Արդարադատության կարճ ձեռքերը. Բուդաղյանների փաստաբանը վստահեցնում է, որ դիմելու են «բոլոր միջոցներին»

26-02-2014
555 դիտում
Արդարադատության կարճ ձեռքերը. Բուդաղյանների փաստաբանը վստահեցնում է, որ դիմելու են «բոլոր միջոցներին»

Հայաստանում կան մարդիկ, որոնք անհասանելի են արդարադատության  համար: Փաստաբան Հայկ Ալումյանի համոզմամբ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան առջեւ տեղի ունեցած կրակոցների գործի քննությունը հենց դա ի ցույց դրեց: 

«Արդարադատության ձեռքերը չեն կարողանում հասնել այդ մարդկանց: Կա մի խավ, որը ցանկացած հանցագործության կատարելու պարագայում երաշխավորված է, որ չի կրելու պատասխանատվություն»,-«Մեդիալաբին» ասում է Բուդաղյանների փաստաբանը:

Հիշեցնենք, անցյալ տարի, հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ապա հրաձգության հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղայրը` ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Թեեւ մինչ արյունալի դեպքերը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ մամուլում բազմիցս եղել են, այնուամենայնիվ ո´չ նա,  ո´չ էլ նրա հարազատները չեն պատժվել: Ավելին, Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով էր պարգևատրել:

Այս դեպքում եւս, թեեւ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում նախաքննական մարմինը գործով մեղադրյալներ նրա որդուն` Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահի`  Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց

Հիշեցնենք նաեւ, որ փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր Հայկ Ալումյանի բողոքի քննությունը, որով փաստաբանը դատարանից պահանջում էր վերացնել նախաքննական մարմնի հիշյալ որոշումը:

Բուդաղյան ընտանիքի փաստաբանը իր բողոքի քննությունը կասեցնելու մասին դատարանի որոշումը  բողոքարկել է Վերաքննիչ դատարանում եւ ներպետական ատյաններն սպառելուց հետո պատրաստվում է դիմել ՄԻԵԴ:  

«Մենք շատ քայլեր ենք նախատեսել այն դեպքի համար, եթե մեր ներպետական ատյանները շարունակեն այսպիսի անօրինական պահվածք դրսեւորել: Որպես քայլերից մեկը ես կարող եմ նշել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, բայց դա միակ քայլը չի լինելու, որոնք մենք նախատեսում ենք »,- «Մեդիալաբին» ասում է Բուդաղյանների փաստաբանը: 

Հայկ Ալումյանը փակագծերը չի բացում, բայց վստահեցնում է` կդիմեն օրենքով չարգելված բոլոր միջոցներին:

Ըստ Ալումյանի, հաշվի առնելով գործի ընթացքը, ակնկալիքները Վերաքննիչ դատարանից մեծ չեն, բայց քայլը պետք է արվեր թեկուզ նրա համար, որ ՄԻԵԴ դիմելու համար հարկավոր է սպառել բոլոր ներպետական ատյանները:

Հայկ Ալումյանի համոզմամբ, Հայաստանի դատական համակարգի առողջացումը չի կարող տեղի ունենալ վարչահրամայական մեթոդներով: Ըստ նրա, համակարգը միայն փաստաբանների ճնշումների շնորհիվ կարող է առաջընթաց արձանագրել եւ այդ ճնշման միջոցներից մեկն էլ ՄԻԵԴ դիմելն է:

«Կանչեն Բաղրամյան 26, մատ թափ տան, հոնքերը կիտեն ու ասեն` գնացեք, սրանից հետո ավելի լավ պետք է աշխատեք: Այդպես չի լինում: Այնտեղ, որտեղ դատական համակարգն առողջացել է, դա եղել է փաստաբանների ճնշման տակ: Միայն այդ ճնշումը կարող է ստիպել դատարաններին ավելի օրինակելի գործել ու ավելի արդարացի դատական ակտեր կայացնել»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Ինչ վերաբերվում է դատարանների հանդեպ վստահության խնդրին եւ հասարակական կարծիքին, փաստաբանը ասում է.

«Հասարակական կարծիքը դա հայելի է, որտեղ պետք է նայել եւ եզրակացություններ անել: Անխելք կլինի այն մարդը, ով հայելու մեջ նայի եւ այնտեղ տեսած պատկերն իրեն դուր չգա, սկսի հայելուն մեղադրել: Նույնիսկ ռուսական ասացվածք կա. На зеркало неча пенять, коли рожа крива»:

Հայկ Ալումյանի խոսքով,  այսօր հասարակական կարծիքը պաշտոնյաների շրջանում միայն ցասում  է առաջացնում, մինչդեռ  այդ կարծիքը պետք է լսելի լինի:  

«Մենք լավն ենք, իրենք վատն են ասում` փաստաբանը գործը պարտվում է, դրա համար է ասում, եթե Սահմանադրական դատարանն է ասում, ուրեմն նա էլ իր շահն ունի, եթե մարդու իրավունքների պաշտպանն է ասում, որեմն մերկապարանոց է ասում…Այս տրամաբանությամբ են առաջնորդվում, դրա համար էլ, այսօր ունենք այն, ինչ ունենք»,-«Մեդիալաբին» ասում է Ալումյանը: 

© Medialab.am