«Սա մեր հրապարակային մարտահրավերն է». ըստ իրավապաշտպանների, Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է

28-03-2014
363 դիտում
«Սա մեր հրապարակային մարտահրավերն է». ըստ իրավապաշտպանների, Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է

«Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքեց և չհրաժարվեց մեղադրանքից, ամեն դատական նիստը կվերածվի քաղաքացիական անհնազանդության ակցիայի: Սա մեր հրապարակային մարտահրավերն է»,- ասաց Արթուր Սաքունցը՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Շանթ Հարությունյանը և նրա ընկերները` արդեն 5 ամիս քաղբանտարկյալներ» թեմայով ասուլիսի ընթացքում:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Շանթ Հարությունյանը երբևէ չէր կարող իմանալ, որ այդ քաղաքացիական հագուստովը ոստիկանության աշխատակից էր: Այսինքն` մեղադրանքը անհիմն է և սա միայն քաղաքական անհնազանդության հետևանք է»:

Տիկին Պետրոսյանն ավելացրեց, որ շուրջ 5 ամիս տևող նախաքննությունից հետո իրենց թվում էր, թե մեղադրանքը կհանեն. «Սակայն մինչ օրս չի հանվել, երկու ամիսը մեկ անհիմն երկարացվում է կալանքը՝ որպես խափանման միջոց»:

Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ կարծում է, որ նախաքննությունը չի կարողացել այս գործով ապահովել պատշաճ, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն. «Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ նախաքննությունը կրել է ձևական բնույթ և ամբողջական դատավարությունը բացառիկ նախատրամադրվածությամբ է աչքի ընկնում»:

Թեև Միսակ Առաքելյանը մեղադրվում է պայթուցիկ սարքեր օգտագործելու և ոստիկանության ծառայողների առողջությանը վնաս պատճառելու մեջ, սակայն, ըստ փաստաբանի՝ 5 ամիսների ընթացքում իրենց չի հաջողվել նախաքննական մարմնից ստանալ գեթ մեկ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ Առաքելյանն օգտագործել է պայթուցիկ սարքեր:

Արթուր Սաքունցը նախաքննական մարմինների իրականացրած գործողությունները համարում է խմբակային, պատժիչ գործողություններ. «Ճիշտ է` առանձին անձանց նկատմամբ է քրեական գործերը, բայց, ըստ էության, քննչական մարմնի վարքագիծը բոլորի նկատմամբ միակերպ է: Նույնիսկ փորձ չեն անում անհատականացնել յուրաքանչյուրի գործողությունները, որպեսզի իրավական գնահատական տրվի: Քննչական մարմինը 5 ամսվա ընթացքում ոչ մի գործողություն չի կատարել»:

 «Մեդիա կենտրոն»