«Լռության օր». Ուսումնական հաստատությունները պետք է ապահով միջավայր լինեն բոլորի համար

18-04-2014
392 դիտում
«Լռության օր». Ուսումնական հաստատությունները պետք է ապահով միջավայր լինեն բոլորի համար

Ապրիլի 18–ին` «Լռության օրը», միլիոնավոր մարդիկ աշխարհում կլռեն։ Կլռենք նաև մենք։ Կլռենք այն բանի համար, որ «ինքնասպանություն է գործել 10–րդ դասարանի աշակերտը», կլռենք նրա համար, որ «դպրոցի 6–րդ դասարանի աշակերտները որոշել էին դասադուլ անել, քանի որ նրանց ծնողները չէին ցանկանում, որ իրենց երեխաները սովորեն այդ դպրոց նոր տեղափոխված աշակերտի հետ», նրա համար, «...քանի որ դպրոցը ուղղակի դեմ էր աուտիզմ ունեցող երեխա դպրոց ընդունելուն», ու որ «7–րդ դասարանի աշակերտը հարվածել է ուսուցչին»։

Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը անցանկալի, ագրեսիվ վարք է դպրոցականների և ուսանողների շրջանում և կրկնվելու հատկություն ունի: Հայաստանում, ցավոք, չկա նսեմացումը հասցեագրող ո՛չ իրավական դաշտ, ո՛չ ռազմավարություն, և ո՛չ էլ ճշգրիտ պատկերացումներ: Ավելին, իրավիճակն առավել խնդրահարույց են դարձնում անհանդուրժողականությունը, իրավագիտակցության ցածր մակարդակը, հասարակությունում փոխհարգանքի բացակայությունը և այլն:

Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից,  ապրիլի երրորդ ուրբաթ օրը նշվում է որպես «Լռության օր»: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում բռնությունների, անհանդուրժողականության, հետապնդումների, խտրականության խնդիրների վրա հասարակության ուշադրության սևեռումն ու դրանք վերացնելու նպատակով արդյունավետ պատասխան քայլերի մշակումն է: Այս տարի տասնյակ երիտասարդներ մասնակցում են առցանց արշավին՝ ուղղված կրթական հաստատություններում արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու վերացմանը: Նրանք պատրաստել և տարածել են համացանցում պաստառներ այն մասին, թե ինչպես և ինչու են կոտրում լռությունը: Ուսումնական հաստատությունները պետք է ապահով միջավայր լինեն բոլորի համար։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը այս արշավին միանում է 2010 թ-ից ի վեր։ Ամեն տարի կազմակերպությունն այս օրը պահում է լռություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն խոսելու իրենց նկատմամբ կիրառված խտրականության դրսևորումների մասին։ Այս տարի ևս ապրիլի 18-ին  կազմակերպությունը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին, ոչ մի միջոցառում չենք կազմակերպի և ոչ մի ուղղակի ծառայություն չենք մատուցի, այդ օրը մենք լուռ կլինենք։

 «Իսկ դուք կարո՞ղ եք լսել լռությունը»։

 «Լռության օրվա» առցանց արշավին կարող եք հետևել այս էջում։

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