«Զենք կիրառողը համոզմունք ունի, որ չի պատժվելու». Վերնիսաժի դեպքի նախադեպերն ու անպաժելությունը

20-05-2014
418 դիտում
«Զենք կիրառողը համոզմունք ունի, որ չի պատժվելու». Վերնիսաժի դեպքի նախադեպերն ու անպաժելությունը

Հայաստանում իշխանության ներկայացուցչի կամ նրա  մերձավորի հետ հարաբերվելը վտանգավոր է մարդու անվտանգության ու կյանքի համար, առավել եւս երբ իշխանության կրողը նաեւ օլիգարխ է: Անդրադառնալով Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպին, «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ եւ կան 5 վիրավորներ:Ավելի ուշ պարզ դարձավ, որ կրակոցի մասնակիցը ԱԺ ԲՀԿ-ական մականունավոր պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսան է եղել՝ Գոռ Առաքելյանը, իսկ վիրավորները՝ որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց , պատահական անցորդներ: Վերնիսաժում վիճաբանության հետեւանքով պատգամավորի փեսան յոթից-ութ կրակոց է արձակել:

Այս դեպքն, ըստ իրավապաշտպանի, իր էությամբ, միակը չէ, նմանօրինակ դեպք էր նաեւ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպը, երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների ծեծից տեղում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ծանր վնասվածքենր ստացան Ավետյանի ընկերները:

Նմանօրինակ դեպքր էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  տան մոտ տեղի ողբերգական միջադեպը, երբ նրա որդու եւ թիկնապահի կրակոցներից զոհվեց գնդապետ Ավետիք Բուդաղյանը, սակայն փաստացի որեւէ մեկը պատիժ չկրեց տեղի ունեցածի համար, իսկ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը մարզպետի պաշտոնից ոչ միայն կապվեց աղմկահարույց դեպքի, այլեւ դրան նախորդող նախագահի ընտրություններում Սյունիքում Սերժ Սարգսյանի հավաքած ընտրողների փոքրաթիվ ձայներով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թե Վերնիսաժի մոտ տեղի ունեցած դեպքը, թե վերը թվարկվածները պայմանավորում է երկրում տիրող ընդհանուր անպատժելիության մթնոլորտով:

«Այդ անպատժելիությունը հետեւանք է նրա, որ մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքը չի գործում, չի գործում օրենքի առջեւ բոլորի  հավասարության սկզբունը, այլ գործում է ընտրողական արդարադատութունը, երբ օրենք իր ողջ խստությամբ կիրառվում է ոչ յուրայինների եւ սովորական քաղաքացիների նկատմամբ եւ բացարձակապես  չի կիրառվում յուրայինների նկատմամբ, որոնք ունեն հատուկ կարգավիճակ պետության մեջ »,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանն ասում է , որ անպատժելիության մթնոլորտի հետեւանքով օրը ցերեկով հանրային վայրում զենք կիրառողը ներքին համոզում ունի, որ զենքը կարող է ազատ օգտագործել ըստ հայեցողության եւ չենթարկվել պատասխանատվության:

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ կարծիք է հայտնում, որ այսօր , փաստորեն, Հայաստանում ամեն ինչ՝ քաղաքացու անվտանգությունից մինչեւ տնտեսական զարգացում,  կախված է միջանձնային հարաբերություններից:

«Սա շարունակությունն է նույն տրամաբանության, որ Հայաստանում ճոխության հարկը վերացրին, որ օրլիգարխներից հարկերն սկսում են վերցնել ոչ թե օրենքներով, այլ խրատներով,  այսինքն, ստացվում է, որ քաղաքացու թե անվտանգությունը, թե երկրի տնտեսական բարգավաճումը  կախված են միջանձնային հարաբերություններից եւ պետության հետ կապ չունեն» ,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Հավելեն, որ  փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Հանցագործություն կատարած Գոռ Ավետիսյանը մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանություն: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Գոռ Ավետիսյանը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Նա ձերբակալված է:

Չնայած նրան, որ հանցագործություն կատարած անձն այս պահին ձերբակալված է, ոստիկանության գործողությունները Սաքունցը համարում է ոչ համարժեք՝ շեշտելով, որ ոստիկանությունը հերթական անգամ ուշ գործեց, ինչպես «Հարսնաքարի» կամ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ էր մոտ երկու ժամ ուշ տեղ հասել:

«Ոստիկանությունը միշտ ուշանում է, սա արդեն օրինաչափություն  է: Պատճառն այն է, որ ոստիկանությունն իրականում ոչ թե ծառայում է օրենքին եւ ժողովրդին, այլ քրեածին օլիգարխիային եւ հրաման տվողին»,- նշում է Արթուր Սաքունցը:

Հայաստանում իշխանության հաստատած դե ֆակտո հակասահմանադրական կարգի դեմ պայքարելու եւ երկրում Սահմանադրական կարգը վերականգնելու միակ միջոցն, ըստ իրավապաշտպանի, ժողովրդի ընդվզումը կարող է լինել:

Օլիգարխիկ իշխանությունից երկիրն ազատելը նաեւ վերլուծաբան Աղասի Ենոքյանն է օրախնդիր համարում:

«Հայաստանում անվտանգ  ու զարգացող երկիր ստեղծելու համար պետք է ժամ առաջ ազատվել օլիգարխիկ համակարգից»,-«Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am