Իքսն ու Իգրեկը պատասխանատվության կենթարկվե՞ն. «Ֆեյքերի» դեմ պայքարն ու Հայաստանի հեղինակությունը

10-03-2014
589 դիտում
Իքսն ու Իգրեկը պատասխանատվության կենթարկվե՞ն. «Ֆեյքերի» դեմ պայքարն ու Հայաստանի հեղինակությունը

Կեղծ օգտատերերի «ֆեյքերի» (Fake)  դեմ պայքարելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու ԱԺ խմբակցությունների համատեղ նախագիծը մեդիափորձագետները խոսքի ազատության համար լուրջ սպառնալիք են համարում: 

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «Մեդիալաբին» ասում է, որ այն, լրատվամիջոցի վրա լրացուցիչ ճնշում է գործադրելու հավելյալ հնարավորություն է ստեղծվում:

«Մեծ հաշվով, կարող է պատահել այնպես, որ օրինակ, այն բառը կամ նախադասությունը, որը քննադատվող անձինք  վիրավորանք են համարում իրականում վիրավորանք չլինի եւ քննադատող անձը ուղղակի ճնշում է գործադրում լրատվամիջոցի վրա՝ պահանջելով  հանել այդ նյութը, մանավանդ, որ մեզանում տարածված է այն, որ օբյեկտիվ քննադատությունը նույնպես հաճախ ընկալվում է որպես վիրավորանք եւ զրպարտություն» , -ասում Աշոտ Մելիքյանը հավելելով, որ դատարանները Հայաստանում անկախ չեն եւ շատ հաճախ որոշումներ են կայացնում հօգուտ քաղաքական կամ պետական գործիչների:

Ըստ փորձագետի, այն, ինչ ցանկանում են անել օրինագծի հեղինակները, հնարավոր է անել գործող օրենսդրության շրջանակներում:

Հիշեցնենք, որ խորհրդարանում շրջանառության մեջ դրված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը լրատվամիջոցի համար պատասխանատվություն է ենթադրում սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությանը տարածելու եւ առավել հանրայնացնելու համար:

Օրինագծի համահեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ակնհայտ է համարում, որ խնդիրը կանոնակարգման կարիք ունի:

«ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին էլ քննարկվեց սոցիալական ցանցերում արված անանուն գրառումների խնդիրը եւ ԵԽԽՎ նախագահ Ամբրասորը սա համարեց լուրջ խնդիր, որը կարող է էական վնաս հասցնել մարդու անձին եւ արժանապատվությանը»,-«Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով,  երեւույթի դեմ պայքարելու մեսիջը հենց ԶԼՄ-ներից է եկել, իսկ օրինագծի  գաղափարը քննարկվել է մի քանի  պրոֆեսիոնալ լրատվամիջոցների հետ:

Պատգամավորի խոսքով, շրջանառության մեջ եղած օրինագիծը նախնական է եւ անպայման շահագրգիռ կողմերի հետ քննարկման  կդրվի, իսկ տարակարծությունների ու թյուրըմբռնման տեղիք տված դրույթները կշտկվեն:

«Այս հարցում մեր դաշնակիցը պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն են, իսկ այն լրատվամիջոցները, որոնք իրենք բացում են կեղծ ֆեյքեր, իրենց  սեռապաթոլոգիկ մաղձը շաղ տալիս եւ հետո իրենց իբր լեգալ կայքերում տեղադրում դա հրաժարվում հեռացնել՝ ասելով, որ սոցիալական ցանցում մի ոմն իքս կամ իգրեկ գրել է, մենք էլ վերցրել ենք , պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-«Մեդիալաբին» ասում Զոհրաբյանը:

Նախկին լրագրող պատգամավորը չի կարծում, թե նախագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը, մինչդեռ, մեդիափորձագետի կարծիքով,  օրինագծի հեղինակները, որոնք հենց իրենք  շատ դեպքերում քննադատվում են, չեն փորձել «սառը դատել» եւ վերլուծել իրավիճակը խոսքի ազատությանը հասցվող վնասի տեսանկյունից:

«Իրենք ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկնաբանություններից բացասական էմոցիաներով օրինագիծ են ստեղծել: Ես իմ տարակուսանքն եմ հայտնում, որ օրինագծին կողմ են բոլոր խմբակցությունները՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր: Կարծում եմ ավելի շատ այստեղ նրանց՝ քաղաքական գործիչ լինելն է դեր խաղացել, որովհետեւ նրանք ավելի շատ են ենթարկվում քննադատության»,-«Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը :

