Հ1-ի հերթական ապակողմնորոշ քարոզչական հաղորդումը

12-05-2014
456 դիտում
Հ1-ի հերթական ապակողմնորոշ քարոզչական հաղորդումը

Մայիսի 12-ին Հ1 հեռուստաընկերությունում «Ազատ գոտու» նկարահանումներին էինք` «Կրոնական հանդուրժողականություն» թեմայով: Հաղորդումի մի լավ մոնտաժվելուց հետո եթեր կտրվի մոտ ժամանակներս: Իրականում սա նույն պատվիրված հերթական հաղորդումների շարքից էր, որոնք փորձում են հասարակությանը ապատեղեկատվության միջոցով հերթական անգամ ապակողմնորոշել: Այստեղ հայտնի մոտիվներով նույն երգն էին երգում, որ Առաքելական եկեղեցուց դուրս բոլոր եկեղեցիները «աղանդ» են, որ իրենք չեն պայքարում մարդկանց դեմ, իրենք պայքարում են երևույթների դեմ, որ աղանդները պառակտում են ազգը և առողջական վնաս հասցնում մարդկանց և այլն:

Բնականաբար հիմնական թիրախը բողոքական, ավետարանական հավատքի եկեղեցիներն էին ու Եհովայի վկաները: Զավեշտալին այն էր, որ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ բանախոսը իր խոսքում փաստեց, որ իրենց կողմից կրոնական անհանդուրժողականություն կա Հայաստանում` իրենցից զատ բոլոր կրոնական կազմակերպությունների հանդեպ: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք դա հասարակությանը ներկայացնում են որպես նորմալ երևույթ, իսկ հասարակությունն էլ ընդունում է, որ այո´, դա նորմալ է, երբ մի կրոնական կազակերպությունը ունի գերակայող դիրք և կարող է մյուս քաղաքացիների կյանքը վերածել համապարփակ պայքարի` հանուն իր ազատ դավանանքի:

Ու հանկարծ, մի ցնցող տեսանյութ, չգիտես որտեղից պեղած, ստանդարտ սցենարով, որտեղ ներկայացվում են Լատինական Ամերիկայում մասսայական  ինքնասպանության երկու, թե երեք եզակի դեպքերը, որը հաղորդման համատեքստում շեղում է բանախոսներին ու լսարանին մարդու հիմնարար իրավունքների պաշտպան բանախոսների դեմ, իբրև թե տեսե´ք, նրանք պաշտպանում են ա´յ այս սրանց իրավունքները, ովքեր ձեր տներն են գալիս, ձեր նկատմամբ բռնի քարոզչություն են իրականացնում: Ա´յ, նրանք են, այդ «գրանտակերները», որոնք պաշտպանում են նրանց, ովքեր ձեզ պատրաստվում են տանել զանգվածային ինքնասպանության: 

Աբսու´րդ: Ինչ որ մեկի, անհաջող մշակված, զանգվածային մանիպուլյացիայի արդեն իր ազդեցությունը կորցրած տրյուկ, որը հասկանալն այդքան էլ դժվար չէ, եթե դու փոքրիշատե տիրապետում ես տեղակատվության, սակայն թիրախը հենց այն մարդիկ են, ովքեր տեղակացված չեն: Այն էլ այն դեպքում, երբ տեսաֆիլմի նյութը չգիտես ինչ վաղեմություն ունի, ու Հայաստանում էլ նման զանգվածային պսիխոզի դեպքեր երբեք չի գրանցվել և ոչ մի վերոնշյալ կազմակերպությունների դեպքում: Ինչու՞ են դրանով հասարակությանը պառակտում, դա միայն կարելի է բացատրել ինչ որ ուժերի շահերի կոնտեքստում և այդ շահը հաստատ քաղաքացիների իրավունքները չեն: 

