«Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին հունիսի 23-ին գալ և մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային»

20-06-2014
344 դիտում
«Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին հունիսի 23-ին գալ և մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային»

ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունը պնդում է, որ գործող սակագինը չպետք է բարձրացվի՝ պահանջելով հանձնաժողովից հստակեցնել գնագոյացման քաղաքականությունը:

«Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին երկուշաբթի՝ հունիսի 23-ին, ժամը 12:30-ին, գալ և մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումներին անդրադարձավ «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն, փորձագետ Արամ Գրիգորյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև ծրագրավորող Գևորգ Սանոյանն ու ինժեներ Հայկ Ավետիսյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 3-ին սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց: Հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Նախատեսվում է բարձրացնել 3,8-4,3 դրամ/կՎտժ-ով բոլոր սպառողական խմբերի համար:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներից մեկն այն է, որ բաշխիչ ցանցերը կուտակել են մոտ 20 մլրդ դրամի պարտք: Բայց ցանցերը պարտք կուտակելու ո´չ իրավունք ունեն և ո´չ էլ հնարավորություն, քանի որ գործող սակագնում նախատեսված է հսկայական շահույթ: Պարտքը կարող է առաջանալ ոչ նպատակային ծախսերի դեպքում», - ասաց փորձագետ Արամ Գրիգորյանը:

Անհիմն համարելով հանձնաժողովի երկրորդ հիմնավորումն առ այն, որ Երևանի ջերմոէլէկտրակայանը 4 տարին մեկ պետք է վերանորոգում կատարի` Արամ Գրիգորյանը փաստեց. «Երևանի ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան չի հասնում վերջնական սպառողին, քանի որ Երևանի ՋԷԿ-ն, ըստ պայմանագրի, Պարսկաստանից գազ է տեղափոխում Հայաստան, որը վերածվում է էլեկտրաէներգայի ու հետ վերադառնում Պարսկաստան: Հետևաբար, ՋԷԿ-ում կատարվող վերանորոգումների համար չպետք է վճարի հասարակ սպառողը»:

Ըստ բանախոսի` տարվա սակավաջուր լինելն էլ էական նշանակություն չի կարող ունենալ էլեկտրաէներգիայի թանկացման համար, քանի որ ամեն տարի Սևանից հավելյալ ջուր է բաց թողնվում:

«Էլեկտրաէներգիայի ու գազի սակագները 18-27 տոկոսով բարձրացան անցյալ տարի, իսկ սակագնային քաղաքականության մեջ այսպիսի շեշտակի բարձրացումներն անթույլատրելի են», - ասաց Արամ Գրիգորյանը` նշելով, որ հանձնաժողովը չունի հստակ սակագնային քաղաքականություն:

«Մեր նախաձեռնության պահանջներն են չթանկացնել էլեկտրաէներգիան և ունենալ սակագնային քաղաքականության հստակ տեսլական», - հայտարարեց ծրագրավորող Գևորգ Սանոյանը՝ շեշտելով, որ իրենց նախաձեռնությունն ապաքաղաքական է և ստեղծվել է Մաշտոցի պուրակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկման ժամանակ:

«Մեդիա կենտրոն»