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես համոզված է, որ գոյություն ունեցող օրենսդրական դաշտը լուծում է խնդիրը, առկա է նախադեպային գործեր ոչ միայն Հայաստանում, այլեւ ՄԻԵԴ-ում / «Delfi գործակալությունն ընդդեմ Էստոնիայի» գործով որոշումը, որով ՄԻԵԴ իրավաչափ էր համարել կայքի տուգանումը՝ այնտեղ արված վիրավորական մեկնաբանությունների համար/: 

Սամվել Մարտիրոսյանը օրինագիծը խոցելի է  համարում մի շարք պատճառներով: Նրա խոոսքով, նախ, անանուն լինելը ցանցի մշակույթի մի մասն է եւ կարեւոր սկզբունք: Եւրոպայի Խորհուրդը, որի անդամ է նաեւ Հայաստանը, հատուկ հռչակագիր ունի՝ DECLARATION on freedom of communication on the Internet, որի 7 –րդ սկզբունքը հենց անանուն լինելուն է վերաբերվում, հետեւաբար,  ԵԽ անդամ երկները պետք է հարգեն մարդու անանուն լինելու իրավունքը: 

«Եթե ելնենք աշխարհով մեկ տարածված վերջին մեդիաշարժառիթներից, շատ բաներ կախված են անոնիմ արտահոսքերի հետ՝ նույն Վիկիլիքսը, օվշորային սկանդալը եւ այլն: Այսինքն, ընդհանուր առմամբ, անոնիմությունը ցանցի հիմքերից մեկն է»,-«Մեդիալաբին», -ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Բացի այս, ոչ բոլոր սոցիալական ցանցերն են պահանջում օգտատիրոջից գրանցվել իր իրական տվյալներով , օրինակ Թվիթերում նման պահանջ ընդհանրապես չկա: Միայն Facebook եւ Linkedin ցանցերն նման պահանջ դնում՝  որպես  ցանցերից օգտվելու կանոն։

Մյուս խոցելի դրույթն, ըստ Սամվել Մարտիրոսյանի «էլեկտրոնային կայք» հասկացության սահմանումն է:

Օրինագծով «հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից»:

Նշված ձեւակերպումն , ըստ մասնագետի, էլեկտրոնային կայք կարող է համարում սոցիալական ցանցի ցանկացած օգտատիրոջ անձնական էջը:

«Որպես լրատվամիջոց նկարագրված է մի բան, որի տակ ընկնում է  գրեթե այն ամենը ինչ, գոյություն ունի ցանցում՝ ամեն մի Թվիթեր աքաունտ, ամեն մի Յութուբ աքաունթ», -ասում է Սամվել Մարտիրոսյանը:

 Օրինագծում նշվում է, որ լրատվամիջոցը անանուն օգտատիրոջը բացահայտելու համար պետք է «ողջամիտ ջանքեր» գործադրի, այն դեպքում, երբ ցանցում մարդու իսկությունը հստակ կարելի է իմանալ, եթե տվյալ անձն ունի պաշտոնական կայք, որի վրա իր սոցցանցի էջի հղումն է դրված, մնացած դեպքերում, պետք է դիմել Ֆեյսբուքին, որ նա տվյալ անձի IP  հասցեները տրամադրի:

Ըստ մասնագետի, «Ֆեյսբուքն» անձի անձնական տվյալները հենց այնպես, վիրավորելու համար չի բացահայտի, դրա համար պետք է  առկա լինի քրեական հանցագործություն , ընդ որում այն պետք է ԱՄՆ օրենքներով նույնպես քրեորեն պատժելի լինի:

Ցանցային մշակույթը կաղապարի մեջ դնելու գաղափարը, փորձագետի խոսքով, կվնասի նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությանը:

«Հետեւանքը մի բան է լինելու՝ աշխարհում մեր հեղինակության հետ ենք խաղալու: Թուրքիան ու Ռուսաստանն էլ են նման քայլեր ձեռնարկում, մենք ընկնելու ենք այդ երկու ռեպրեսիվ երկրների աղմուկի տակ: Չեմ կարծում, որ օրինագծի հեղինակները ռեպրեսիվ նպատակներից են ելնում, բայց միեւնույնն է հետեւանքը դա է լինելու», -ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Լրատվական դաշտը մաքրելու համար տեղեկատվական անվտանգության փորձագետն առաջարկում է քաղաքական կուսակցություններին «հետ քաշել» իրենց ֆեյքերին եւ իրենց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներին հորդորել չխախտել խաղի կանոնները:

«Այդ դեպքում  ոլորտը շատ ավելի կմաքրվի, քան օրենքի միջոցով ինչ-որ բան անելու փորձի դեպքում, որովհետեւ այս ոլորտում հիմնական աղտոտողը հենց կուսակցական ֆեյքերն են», -եզրափակում է նա:

Մարիաննա Ղահրամանյան

© Medialab.am