Աֆրիկյանների շենքի պահպանման պայքար. ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ

17-06-2014
310 դիտում
Աֆրիկյանների շենքի պահպանման պայքար. ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները մտադիր են երկրորդ անգամ պահանջ-նամակով դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Պատմական հուշարձան ճանաչված շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիները վստահեցնում են, որ անկախ հնարավոր քրեական պատասխանատվությունից՝ շարունակելու են պայքարել մինչև հաղթական ավարտը:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Սիփան Փաշինյանը, Վահագն Գևորգյանն ու Սոնա Ասատրյանը, ինչպես նաև  ճարտարապետ Արսեն Կարապետյանն և իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը ներկայացրեցին Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարող նախաձեռնության անդամներից 10-ի դեմ ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ իրենց տեսակետները, ինչպես նաև անդրադարձան Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման խնդրին:

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այն կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Աֆրիկյանների շենքը պետք է ապամոնտաժվի՝ մեկ այլ վայրում վերակառուցվելու նպատակով: Շենքը ներառված է «Հին Երևան» նախագծում, որը պետք է իրականացվի Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում:

«Շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների տան դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը, ճանապարհը պետք է լայնացվի և այլն, բայց սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար», - վստահեցնում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Շենքի ապամոնտաժման դեմ պայքարող Վահագն Գևորգյանը կարծում է, որ Աֆրիկյանների տունն արժանանալու է մյուս քանդված ու չվերականգնված պատմական շենքերի ճակատագրին. «Փակ շուկայի օրինակով մենք տեսել ենք, թե ինչ է լինում պատմական շենքերի հետ: Աֆրիկյանների շենքի առջևից պատնեշների հեռացումը բողոքի ձև էր շենքի ապամոնտաժման դեմ»:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ի երեկոյան մի քանի տասնյակ երիտասարդներ ապամոնտաժեցին Աֆրիկյանների ակումբի առջևի հատվածը պատնեշող մետաղյա թիթեղները: Ակցիայի ավարտին հրմշտոց եղավ ոստիկանության և ակտիվիստների միջև: Ցուցարարներից Վահագն Գևորգյանը բերման ենթարկվեց դեպքի վայրից, ևս ինը բռնի ուժով ոստիկանության բաժանմունք տեղափոխվեցին բաժանմունքի առջևից:

«Եթե քաղաքացիները նման քայլի են գնում, ապա սա պետք է ազդակ լինի, և իշխանությունները պետք է վերանայեն Աֆրիկյանների շենքի հետ կապված որոշումը», - հայտարարեց իրավաբան,  «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը, փաստելով, որ քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, և ոստիկանության գործողություններն ակտիվիստների նկատմամբ ոչ իրավաչափ են եղել:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սիփան Փաշինյանը ևս բերման էր ենթարկվել հունիսի 9-ին, սակայն նա նշեց, որ ինքն անգամ ներկա չի եղել շենքի դիմացից թիթեղյա պատնեշների ապամոնտաժմանը:

Անդրադառնալով խնդրի իրավական կողմին` Արտակ Զեյնալյանը պարզաբանեց. «Վարչական դատարաններում քննվում են ավելի քան 150 հայցեր ընդդեմ ակտիվիստների, և ոստիկանությունն այժմ դիմում է քրեական պատժամիջոցների ճանապարհին»:

Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է շենքը պահպանել իր տեղում կամ ներառել այն նոր կառուցվող շենքում: Նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանը կոչ արեց միանալ իրենց պայքարին ու ներկա գտնվել Աֆրիկյանների տան շենքի ետնամասում ամեն երեկո՝ 18:00-ից հետո անցկացվող միջոցառումներին:

«Մեդիա կենտրոն»