Իսկ ամենաաբսուրդը, որ երիտասարդներից մեկն իրեն իրավունք է վերապահում շեշտելու, որ ինքը խոսում է մեծամասնության անունից, այն դեպքում, որ մինչ այդ հենց ինքն էր խոսում է 200 000-ից ավելի առաքելական հավատքին չհետևողների առկայության մասին, ովքեր փաստորեն, ըստ իրենց մոլորված, անխելք ու տկարամիտ մարդիկ են, ովքեր հայտնվել են ոչ թե Առաքելական եկեղեցում, այլ ուրիշ հավատքներում ու կազմակերպություններում, իսկ ավելի ճոխ. նրանք հենց իրենց կարիքն ունեն, որպեսզի հետ կանգնեն մոլորվածության ճանապարհներից, որ չհասնեն ինքնասպանության կամ հոգեկան խանգարման: 

Լսում էի ու ակամա հիշում հոգեբանական մի գիտափորձ:

Հետազոտվողների տարամակարդակ, տարատարիք ու տարասեռ մի մեծ խմբի հանձնարարվում է ուղղահայաց հատվածի վրա, որի վերին ծայրում ամենախելոքներն են, ստորինում` ամենահիմարները, նշանով ցույց տալ, թե իրենք իրենց որտեղ են տեսնում: Գրեթե 100 տոկոսը, շատ չնչին բացառություններով, նշում է, որ իրենք գտնվում են միջինից բարձր հատվածում` ամենախելոքներին ավելի մոտ: Հոգեբանների եզրակացությունն այն էր, որ սա հստակ ցույց է տալիս յուրաքանչյուրիս, թե հաղորդակցության մեջ մենք ինչպիսի ինքնագնահատականով անձանց հետ ենք առնչվում, և, թե ինչպիսի ինքնագնահատականով ենք հանդես գալիս մենք: Փաստորեն բոլորս գիտենք, որ մենք խելոք ենք, բայց չգիտես ինչու, մենք ավելի հաճախ ենք մտածում, որ դիմացինը խելոք չէ և չի հասկանում, թե ի՞նչ է անում, ու՞ր է գնում, ինչո՞ւ է գնում և ու՞մ է հավատում: Ըստ հոգեբանների` սա միջանձնային կոնֆլիկտների հիմնական պատճառն է: Իսկ մեր իրականության համատեքստում` նաև միջխմբային: 

Այդ հաղորդումը և մինչ այդ նմանատիպ սցենարով բոլոր հաղորդումների հիմնական շեշտը սա է` «ա´յ աղանդավոր հայեր, դուք չեք հասկանում, որ դուք անխելք եք ու չեք կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե ո՞ւր եք գնում և ո՞ւմ եք հավատում, իսկ մենք ձեզանից խելացի ենք, ու ձեզ ասում ենք, որ դուք պետք է հետ կանգնեք ձեր դավանանքից, ձեր հավատից ու անպայման գաք այնտեղ, որտեղ մենք ենք գնում, թեկուզ չենք էլ գնում ու հասկանում, թե ուր ենք գնում և ինչու, բայց քանի որ մեր պապերը հասկացել են, ուրեմն մենք պիտի հետևենք նրանց…(անկեղծ ասած, արդեն հոգնել եմ նման աբստրակցիոնիստական գաղափարների շարադրումից): Մի խոսքով, ֆեյսբուքյան ժարգոնով ասած, ժո´ղ, այս ազգին հոտի տեղ են դրել ու ուզում են որ բոլորս միանման հավատանք, միանման մտածենք, միանման աղոթենք, միանման կռվենք, իրար կոկորդ կրծենք` նրա համար, որ այդ միանմանությունից շեղվել ենք, իրար «աղանդավոր» պիտակավորենք, որ վախենան, դաս առնեն ու հետ գան իրենց եկեղեցի: Իսկ հոտի «հովիվները» կկարողանան շարունակել զբաղվել իրենց կոռուպցիոն գործունեությամբ և շարունակեն հանդես գալ ազգի անունից:

Քա´վ լիցի, սարսափելի է նույնիսկ մտածելը, որ այսօր, բազմակարծության այս համաշխարհային տենդի մեջ, երբ մարդիկ իրար հետ հաշտ ու խաղաղ կարող են ապրել հազարավոր հեկտար տարածությունների վրա, հարգելով մեկ մեկու ընտրությունը, կան դեռևս մարդիկ, ովքեր կարծում են, թե կարող են գտնել հիտլերյան տեխնոլոգիա միակարծության ազգային բրենդ ստեղծելու: Դա համարում եմ «ամենահանճարեղ» գաղափարը, որն այսօր ի զորու է միայն արյուն հեղել, ինչպես Երկրոդ համաշխարհային պատերազմն էր, ինչպես այսօր շատ երկրների նացիոնալիստներին են օգտագործում իրենց իսկ ազգի ոչնչացման համար:

Բայց ասեմ, որ իրապես կա նման մեխանիզմ նացիոնալիստական միակարծության գաղափարը ազգայնացնելու համար, բայց դա կարելի է ստանալ միայն իրենց իսկ ասած զոմբիացման մեխանիզմներով, միայն այն դեպքում, երբ վերացնես ազգի գիտակից զանգվածը, ու թողնես կոնֆորմիստական զանգվածը: Բայց արդյո՞ք մենք դրա կողմնակիցն ենք, արդյո՞ք այսօր հնարավոր է բոլորին համոզել, որ իրենք սխալ են մտածում ու հավատում, և պետք է մտածեն ու հավատան մի ձևով ու մի եկեղեցու: Հայերի դեպքում, որտեղ բոլորն իշխան են ու բոլորը խելոք, նման մեխանիզմը հաստատ դատապարտված է «ֆիասկոյի»:

Դրա ամենապաթոլոգիկ վիճակը ստրկամտությունն է, ստրուկ` ուրիշի գաղափարների, որովհետև չունես քո սեփական դատողությունն օգտագործելու կամք և ցանկություն, ստրուկ ուրիշի կարծիքին, որովհետև չունես սեփական գիտելիքներն ու նպատակները, ստրուկ ուրիշի ձեռքում` նրա կամքը կատարելու և նրա ձեռքում գործիք դառնալու, որովհետև չունես սովորելու, հասկանալու և գիտակցաբար հարցերը քննելու ցանկություն, որովհետև քեզ համոզել են, և ամենամեծ ցավը, որ դո´ւ համոզվել ես, որ քո պապերն ավելի խելոք էին քան դու: Կապ չունի, թե նման պաթոլոգիան որտեղ է հայտնվում` «աղանդում», թե Առաքելական եկեղեցում: Բայց սա չի նշանակում, որ այդպիսին են մարդուն դարձնում անկախ նրա ցանկությունից: Եթե մարդը համաձայնել է դրան, դա արդեն իսկ նրա իրավունքն է, իսկ եթե նա չի համաձայնում, դա ևս իրավունքի դրսևորում է: Դրա համար մարդկանց լավի ու վատի որոկումներ տալով ամենքն էլ խախտում են ուրիշների իրավունքը: 

Մտածելը դեռ ոչի´նչ, ասելը դեռ ոչի´նչ, բայց երբ դրա համար մարդկանց ազատում են աշխատանքից, ստիպում, որ հեռանան երկրից, ստիպում, որ լռեն իրենց համզմունքների մասին, որովհետև իրենք իրենց համարում են ավելի լավը ու ճիշտը, սա արդեն հաստատ լավ բանի չի հանգեցնի, եթե շարունակի իր հաղթարշավը:

Իսկ եթե դու այդպիսին չես, և գնում ես այլ կրոնական կազմակերություն, որտեղ քեզ հաճելի միջավայր է, որտեղ դու քեզ զգում ես լիիրավ մարդ, կարողանում ես դրսևորել քո տաղանդներն ու հնարավորությունները, ստեղծագործել ու ներդրվել, որտեղ քեզ հասկանում են, քո նեղությանն ու ուրախությանը ապրումակցում, ուրեմն դու այս երկրում դատապարտված ես «աղանդավորի» որակման:

