Ընդդեմ «կուտակայինի». Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներն գործադուլ են հայտարարել

10-02-2014
352 դիտում
Ընդդեմ «կուտակայինի». Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներն գործադուլ են հայտարարել

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել և այս պահին բողոքի ակցիա են կազմակերպել իրենց վարչական շենքի դիմաց:

Նրանք դժգոհում են կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ՝ նշելով, որ չեն ցանկանում, որպեսզի իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ անեն:

Մարզերից Երևան են եկել ընկերության մասնաճյուղերում աշխատող բանվորները, նրանք նշում են, որ ստանում են ցածր աշխատավարձ, իսկ ընկերության ղեկավարությունը հունվար ամսվա համար իրենց աշխատավարձերից պահումներ է արել:

Ընկերության աշխատակիցներին առաջարկել են հանդիպել և խոսել ընկերության գլխավոր տնօրենի հետ: Գործադուլ հայտարարած բանվորները պնդում են, որպեսզի գլխավոր տնօրենն իջնի և ներքևում հանդիպի իրենց իրենց:

Բողոքի ակցիայի մասնակցիներին միացել են նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:

«Սա է միակ մեթոդը, որով կարող ենք պաշտպանել մեր իրավունքներն ու արաժանապատիվ աշխատել: Ցանկացած գործադուլի և ակցիայի աջակցում ենք և ձեր կողքին ենք: Մենք կփորձենք միասին ձևակերպել ձեր պահանջը, իսկ իրականում պահանջը մեկն է, որ ոչ մի պահումներ չլինեն մարդկանց աշխատավարձերից, որի իրավունքը Սահմանադրական դատարանը տվել է : Ըստ ՍԴ որոշման՝ գործատուները կարող են ոչ մի պահում չանել աշխատավարձերից և ոչ մի տույժի չենթարկվել»,- տարածքում հայտարարում են «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:

Ընկերության աշխատակիցները հայտարարում են, որ ընկերությունում աշխատող մոտ երեք հազար մարդ բողոքում է համակարգի դեմ:

Հիշեցնենք, որ չնայած Սահմանադրական դատարանի հունվարի 24–ի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կասեցվել է պարտադիր կուտակային վճարներ չկատարած կամ ուշացումով կատարած անձանց պատասխանատվության ենթարկվելու և կենսաթոշակային ֆոնդերի ու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընտրելու վերաբերյալ դրույթները, այնուամենայնիվ շատ գործատուներ շարունակում են պահումներ կատարել աշխատավարձերից: 

ՍԴ-ի որոշման, գործատուների և աշխատողների շրջանում առաջացած խառնաշփոթին անդրադարձել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Հնչել են բազմաթիվ կոչեր, բողոքի ակցիաներ կազմակերպվել, սակայն ոլորտում ստեղծված իրավիճակը շարունակում է նորանոր հարցեր առաջ բերել: 

© Medialab.am