«Վախկոտ իշխանություններն արժանանում են Ուկրաինայի դեպքերին». Գալուստ Սահակյան

25-02-2014
1073 դիտում
«Վախկոտ իշխանություններն արժանանում են Ուկրաինայի դեպքերին». Գալուստ Սահակյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

-Պարոն Սահակյան, այսօր, երբ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը՝ նշելով, որ իշխանություններն Ուկրաինայում զենք են ուղղում խաղաղ բնակչության դեմ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհարմար իրավիճակում հայտնվեց: Փորձելով շտկել իրավիճակը՝ ԱԺ նախագահն առաջարկեց ընդհանրապես հարգել բոլոր զոհերիկ հիշատակը, կապ չունի, թե մարդիկ որտեղ են զոհվել: Սա խոսո՞ւմ է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները վախենում են ուկրաինական դեպքերից: Ինչո՞ւ է խորհրդարանական մեծամասնությունը խուսափում հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը:

-Ամբողջ խմբակցությունը ոտքի կանգնեց, հարգեց զոհերի հիշատակը: Բայց մեր խմբակցության տեսակետն ամբողջացրեց Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհը Ցեղասպանությունից չի խոսում, չի խոսում Ղարաբաղի կամ Սումգայիթի, առավել ևս Սիրիայի դեպքերից, երբ մեր հայերի զոհողութամբ իրավիճակներ են լինում: Որևէ մեկը չհիշեց այդ դեպքերը, բայց որվհետև առաջիկայում խնդիր ունի կեղծ ընդդիմությունը, բնականաբար փոձում է կրակի վրա բենզին լցնել: Նման դեպքերում անհրաժեշտ է կրակի վրա ջուր լցնել: Դա շարքային պոպուլիզմ էր և անհարգալից վիճակ հենց ուկրաինական զոհերի նկատմամբ, քանի որ շահարկել մի ժողովրդի զոհողությունները՝ քո սեփական նեղ քաղաքական խնդիրները լուծելու համար, դա կարծում եմ՝ Հանրապետականից շատ հեռու կանգնած մոտեցում է:

-Ուզում եք ասել՝ Հայաստանի իշխանություններին չե՞ն վախեցնում կամ անհանգստացնում ուկրաինական դեպքերը:

-Այն իշխանությունները, որոնք վախկոտ են, արժանանում են Ուկրաինայի դեպքերին: Մեր իշխանությունները վճռական են և երբեք չեն վախենում:

-Այսինքն՝ ձեր կարծիքով՝ տվյալ դեպքում Յանուկովիչը վախկո՞տ է, իսկ Հայաստանում իշխանությունները անվա՞խ են:

-Ես չգիտեմ, թե Յանուկովիչն էր վախկոտ, թե քաղաքական թիմն էր, համենայնդեպս քաղաքական թիմը չկարողացավ տիրապետել իրադրությանը: Իհարկե նաև օտարները կրակի վրա բենզին լցնելու քաղաքականություն էին վարում և փաստորեն հիմնահատակ կործանման եզրին հասցրեցին Ուկրաինան:

Եթե հայը նոր-նոր պետություն է ստեղծել և իր ձեռքով պիտի կործանի իր երկիրը, կարծում եմ՝ ազգային ուժեր կան, որ լրիվ կարգելակեն: Այնպես որ հանգիստ թող լինեն:

Եվ բացի դրանից, մեր խնդիրները լրիվ ուրիշ են, Ուկրաինայինը ուրիշ, Ռուսաստանինը ուրիշ, բոլոր երկրների խնդիրները տարբեր են: Մենք միակ երկիրն ենք, որ բավականին լուրջ խնդիրներ ունենք, և անշուշտ աշխարհը պիտի կարողանա իր վրա պատասխանտվություն վերցնի, որովհետև այն ինչ եղավ ընդհանրապես, դա աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ: Աշխարհն ապաշխարելու խնդիր ունի: Մենք երբեք այլոց համար աապաշխարելու որևէ խնդիր չունենք, որովհետև մեր ազգը երբևիցե որևէ այլ ազգի կամ այլ տիրույթի մասնակից չի եղել:

-Ուկրաինայում պայքարը ռուսական գաղութացման դեմ է, հայ հասարակությունը նույնպես դեմ է ինքնիշխանության կորստին, ինչո՞ւ եք բացառում Հայաստանի վրա ուկրաինական դեպքերի ազդեցությունը:

Այն հայը, որը գտնում է, որ Հայաստանը երբևիցե կարող է գաղութացվել, դա արդեն կարծում եմ՝ հայկական մենթալիտետից և մտածողությունից դուրս կանգնած մարդիկ են: Մեր ազգը միշտ էլ այդպես եղել է: Մենք ունենք նաև կոսմոպոլիտների մի բանակ, որոնք մտածում են ոչ թե ազգի կամ պայմանների մասին, այլ պայմաններ են ստեղծում իրենց պայմանները լավացնելու համար: Դրանք հայի տեսակ են, Նժդեհը նրանց անվանում էր այսպես՝ վտանգավոր են նրանով, որ նորից հայ են, նորից կարողանում են խորությամբ մտածել: Բայց մտածում են ոչ թե ի բարին, այլ ի չարին:

Ուկրաինայի դեպքերի և Հայաստանի միջև ընդհանրապես աղերսներ չկան, որ ես ասեմ՝ ինչ-որ բանով տարբերվում են: Ուկրաինայում սկզբում շարժումն սկսվեց կողմնորոշման առումով, հետո ձևավորվեցին առանձին խմբավորումներ, խմբեր, նաև հանցագործ միջավայր, և սկսեցին քաղաքացիական պատերազմը: Հայոց պատմության մեջ երբեք ու երբեք հայկական իրավիճակներում քաղացիական կռիվներ չեն եղել: Ինչո՞ւ չեն եղել, որովհետև հայի առաքելությունը բավականին լուրջ արժեք է և հայերի համար, և ընդհանրապես միջազգային հանրության համար:

Մարի Ներսեսյան

© Medialab.am