«Մենք Ռուսաստանի տաշտակից կհայտնվենք այդ երկուսի արանքում». Արա Պապյան

12-03-2014
550 դիտում
«Մենք Ռուսաստանի տաշտակից կհայտնվենք այդ երկուսի արանքում». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունը կարող է ուժեղանալ: Արդյոք համանախագահի այս հայտարարությունը մտահոգվելու առիթ տալի՞ս է, ի՞նչ վտանգներ կան:

-Եթե բռնություններ ասելով՝ ինքն ի նկատի ունի դիպուկահարների կրակոցները, ապա դա միանգամայն հնարավոր է: Բայց եթե խոսքը գնում է լայնածավալ պատերազմի վերսկսման մասին, ապա ես դա քիչ հավանական եմ համարում:

-Հայ-ադրբեջանական սահմանում հնարավոր լարվածության ավելացումը որքանո՞վ եք կապում ուկրաինական դեպքերի հետ:

-Իհարկե, կա ուկրաինական դեպքերի որոշակի ազդեցությունը: Չմոռանանք, որ աշխարհի ամբողջ ուշադրությունն այսօր սևեռված է Ղրիմ-Ուկրաինա-Ռուսաստան եռանկյունու վրա: Հետևաբար, ինչքան ուշադրությունը քիչ է լինում, այնքան մեր հարևաններն իրենց ավելի անպատկառ են պահում: Այդպես միշտ է եղել, նոր չէ դա, և միշտ կլինի: Բայց չեմ կարծում, որ մեծամասշտաբ պատերազմ կվերսկսվի, որովհետև դա պարզապես ձեռնտու չէ Ադրբեջանի առաջնորդին:

-Այս օրերին շատ են համամետություններ տարվում Ղրիմի և Ղարաբաղի հիմնախնդիրների միջև: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դուք, Ղրիմի հանրաքվեն Ղարաբաղի հարցի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

-Արտաքին առումով երկուսն էլ հանրաքվե են, բայց էական տարբերություն կա: Նախ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե անօրինական ձևով է տրվել Ադրբեջանի վարչական ենթակայությանը: Ուշադրություն դարձրեք, որ այստեղ չեմ ասում, որ Ադրբեջանի կազմի մեջ է մտել, որովհետև Ադրբեջանը որպես պետություն ճանաչված չի եղել: Դա կատարվել է անօրինական, որովհետև դա արել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 1921 թվականին: Իսկ Ղրիմի փոխանցումը Ռուսաստանի վարչական վարչական ենթակայությունից Ուկրաինայի վարչական ենթակայություն կատարվել է օրինական՝ համապատասխան Գերագույն սովետների համաձայնությամբ ու որոշումներով: Երկրորդը, հիշենք, որ Ղարաբաղի ժողովուրդը, երբ որ 88 թվականի փետրվարի 12-13-ի պայքարներն սկսեց, և երբ ինքնավար մարզի կառավաման մարմինները որշումներ ընդունեցին, նրանք իսկապես ամեն ինչ անկախ են արել, այնտեղ ոչ հայաստանյան ներկայություն է եղել, ոչ էլ: Իսկ Ղրիմի պարագայում լրիվ ուրիշ է, այս պարագայում կա ներկայություն, զինված ներկայություն, և ինչքանով դա կլինի օրինական, արդեն հենց ներկայությունը բավական խնդիրներ է առաջացնում: Մյուս կողմից ,այն հույսերը, որ ասում են՝ Ղրիմի անկախացումը ռեֆերենդումի միջոցով նախադեպ կլինի Լեռնային Ղարաբաղի համար, այդպես չի լինի: Եթե նախադեպ լիներ, տարբեր նախադեպեր կային: Ռուսաստանը, երբ որ ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան, ասաց՝ չէ, իրար հետ մի համեմատեք:

Այստեղ ուրիշ հարց է առաջանում՝ արդեն Ղարաբաղը վաղուց դիմել է Հայաստանին, 1989 թվականի դեկտեմբերի որոշմամբ համաձայնություն ստացել է, և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է: Ի՞նչ նախադեպ կարող է լինել, այսինքն՝ ի՞նչ լինի, Հայաստանի՞ց անկախանա հերթական անգամ Ղարաբաղը: Հայաստանի Հանրապետության մաս է, հիմա չի ճանաչվել, ոչինչ հիմա ինչ անենք: Ղրիմի միացումը Ռուսաստանին էլի չի ճանաչվելու, այնպես որ այդ առումով առանձնապես առաջ չենք գնալու: Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի բերելու Ղրիմի հանրաքվեն: Ադրբեջանը հստակ հայտարարել է, մենք գիտենք Ադրբեջանի դիրքորոշումը, մենք գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը: Նրանցից որևէ մեկը չի հայտարարել, որ եթե օրինակի համար Ղարաբաղի ժողովուրդը մի բան որոշում է, ուրեմն դա իրենց համար ընդունելի է: Այդպիսի բան չի եղել: Այստեղ հսկայական նախապայմաններ կան դրված, և առաջին նախապայմաններից մեկը, այսպես կոչված, գրավյալ տարածքների վերադարձն է, տեղեհանված անձանց վերադարձն է: Մենք պատրա՞ստ ենք գնալ դրան:  Իսկ Ղրիմի պարագայում որևէ նախապայման չկա:

-Այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ի՞նչ ազդեցություն կարող են թողնել մեր տարածաշրջանի վրա, ամենաէական ազդեցությունը որը կարող է լինել:

-Ամենաէականն այն է, որ Ռուսաստանի և աշխարհի միջև լարվածություն կա, աշխարհն արդեն սկսել է Ռուսաստանի մեկուսացման քաղաքականություն իրականացնել: Մենք էլ Ռուսաստանի տաշտակից կհայտնվենք այդ երկուսի արանքում: Այ դա կլինի ամենամեծ ազեցությունը տարածաշրջանի վրա:

-Եվ դա բնականաբար բացասաբար կազդի՞ Հայաստանի վրա:

-Բնականաբար, բացասաբար կազդի: Արդեն իսկ ահագին ծրագրեր կան, որ դադարեցված են և կշարունակեն դադարեցվել: Եթե Հայաստանը կարողանա Ռուսաստանից դուրս ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, կարող է ինչ-որ հույսեր առաջանան: Իսկ եթե չկարողանա, բնականաբար, Արևմուտքըե մեզ կսկսի մեզ վերաբերվել այնպես, ինչպես Ռուսաստանին: Պարզապես խնդիրն այն է, որ Ռուսաստանը մեծ երկիր է, Ռուսաստանի վրա դա այդպես չի ազդի, իսկ մեր վրա կազդի: Եվ պետք է ասել, որ Ռուսաստանը երբեք էլ մեզ ոչ մի հարցում չի աջակցել, հետևաբան այնպես չի լինի, որ արևմտյան կորուստները մենք կկոմպենսացնենք Ռուսաստանի կողմից եկող աջակցությամբ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am