամորթության պատճառով լռության էին մատնում Հայաստանի Մաքսային միության միանալու հանցավոր որոշումը, ընդվզեն:

«Շանթ Հարությունյանն իր քայլով ցույց տվեց, որ չի կարելի, որովհետև դա խայտառակություն է, դավաճանություն է: Իր ընկերներն էլ իր նման են, սա մարդկանց խումբ է, ովքեր մշտապես իրար հետ են եղել, ովքեր հավատարիմ են մարդկային արժեքներին և այդ արժեքների շուրջ են համախմբված»,- նշում է Սաքունցը:

© Medialab.am