«Դ!եմ եմ»-ը կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ նոր օրինագիծ է մշակում

10-06-2014
353 դիտում
«Դ!եմ եմ»-ը կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ նոր օրինագիծ է մշակում

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակում և շարունակում պայքարը «պարտադիր» բաղադրիչի դեմ:

«Մենք դիմելու ենք ԱԺ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերին, որպեսզի օրակարգ մտցվի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ, որը 180 աստիճանով տարբերվելու է այս պահին առկա օրենքից: Կուտակային համակարգը պե՛տք է լինի կամավոր սկզբունքի հիման վրա», - հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Վերջինս և «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության այլ անդամներ Սրբուհի Ղազարյանը և Արմեն Աբրոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադարձան «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի շուրջ ծավալվող իրադարձություններին, աշխատակիցների դիմում ներկայացնելու գործընթացին, ճնշումներին ու նախաձեռնության հետագա քայլերին:

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից նամակներ են գրում, որ կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ գրողներին համալսարանի հաշվապահությունում ասում են, որ ռեկտորը հորդորել է միանգամից նաև ազատման դիմում գրել: Նույն պատկերն է նաև Հերացու անվան բժշկական համալսարանում, Գրանդ Տոբակոյում, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում», - նշեց Սրբուհի Ղազարյանը` ողջունելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարության վարքագիծը, ուր  աշխատակիցներին ներկայացրել են դիմում տալու ընթացակարգը:

Բանախոսն առանձնացրեց մի շարք դպրոցներ, մասնավորապես Երևանի համար 65, 97, 69, 66, 38, 172, 173, 31, 114 դպրոցները, որոնց աշխատակիցների հանդեպ կիրառվել են ճնշումներ:

«Բացի կոպիտ ճնշումներից կան նաև դեպքեր, երբ մարդկանց փորձում են մոլորեցնել՝ ասելով, թե մեկ է պարտադիր կուտակայինից ազատվելու են միայն երկու ամսով և հետո ստիպված են լինելու նորից վճարել», - ընդգծեց Արմեն Աբրոյան:

Նախաձեռնության անդամների կարծիքով՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին միջանկյալ օրենքը հնարավորություն է տալիս շարունակել ճնշումներն ամենաբարձր մակարդակով:

Սրբուհի Ղազարյանը հայտարարեց, որ չմասնակցելու համար դիմումների ներկայացման դրույթը հակասում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածին, որտեղ ամրագրված են քաղաքացիաիրավական հարաբերությունների սկզբունքներն, ըստ որոնց` քաղաքացին պետք է ներգրավվի գործողությունների մեջ իր կամքի արտահայտմամբ, այլ ոչ թե հրաժարվելով:

Բանախոսը հորդորեց դիմել դատարաններ նախկինում գանձված կուտակային կենսաթոշակային պահումը հետ ստանալու համար՝ հետևելով իր օրինակին. նրա հայցն արդեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը գործատուների կողմից ճնշումների ենթարկվող աշխատակիցներին սատարելու համար կոչ է անում մասնակցել հերթական բողոքի ակցիային, որը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային:

«Մեդիա կենտրոն»