Կամ, եթե դու այդպիսին չես, այլախոհ ես ու չես մտածում «բոլորի» նման, ուրեմն դու այս երկրում դատապարտված ես ևս «աղանդավորի» որակման, անկախ նրանից, քո կրոնական համոզումներն են այլախոհական, թե սեփական փորձն ու գիտելիքներն են քեզ դարձրել այդպիսին: 

Նորից անդրադառնամ հաղորդման ֆորմատին: Ամենացավալի այն է, որ այսօր շոուներ ստեղծելու համար թեմա է ընտրվում մարդկանց հավատի հարցը: Հավատն ինձ համար մարդու հոգու ամենանուրբ ու անհասանելի խորություններից բխող երևույթ է: Երբևիցե ուշադրություն դարձրե՞լ եք աղոթող մարդկանց` մուսուլմանի, բուդդիստի, քրիստոնյայի, հրեայի, չինացու, կորեացու և այլն: Նրանք բոլորն էլ հոգու թռիչք են վերապրում դեպի տիեզերական անսահմանություն, նրանք բոլորն էլ փորձում են գտնել մի տեղ, որտեղ հասկացված են, սիրված, ընդունված, ապահով` անկախ իրենց տեսակից ու առանձնահատկություններից: Նրանք բոլորն էլ խնդրում են սեր, խաղաղություն, ապահովույթուն իրենց և իրենց զավակների համար: Այս ամենն ինձ թույլ չտվեցին նույնիսկ, որ ես արտահատեմ հաղորդման ժամանակ, որովհետև կար հստակ սեռային խտրականություն. Քանի որ միակ կինն էի հինգ տղամարդ բանախոսներից, ստիպված էի ձայնի իրավունքը վաստակել բացառապես «բղավելով»: Համենայն դեպս ինձ այդպես էր թվում, որ ես ձայնս բարձրացնում եմ, որպեսզի ստիպեմ այդ մարդկանց գոնե մի պահ սթափվեն իրենց «դավանաբանական» ու «պատմագիտական» վեճից ու հասկանան, որ այս հարցն ավելի նուրբ է, ու իրենց իրավունք չվերապահեն իրարանցում ստեղծելու մարդու խղճի ոլորտում: Բայց ավա´ղ: Հաղորդավարի ու ընդդիմախոսների կողմնորոշումը հստակ էր, չկար կնոջ նկատմամբ հարգալից վերաբերմունք ու, պահանջը լռելու ու լսելու, դրա վառ ապացույցն էր: Իսկ սա նշանակում էր, որ իբրև թե չեմ հասկանում, թե իրենք ինչ են ասելու ու ամենակարևորը, ասելիք էլ չունեի, բայց երևի եկել էի իմ փիառի ու դահլիճի դեկորացիայի համա՞ր, որ ապահովեի՞ «պարապ ականջ»: Հավատացեք, դրա ոչ ժամանակը, ոչ էլ տրամադրվածությունը չունեի, այն էլ կիրակի օրով, հատկապես, որ արդեն 15 տարի է լսում եմ նույն «Հին օրերի երգը» ու անգիր գիտեմ, թե ամեն մեկն ինչ է ասելու: 

Բայց սա զուտ անձնական: Իսկ ցնցողներից մեկն էլ հաղորդման ժամանակ հնչած մի հետաքրքիր արտահայտությունն էր, որ քրիստոնյան նա է, ով ընդունում է ոչ միայն Նիկեո հանգանակը, այլ էլի ինչ որ մի քանի հանգանակներ, այսինքն, այն հանգանակները, որոնք ընդունել է Հայ Առաքելական եկեղեցին մինչև 451 թվականը, իսկ դրանից հետո Հայ եկեղեցում կյանքն ու միտքը կանգ է առել: Գոնե Հռոմի Պապից մի քիչ օրինակ վերցնեն:

Այսի՞նքն: Եթե մեկը այդ հանգանակները չգիտի, բայց հավատում է Աստծուն ու Քրիստոսին, ապա նա քրիստոնյա չէ՞: 

