«Պահանջենք` գազը թանկացնեն, որպեսզի էս ժողովուրդը ցրտից մեռնի, որ գոնե մեռնելուց առաջ իրավունքներին տեր կանգնեն». Արշակ Զաքարյան

11-04-2014
710 դիտում
«Պահանջենք` գազը թանկացնեն, որպեսզի էս ժողովուրդը ցրտից մեռնի, որ գոնե մեռնելուց առաջ իրավունքներին տեր կանգնեն». Արշակ Զաքարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, ապրիլի 10-ին, երբ կառավարության շենքի մոտ գազի որակի վերաբերյալ բողոքի ակցիա էր անցկացվում, իրավացիորեն դժգոհեցիք, որ հասարակութունը չի ուզում պայքարել, մարդիկ տներից դուրս չեն գալիս: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:

-Երևի սկսենք հակառակ ակցիաներ անել, օգնել այս կառավարությանը, որ ընենց վիճակ ստեղծեն այստեղ, որ ապրելն անհնար լինի: Պահանջենք, որ գազը թանկացնեն,  սարքեն մի 500 դրամ, որպեսզի էս ժողովուրդը ցրտից մեռնի, որ գոնե մեռնելուց առաջ գան ու իրենց իրավունքներին տեր կանգնեն: Եկել էինք ասեինք, որ գազը թանկ է, մեզ անորակ գազ եք տալիս, բայց ինչպես տեսնում ենք, ժողովուրդը սիրում է տանը նստի ու լացի, բայց չի սիրում գա ու իր իրավունքներին տեր կանգնի: Հիմա չգիտեմ՝ հավա՞տն է կորցրել, չե՞ն հասկանում, որ գազի հիմնախնդիրն ամենակարևոր խնդիրն է:

Ես չեմ ուզում արժեզրկել մնացած խնդիրները՝ «Դեմ եմ»-ի խնդիրը, իշխանափոխության խնդիրները և այլն, բայց այսօր ժողովրդի կենցաղային հարցերը՝ ապրելը, սնունդը, գնաճը, ամեն ինչ կախված է գազից: Բայց ինչպես տեսնում ենք՝ մեր ժողովուրդը միայն ֆեյսբուքյան էջերում գրել է սիրում, մեկ էլ տանը լացել է սիրում: Եթե գան այստեղ, հավաքվեն, պահանջեն, իրավիճակը կփոխվի: Եթե նախարարը գա ասի՝ ախպեր ջան, էս 10 հոգո՞ւդ գազի գինը ձեռ չի տալիս, ճիշտ կասի նախարարը, շատ ճիշտ կասի, դրա համար նախարարին ասելու եմ՝ հինգ հազար դրամ սարքեք գազը, որպեսզի էս մարդիկ հասկանան, որ ավելի լավ է միանգամից մեռնենք, քան թե դանդաղ:
Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ մարդիկ չեն բողոքում, վախկոտությունն է  պատճառը հիմնականում, մեկ էլ այն, որ եկան այդ սուտ ընդդիմադիր կոչեցյալները, մարդկանց հուսախաբ արեցին, փողոց հանեցին, խաբեցին: Դա երևի հատուկ մշակված ծրագիր էր, մարդիկ էլ երևի չեն հավատում, որ կարելի է իրոք փոփոխություն անել:

-Այս փուլում մեծ ընդվզում կա կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ, այսինքն՝ կոնկրետ ուղղություններով նկատվում  է ակտիվություն: Այդպես չե՞ք գտնում:

-Ես չեմ ուզում «Դեմ եմ»-ին դեմ ինչ-որ բան ասել, բայց, օրինակ, 120 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդուց ամսական կուտակայինով տանում են 5000 դրամ: Իսկ գազի գրասենյակը մեզ թալանել է, հաշվարկներով ու փորձով ապացուցել ենք, ամսական մինիմումը 20 000 դրամ: Որտեղ 5000-ը, որտեղ 20 000-ը:

«Դեմ եմ»-ի ժողովուրդը դա միջին խավի ժողովուրդն է, որն աշխատավարձ է ստանում և մտածում է իր աշխատավարձերի մասին: Ես զարմանում ե, «Դեմ եմ»-ի ժողովուրդը պետք է նման ակցիաներին էլ մասնակցի, 20 000-ն իրենց չի՞ վերաբերում, որ գողացել են իրենցից: Էն 300 մլն դոլարը, որ բերել ու դրել են «Դեմ եմ»-ի, «Կողմ եմ»-ի գլխին և ասել են՝ մենք 300 մլն պարտք ունենք, իրենց չի վերաբերո՞ւմ: Մենք էլ գնացել ենք տուն, կինդ ասում է՝ այ մարդ, գիտես, ես 100 հազար դոլար պարտք էի վերցրել, չես էլ ջոկե, բորշ եմ եփել, կերել ես ամեն օր, էս տունը մեր ձեռից վերցնում են: Ես էլ գլուխս կախում եմ, ասում եմ՝ դե լավ: Նույն պատմությունն է, եկան ու մեզ ասացին՝ գազի դիմաց 300 մլն դոլար պարտք ունենք և դրա դիմաց տվեցին գազի մեր 20 տոկոս բաժնետոմսերը: Մենք էլ խելոք ասեցինք՝ դե լավ, պարտք ենք, էլ չասեցինք՝ էդ ո՞վ է պարտք, որտե՞ղ է կրվել, նարդիո՞վ է կրվել, բլոտո՞վ է կրվել, ո՞նց է կրվել էդ 300 մլն-ը, որ ես պետք է վճարեմ, իմ երեխան պետք է վճարի:

