«Փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից». Քննարկումներ` փոփոխությունների շուրջ

13-02-2014
343 դիտում
«Փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից». Քննարկումներ` փոփոխությունների շուրջ

Մենք փորձում ենք փակել բոլոր այն դռները, որով մարդիկ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ արտերկիր սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է»,- այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Զինապարտության մասին օրենքի փոփոխություն. տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում» թեմայով քննարկմանն ասաց ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: 

Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը:

Հունվարի 23-ին Կառավարությունը հավանություն տվեց Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին: Նախատեսվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ և գրավի պայմանով: Գրավի չափը` 8.5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար):

«Կրթությունը պետք է լինի իրավական, խտրականությունը պետք է բացառվի: Նման խնդիր այս օրենքով չի դրվում: Զինապարտության մասին օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դարձավ ավելի խտրական»,- ասաց քննարկման բանախոս, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով` Զինապարտության մասին օրենքի փոփոխությամբ Հայաստանում կրթության ոլոտում շարունակվում է պաշտպանվել իշխանական նախագիծը:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը գրավի չափը` 8.5 միլիոն դրամ, համարեց ոչ ողջամիտ` ավելացնելով.

«Կարևորը Զինապարտության մասին օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Այն մարդիկ, ովքեր մնում են արտերկրում և PhD, Master են անում, հաճախ ավելի են օգնում Հայաստանին, քան նրանք, ովքեր Հայաստան վերադառնալուց հետո որպես մասնագետներ դառնում են ոչ պետքական»:

Մեկնաբանելով կառավարության որոշումը` Տիգրան Սահակյանը նշեց, որ այս օրենքի փոփոխությունից հետո սահմանվելու է բուհերի և մասնագիտությունների հստակ ցանկ, որից հետո էլ տրվելու է տարկետումը.

«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Եթե ընտրում ես պետության կողմից առաջարկող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր ես հաշվի նստել պետության կանոնների հետ»:

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում:

«Մեդիա կենտրոն»