Նորից ՖԲ ժարգոնին դիմեմ. Ժո´ղ, դուք այդ հանգանակներից քանիսի՞ց գաղափար ունեք, որ այսօր համարում եք ձեզ Առաքելական եկեղեցու հետևորդներ, քրիստոնյաներ: Հա~, երևի պապերին եք վստահում: Նրանք երևի ավելի կրթված էին քան դուք: Մի կողմ դնենք, որ նախնիներն էլ տարբեր են եղել, դրանց թվում են եղել նաև կղերականներից հալածված Փարպեցին, Նարեկացին, Աբովյանը և մյուսները: Լա´վ, դա էլ է պատասխան: Ընդունում եմ, բայց ու՞ր մնաց այստեղ քրիստոնեությունը: Փաստորեն, դուք հավատում եք ոչ թե Աստծուն, այլ Առաքելական եկեղեցուն: Ապա ո՞ւր մնաց այդ հանգանակների իմացությունը: Դե շու´տ, բոլորս գնում ենք սովորելու, հավատաքննություն է լինելու, և գառներն այծերից պետք է զատվեն: Հատկապես, որ նման հավատաքննություն եղավ իմ նկատմամաբ, հենց եթերում:

Ես անձամբ դրան համաձայն չեմ: Համոզված եմ, որ դուք էլ չեք հասկանում, թե ինչո՞ւ պետք է Աստծուն հավատալու համար իմանաք եկեղեցական հանգանակները: Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե դա ինչքան կարևոր է /սա ընդունեք մի քիչ իռոնիայով/ իր զավակի ապաքինման համար Աստծուն աղոթող մոր համար, մահամերձ կնոջ ապաքինման համար աղոթող ամուսնու համար, ծնողի ապահովության համար աղոթող զավակի համար, երեխաներին հացի ու ջերմության խնդիր լուծող ծնողների համար և երկրին խաղաղություն խնդրող երիտասարդի համար, ով ուզում է սիրել, ապրել ու երջանիկ լինել իր երկրում, աշխատել ու ստեղծագործել, այլ ոչ թե ահաբեկված անընդհատ սպասել պատերազմի կամ, նսեմացած լինելու տհաճ ապրումից, թաքցնել իր իրական հավատն ու զգացումները:
 
Դուք չեք կարծո՞ւմ, որ մարդկանց հենց այդ հանգանակների պատճառով են որակումներ տալիս, որ դրանով են այսօր հող ստեղծում միմյանց նկատմամբ անվստահության, օտարման սեփական երկրում ու դրանով իսկ ավելի նպաստում, որ մարդիկ փնտրեն համայնքներ, որտեղ իրենց կընդունեն հենց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց խնդիրներով ու չլինեն դատապարտված ու որակավորված: Որտեղ նրանք կարող են իրենց հույզերն արտահատել, կամ թեկուզ իրենց տեսակի մեջ դրսևորվել այնպես ինչպես իրենք համաձայն են: Հավատացե´ք, որ նրանք, ովքեր դրա կարիքն ունեն, նրանք գտնում են իրենց «հավքը»: Իսկ նրանք ովքեր դրա կարիքը չունեն, նրանք էլ գտնում են իրենց հարմարավետության միջավայրը, որը չի պարտադրում, որը անվտանգ է իրենց իսկ համար ու չկա չհասկացման վտանգ: 

Այսքանը նրա համար, որ հաղորդումներ պատրաստողները գիտակցեն, որ նրանք մտնում են այն Սրբության Սրբոցը, որտեղ մարդը իր կամքով թույլ է տալիս մտնելու միայն նրանց, ում վստահում է: Իսկ ով բռնի կերպով է ուզում այդտեղ ներխուժել, նա խախտում է մարդու խղճի իրավունքը, դրանով իսկ սեպ խրելով մարդկանց միջև, անվստահության սեպ, որը երբեք անսպի, իսկ երբեմն անպատասխան չի մնում:  

Իսկ երկիրը ահագնացող արագությամբ գնում է դեպի կարծանման, որի մասին «առաքելականները» հեռուստատեսային քննարկումներ չեն կազմակերպում: Դա, իհարկե, հայապահպանության հետ ոչ մի առընչություն չունի:
 
Արմինե Դավթյան, մանկավարժ