-Նոր կառավարության ու վարչապետի նշանակման հարցն է առջևում, ինչ-որ ակնկալիքներ ունե՞ք, որ հասարակության խնդիրները կլուծվեն:

-Իհարկե, ակնկալիք չունեմ: Ի՞նչ տարբերություն, կառավարություն նշանակողն այսօր Պողոսին նշակեց, վաղը Պողոսին հանեց, Պետրոսին է նշանակելու: Համակարգը նույնն է, իշխող կուսակցությունը նույնն է, ում էլ դնեն, մի չհայ է լինելու, որովհետև եթե հայ լինեն, հայերի մասին կմտածեն: Չհայ եմ ասում ես իրենց:

-Հետևաբար այդ իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անի ժողովուրդը:

-Ժողովրդին մնում է, որ իրենք կանգնեն ու իրենց իրավունքների համար պայքարեն: Եթե ոչ, ուրեմն, ինչպես ես «միլիոնների մարշի» ժամանակ էի ասում, կամ եկեք ասեք, որ դուք չեք ընտրել էս նախագահին, կամ հաջորդ օրը գանցեք ու շնորհավորեք նրան: Եթե չես գալիս քո իրավունքներին տեր կանգնես, ուրեմն քեզ գազի գինը ձեռ է տալիս, մի լացի, մի խոսա ընդհանրապես, գազի անուն մի տուր: Եթե այս կառավարության գործունեությունը քեզ դուր է գալիս, հարևանիդ մի ասա՝ արա, էս ինչ են անում, մեզ կերան, հարևանը չի դա անում, արի կառավարությանն ասա: Եթե չես գալու, ավելի լավ է սուս մնա, տապակվի քո յուղով: Կոպիտ եմ ասում, բայց արդեն համբերությանս բաժակը լցվել է, չասե՞մ բա:

-Պարոն Զաքարյան, այս փուլում ոչ իշխանական չորս ուժերն են ակտիվացել, խոսում են համախմբվելու, իշխանափոխության, երկրում համակարգային փոփոխություններ անելու մասին: Հասարակությունը կարո՞ղ է հույսեր կապել նրանց հետ:

-Հատ-հատ ասե՞մ՝ չորս ուժերը ոնց կոտրեցին ժողովրդի հույսը: Ասե՞մ՝ ով ինչ արեց, շատ երկար կտևի ախր: Էդ չորս ուժերի պատճառով է, որ այսօր ընդվզում չկա: Եթե մարդիկ սպասում են, որ էլի մեկը լուսապսակը գլխին գալու է՝ անունը Րաֆֆի կլինի, Լևոն կլինի, Պողոս կլինի, ու մեզ տանելու է դեպի փրկություն, թող նստեն տունն ու սպասեն դրան: Կգա էդ չակերտավոր Քրիստոսը, իրանց կտանի դեպի անկախություն, ազատություն ու օրենքի երկիր: Դե թող սպասեն, մի 200, 300, 400 տարի հետո կարող է գա: Էդ չորս ուժերի մասին չեմ էլ ուզում խոսեմ ես, ինչի՞ն սպասենք, համբերենք, մարդ չի մնացել, դատարկվել է երկիրը: Էսօր խոսում ենք, ասում ենք՝ գնանք Ասադի համար կռվենք, եկեք մեր համար կռվենք, այ մարդ: Մեր երկիրը տապալել են, վերացրել են, ջնջել են, էս մարդկանց տեղահանել են: Ինձ կասե՞ք, տեղահանելը ո՞նց է լինում, եթե այնպիսի պայմաններ են ստեղծում, որ դու հեռանաս, հիմա թե յաթաղան են դրել վզիդ, թե երեխուդ սոված սպանում են, ի՞նչ տարբերություն, սպանություն չի՞: Դե որպեսզի դու չմեռնես, երեխուդ վերցնում ես, փախնում ես էս երկրից, չեղա՞վ սպիտակ եղեռն: Եղավ եղեռն:

Մարի Ներսեսյան

© Medialab.am